ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՔԻԱԹՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը, որին մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Միանգամից նկատենք՝ այնտեղ հնչած խոսքերը «կենացային» մակարդակի ելույթներից այն կողմ չեն անցել` համեմված հայ-ռուսական դարավոր բարեկամության, տնտեսական «հզորագույն» կապերի մասին հիշատակումներով: Կարապետյանը նշել է, որ 2017 թվականին նախանշված ծրագրերը բարեհաջող իրականացվել են: Եւ այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով: Խոսելով տնտեսական ցուցանիշներից` վարչապետը նշել է, որ տնտեսական ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը` 26, 9 տոկոսով, արտահանումը` 25,2, ներմուծումը` 27,8 տոկոսով:
Միանգամից ասենք, որ երեկ Կարեն Կարապետյանի բախտը բերեց. թվերը համընկնում էին ազգային վիճակագրական ծառայության տվյալների հետ, նաեւ ռուսական կողմը դիտողություն չարեց: Մինչդեռ, ինչպես հիշում եք, երբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հոկտեմբերին ժամանեց Երեւան, ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ Կարապետյանն ասաց, թե ՀՀ եւ ՌԴ միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 23,5 տոկոսով: Ու ՌԴ վարչապետը միանգամից ուղղել էր գործընկերոջը` ասելով, թե իր տվյալներն ավելի լավն են. ապրանքաշրջանառությունն աճել է ոչ թե 23,5, այլ 30 տոկոսով:
Ահա այսպիսի շիլաշփոթ մեր տնտեսական թվերի աշխարհում: Վարչապետն ամեն ելույթի ժամանակ մի թիվ է ասում` այդպիսով երեւի նպատակ ունենալով շփոթմունքի մեջ գցել հասարակությանը: Իսկ մարդկանց այն հատվածը, որ այնքան էլ գլուխ չի հանում տնտեսական ցուցանիշներից, գուցե հավատա ու ոգեւորվի վարչապետի` բարձր տրամադրությամբ արտաբերած թվերից:
Այս անգամ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստին ուշագրավ է այն, որ Կարեն Կարապետյանն ասել է` Հայաստանը, լինելով ոչ մեծ շուկա, կարող է գործընկերներին, ներդրողներին ներգրավել նրանով, որ ԵԱՏՄ անդամ է, ունի արտոնյալ մուտքեր դեպի 180 միլիոնանոց շուկա: Պարո՛ն վարչապետ, այդ ե՞րբ է Հայաստանը կարողացել օգտվել ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկայից: Դա իրականում ոչ թե ԵԱՏՄ, այլ ռուսաստանյան շուկան է, որից ավելի շատ ոչ թե մենք, այլ Ռուսաստանն է օգտվում: Ու, ընդհանրապես, 180 միլիոնանոց շուկան գրավելու մասին խոսքերն այլեւս որեւէ մեկին հավատ չեն ներշնչում: Դեռ ավելին` հայտնի փաստ է, որ Եվրասիական տնտեսական միության շուկան այդպես էլ մնաց չգրավված Հայաստանի կողմից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման մոտ մեկ ու կես տարիների ընթացքում ձգտում է, իհարկե, ներդրումներ ներգրավել: Բայց միթե Կարապետյանը չի գիտակցում, որ ներդրումներ կարող են լինել երկրում միայն այն դեպքում, երբ մեր Հայաստանն իսկապես գրավիչ կլինի բիզնես առումով: Իսկ առայժմ մենաշնորհով պատված տնտեսական դաշտում` փոքր շուկայի առկայության պայմաններում, հնարավոր չէ գործարարին համոզել, որ ներդրում անի, բիզնես հիմնի: Եվ այս պայմաններում հնարավոր չէ ունենալ այն տնտեսական ցուցանիշները, որ վարչապետը երազում է: Եվ այժմ Կարապետյանին մնում է միայն հեքիաթներ պատմել հասարակությանն այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնավարում է:
Հ. Գ. Հատկանշական է, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու մասին փաստաթուղթն էլ դեռեւս չի ստորագրվել: Թեեւ այս մասին վաղուց է խոսվում: Սա, իհարկե, դրական ազդեցություն կունենա ԵԱՏՄ վրա, սակայն մյուս կողմից շատ հավանական է, որ փաստաթղթից մեծամասամբ շահի Ռուսաստանը, իսկ մեր երկիրը, ըստ էության, առանձնապես տարբերություն չի զգա:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԻՐ ԿԱԴՐԻՆ ԱԶԱՏԵՑ
Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի նոյեմբերին եւ համարվում էր Կարեն Կարապետյանի մերձավոր կադրերից: Բանն այն է, որ Դեմիրխանյանը եղել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենի տեղակալ: Այս ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» խմբի անդամ, որի հետ անմիջական կապ ունեն հենց նախարար Վահան Մարտիրոսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Մասնավորապես Մարտիրոսյանը մինչեւ կառավարության անդամ դառնալը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ է եղել: Եվ հիմա հետաքրքիրն այն է, որ ապրիլին ընդառաջ` վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ազատում է համակարգից, երեւի որպեսզի նոր վարչապետը չանի այդ քայլը:

 

 

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
2018 թվականի փետրվարի 17-ին Սյունիքում դաժան ծեծի արդյունքում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության` դեպքի առթիվ ձերբակալվել էին 3 անձ, այդ թվում` մահացածի եղբոր որդին, որի անունն իրավապահները չեն հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ազգականների վիճաբանության վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես վիճաբանության պատճառը եղել է այն, որ Վ. Մանուչարյանը հեռախոսով անձնական բնույթի նամակներ է գրել: Սա հայտնի է դարձել նրա ընտանիքի անդամներին, եւ 23-ամյա եղբորորդին որոշել է հարցերը պարզելու համար հանդիպել նրան, վիճաբանել, եւ արդյունքում ստացած վնասվածքներից Մանուչարյանը մահացել է:

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԸ
Կառավարությունը մոտ օրերս կվավերացնի ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ անցած տարվա նոյեմբերի 20-ին ստորագրված «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացվող վարկի գումարը կազմում է 2 մլն դոլար, որի մայր գումարի վճարումը սկսվելու է 2032 թվականի մայիսի 15-ից մինչեւ 2042 թվականի նոյեմբերի 15-ը: Սա դեռ լրացուցիչ ֆինանսավորումն է: Հիշեցնենք, որ միայն 2011 թվականին նույն նպատակի համար ՎԶԵԲ-ից ՀՀ-ն 18 մլն դոլարի չափով վարկ էր վերցրել: Նկատենք, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը ոռոգման համակարգի արդիականացման, ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար հսկայական վարկեր է վերցրել: Փաստացի, Հայաստանն արդեն իսկ ստացել է 50 մլն եվրո եւ 48 միլիոն դոլար` ոռոգման ցանցը բարելավելու համար, նախատեսվում են եւս հսկայական միջոցներ:

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ
Փետրվարի 23-ին Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի շուրջ: Հիշեցնենք, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ անցած ամիս` մարտի 1-ի իրադարձությունների տասներորդ տարելիցին ընդառաջ: Այն իրավապահների առջեւ պահանջ է դնում սեղմ ժամկետներում բացահայտել եւ խստագույն պատասխանատվության կանչել 2008-ի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառողներին, ինչպես նաեւ վերանայել այս գործով դատապարտված ընդդիմադիրների մեղադրական վճիռները:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, որ առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքը հանդիպում կանցկացնի, որի ժամանակ միասնական որոշում կկայացվի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի` ԱԺ-ում քվեարկության վերաբերյալ: Արմեն Սարգսյանի եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների ու Գագիկ Ծառուկյանի հանդիպումներից հետո դաշինքը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւս մեկ հանդիպում կկազմակերպի, որին մասնակցելու են խմբակցության պատգամավորները եւ քաղխորհրդի անդամները: Ըստ նրա` հանդիպումը նախատեսված է անցկացնել առաջիկա օրերին:

 

 

ՊԱՐԳԵՎ ԿՃՈՅԱՆԻՆ
Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի` Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամներին: Հանրապետության նախագահը ողջունել է խորհրդի անդամներին իր նստավայրում եւ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի որոշումների կարեւոր նշանակությունը ոչ միայն եկեղեցական եւ հոգեւոր, այլեւ հասարակական կյանքում: Ս. Սարգսյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

 

 

30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Փետրվարի 28-ին Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ կազմակերպվելու է «Լեռնային Ղարաբաղը եւ Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով միջոցառում: Այն հյուրընկալում է ԵԽ պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը:




Լրահոս