ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ՔԿ վարչությունում կադրային ջարդին, ասաց. «Ովքեր թերի են աշխատելու, փոխվելու են, դա չի կարելի անվանել կադրային ջարդ»:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Ես դատապարտում եմ ցանկացած ոչ բարեկիրթ, մեր մշակույթին անհարիր գործողություն: Նման գործողություն, ցավոք սրտի, այս պարագայում եղել է երկու կողմից»:
«Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին` եթե ՀՀ արդարադատության նախարարությունը ժամանակին արձագանքեր Նուբարաշենի կոյուղաջրերի շուրջ առաջացած խնդրին, ապա իր կուսակիցները մարդ չէին ծեծի, արդյո՞ք կատարվածում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` որպես ոլորտի պատասխանատու, իր մեղքի բաժինը չի տեսնում, նախարարը կոչ արեց «չպրիմիտիվացնել» հարցը:
«Եթե այդ ձեւով մոտենանք ցանկացած հարցի, նշանակում է, որ, ենթադրենք, անձինք, ովքեր կատարում են անպարկեշտ արարքներ, ովքեր կարող են թույլ տալ կեղտաջրերով ներկայանալ ավագանու նիստին եւ այլն, մենք ինչ-որ քայլ կատարելով` փոխելու էինք իրենց մտածելակերպը: Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին, անհարիր էր մեր մշակույթին: Ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին»,- հայտարարեց նա:
Ավելին` խոսելով խնդրի շուրջ կատարվող աշխատանքներին` ըստ նախարարի` այստեղ լուծումը շատ պարզ չէ, այն լուծումը, որ հիմա տրվում է, ժամանակավոր է. «Բնակիչների խնդիրը կլուծվի, բայց դա չի նշանակում, որ խնդիրն ընդհանրապես կլուծվի»:
Այլ կերպ ասած` ավագանու նիստում տեղի ունեցած ամոթալի միջադեպից հետո ՀՀԿ-ականները որոշել են ցույց տալ, թե լուծում են խնդիրը: Բայց պարզվում է` ժամանակավորապես, իսկ քայլերն էլ անելու են` ընդամենը միջադեպից հետո առաջացած աղմուկը մեղմելու համար: Չի բացառվում, որ կոյուղաջրերի շուրջ նոր աղմուկ հասունանա, երբ ժամանակավոր լուծումը չարդարացնի իրեն:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ զրուցեց այս եւ ԱՆ քրեակատարողական վարչությունում սպասվող կադրային ջարդի մասին:
-«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ՔԿ վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանի նշանակումը վարչությունում այդքան էլ լավ չի ընդունվել, քանի որ եղել են վարչության աշխատակիցներ, ովքեր չեն հաշտվում Արթուր Օսիկյանի հեռանալու հետ, եւ ահա առաջիկայում վարչությունում լարված մթնոլորտի հետեւանքով կադրային ջարդ է սկսվելու, եւ վարչության շատ աշխատակիցներ, մինչ կադրային ջարդի սկսվելը, պատրաստվում են դիմում գրել:
-Ովքեր թերի են աշխատելու, փոխվելու են, դա չի կարելի անվանել կադրային ջարդ:
-Այսինքն` ամեն դեպքում վարչությունում ազատումներ են սպասվում, որոշ անձանց կասեն` դիմում գրեք:
-Ովքեր վատ են աշխատում, նրանք, ամենայն հավանականությամբ, կազատվեն աշխատանքից: Վստահ չեմ, որ իրենց հնարավորություն կընձեռվի դիմում ներկայացնել, իսկ ովքեր լավ են աշխատում, կշարունակեն աշխատել:
-Փաստաբանական պալատում խոսակցություններ կան, որ փաստաբանների նկատմամբ Ձեր կողմից իրականացված որոշումները բավականին խորը արմատներ ունեն, քանի որ Դուք ապագայում դատական համակարգում լուրջ պաշտոն եք զբաղեցնելու եւ մինչ այդ փաստաբաններին զսպելու եւ դատական համակարգի իշխանությունը պահելու համար` որոշել եք այս փուլից սկսած օրենքներ ընդունել` ընդդեմ փաստաբանների` հետագայում Ձեզ որպես դատարանի նախագահ ապահովագրելու համար:
-Օգնեք ինձ փարատելու իրենց կասկածները` իմ հայտարարությունը տարածելով. ես նման ցանկություն չունեմ, եւ եթե նման առաջարկություն էլ լինի, կմերժեմ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանից հետաքրքրվեց, թե 2017 թվականի ընթացքում մարզի քննիչներն ինչպե՞ս են կատարել դատախազների ցուցումները:
-Կոտայքի մարզում 2017թ. արձանագրեցինք, որ դատախազների եւ քննիչների միջեւ աշխատանքային հարաբերություններն այնքան էին լարվել, որ արդյունքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, եւ հիմա ՀՔԾ-ում քննություն է ընթանում: Կոտայքի մարզում նման դեպքեր եղել են, որ դատախազների ցուցումները քննիչները չեն կատարել:
-Դատախազների եւ քննիչների աշխատանքային փոխհարաբերությունները հստակ կարգավորվում են գործող քրեական դատավարության օրենքով, որտեղ սահմանված են յուրաքանչյուրի լիազորությունները: Քննիչն իրավասու է հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին:
2017թ. ընթացքում մարզի դատախազության դատախազների կողմից տրված 80-ից ավելի գրավոր ցուցումներից ընդամենը 3-ի վերաբերյալ են առարկություններ ներկայացվել, որոնք իմ կողմից կայացված որոշումներով մերժվել են եւ տրված ցուցումների պահանջներն ամբողջությամբ կատարվել են:
Ողջամիտ չեմ համարում տրված ցուցումների դեմ առարկություն ներկայացնելը որակել որպես լարված փոխհարաբերությունների արդյունք, քանի որ այդ ընթացակարգը եւ դրանց լուծումը նախատեսված է գործող քրեական դատավարության օրենքով: Կարծում եմ, որ սխալ է առանձին դեպքերի հիման վրա, ընդ որում, որի հանգամանքները դերեւս քննության առարկա են, եզրակացություններ անել այդ հարաբերությունների մասին: Որովհետեւ հիմնական արդյունքները հենց համագործակցության շնորհիվ են ապահովվում:
-Դուք, մինչ մարզի դատախազ նշանակվելը, մինչեւ 2017թ. հուլիսը եղել եք Երեւանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ: Արդյո՞ք այս տեղափոխությունը պայմանավորված էր ՊՊԾ գնդի գրավման հայտնի իրադարձությունների հետ:
-Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում նշանակվել եմ 2013թ. հոկտեմբերի 23-ին եւ պաշտոնավարել մինչեւ 2017թ. հուլիսի 20-ը` ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում նշանակվելը:
Անկեղծ ասած, ինձ համար անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ կարող է ՊՊԾ գնդի գրավման հետ կապված դեպքերի եւ վարչական շրջանների դատախազի պաշտոնից մարզի դատախազի պաշտոնում նշանակվելու միջեւ կապ լինել: Նախ` նշանակումը կատարվել է այդ դեպքերից շուրջ 1 տարի անց: Երկրորդ` ինչպես ՊՊԾ գնդի գրավման, այնպես էլ դրան հաջորդող դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննությունն ի սկզբանե իրականացվել է ԱԱԾ, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության եւ Երեւան քաղաքի վարչության քննիչների կողմից, եւ այդ գործերով դատավարական ղեկավարումն իրականացվել է Երեւան քաղաքի եւ գլխավոր դատախազության համապատասխան վարչությունների դատախազների կողմից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿԼԻՆԻ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: Նա ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին: Նախարարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

 

 

ԵՐԲ ՀԱՍՈՒՆԱՆԱ
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի քայլերը, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, պատասխանել է. «Մենք հետեւում ենք իրավիճակին եւ լուրջ քայլերի գնալու ենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ դրա համար հասունացել է քաղաքական անհրաժեշտ վիճակը: Մեզ համար նորությո՞ւն է լինելու, որ Սերժ Սարգսյանն է լինելու: Մենք էն գլխից` 2015թ., ասում էինք, որ պլանը դա է` Սերժ Սարգսյանը գնում է վարչապետ, եւ էն գլխից պետք էր դրա դեմն առնել: Մեզ ասում էին` չէ՛, ի՞նչ տարբերություն նախագահական է, ինչ է, հետո Սերժն ասել է, չէ՞, որ ինքը չի լինելու վարչապետ: ԱԺ ընտրությունների ամենադաժան կեղծիքը կայանում էր նրանում, որ զանգվածաբար ժողովրդին ներգրավեցին այդ կեղծիքի մեջ, այսինքն` շանտաժով, բռնություններով, կաշառքով եւ այլն, բերել են եւ ստիպել են, ճիշտ է` գաղտնի քվեարկության սկզբունքի խախտմամբ, բայց ստիպել են ժողովրդին քվեարկել իրենց օգտին` ժողովրդին դարձնելով իրենց հանցագործություններին մասնակից, հիմա ժողովուրդը նաեւ այդ հոգեբանական վիճակում է գտնվում »,-ասել է Զուրաբյանը:

 

 

«ԵԼՔ»-Ը ԴԵՄ Է
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը, կոչ անելով Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երեւանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից, հայտարարությամբ է հանդես եկել: «Փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ: Ակնհայտ է, որ այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետեւանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ».- նշված է հայտարարության մեջ: Տեղեկացնենք նաեւ, որ լրագրողական կազմակերպությունները ստորագրահավաք են կազմակերպել: Նրանք պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանից խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին` կամայականություն ցուցաբերելու եւ իր լիազորությունները չարաշահելով` լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու համար:

 

 

ՑՈՒՅՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ ցույց էր անցկացվում` ի պաշտպանություն ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գեւորգ Բարսեղյանի: Ուսանողները վանկարկում էին «Բարսեղյան, Բարսեղյանը մնալու ա» բառակապակցությունը, որից հետո շարժվել են դեպի ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենք: Ուսանողների բողոքի պատճառը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիրքորոշումն է` կապված փոխդեկանի շուրջ բարձրացած սկանդալին: Հիշեցնենք, որ օրեր առաջ փոխդեկանը ծեծի է ենթարկվել:




Լրահոս