ԿԴԻՄԱՆԱ ԱՐԴՅՈ՞Ք ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՃՆՇՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի գլխին մութ ամպեր են կուտակվել, ճիշտ այնպես, ինչպես նրա քաղաքական գաղափարակից ու դաշնակից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում: Իսրայելի վարչապետին սպառնում են լրջագույն քրեական մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն պաշտոնանկության, այլեւ ընդհուպ ազատազրկման: Եվ այդ հանգամանքը ինքնին ցուցադրում է Իսրայել պետության ամրությունը, երբ պետության ղեկավարի կոռուպցիոն գործունեությունը հետեւողականորեն քննվում է իրավապահ համակարգի կողմից, այլ ոչ թե պարտակվում` ստի, կեղծիքի ու վախի քողով պատված:

Օրերս Իսրայելի ոստիկանությունը պաշտոնական հայտարարությամբ ազդարարեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել վարչապետ Բ. Նեթանյահուի մասնակցությամբ երկու կոռուպցիոն գործերով: Ըստ այդմ, իրավապահները բացահայտել են կաշառքի, կեղծիքի ու վստահության չարաշահման խոշոր դեպքեր: Վարչապետը կասկածվում է երկու քրեական գործերով, որոնք հայտնի են իբրեւ Գործ No 1000 եւ No 2000 պայմանական անուններով: Առաջինի դեպքում վարչապետը մեղադրվում է 2007-2016թթ. ընթացքում օտարերկրյա գործարարներից շուրջ 280 հազար ամերիկյան դոլարի նվերներ ստանալու մեջ, որոնց թվում` սիգարներ, շամպայն, զարդեղեն եւ այլն: Գործում առանցքային դերակատարություն ունի իսրայելցի միլիարդատեր Արնոն Միլչանը, որի մատուցած ընծաների դիմաց, ըստ ոստիկանության, Նեթանյահուն փորձել է հարկային արտոնություններ սահմանել: Այս առումով ուշագրավ է նաեւ ոստիկանության այն պնդումը, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել Միլչանին կաշառավտության մեղադրանք ներկայացնելու համար: Վերջինս, սակայն, ժխտել է մեղադրանքների իսկությունը` միաժամանակ պնդելով, որ Նեթանյահուի հետ իր բարեկամական հարաբերությունները ավելի վաղ պատմություն ունեն, քան նշյալ ժամանակահատվածը, ուստի նվերները տրվել են ընկերական-բարեկամական հարաբերությունների համատեքստում, եւ իբրեւ կաշառք չպետք է ընկալել:
Իսկ ահա երկրորդ գործով Նեթանյահուն մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որը վերաբերում է իսրայելական հայտնի ընդդիմադիր թերթերից մեկին: Ըստ մեղադրանքի` թերթում իրեն դրական լույսի ներքո ներկայացնելու դիմաց վարչապետը խոստացել է արհեստական խոչընդոտներ հարուցել մրցակից պարբերականների համար:
Այժմ Իսրայելի ոստիկանությունը գործը ուղարկել է գլխավոր դատախազություն, որտեղ Իսրայելի գլխավոր դատախազը պետք է որոշի, թե արդյո՞ք առկա ապացույցները բավարար են` քրեական գործին դատաիրավական ընթացք տալու համար: Եթե դատախազը դրական որոշում կայացնի, Նեթանյահուն ստիպված կլինի անմիջապես հրաժարական տալու: Կարծիք կա, որ Նեթանյահուն կարող է անգամ ավելի վաղ հեռանալ, եթե նրա թիմակիցները երես թեքեն նրանից: Նեթանյահուն, արձագանքելով ոստիկանության հայտարարությանը, այն անհիմն է որակել` մեղադրելով իր հակառակորդներին ու լրատվամիջոցներին իրավիճակն արհեստականորեն բորբոքելու համար:
Հետաքրքիր է, որ գործի շուտափույթ կարճման անհրաժեշտությունը վարչապետը կապել է առաջին հերթին պետության հեղինակության հետ` նշելով, որ իր նեղ-անձնական շահերի մասին չի էլ մտածում:
Նկատենք, Հայաստանում նույնպես, երբ ժամանակին բարձրաձայնվում էր Ռ. Քոչարյանի` ՀՀ նախագահի աթոռը ապօրինաբար ու հակասահմանադրական մեթոդներով զավթելու մասին, իշխանական ճամբարը կոչ էր անում ջուր չլցնել թշնամու ջրաղացին ու չխոսել ԼՂՀ քաղաքացի Քոչարյանի` ՀՀ նախագահ ընտրվելու հակասահմանադրականության վերաբերյալ: Նույնկերպ նաեւ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի սպանդի դեպքում: Երբ ապրիլյան պատերազմից հետո պարզվեց, որ Հայաստանը կռվում էր 80-ականների զենքով, մինչդեռ գեներալիտետը վայելում էր գործարանից նոր բաց թողնված ջիպերի ողջ ընտրանին, կրկին խոսվում էր ներհայաստանյան կեղտոտ լվացքը հրապարակ չնետելու «հայրենանվիրության» մասին: Բայց որեւէ մի գեներալ այդպես էլ չպատժվեց բանակի ռեսուրսները գրպանելու մեղադրանքով: Երբ Ժիրայր Սէֆիլյանը բարձրաձայնեց 800 հեկտար տարածքի կորստի մասին, իշխանական քարոզչամեքենան ատամներով հարձակվեց նրա վրա` պաշտպանելով Սերժ Սարգսյանի` գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը, մինչդեռ համընդհանուր անառողջ աղմուկի մեջ այդպես էլ անտեսվեց, թե արդյո՞ք այդ նույն գերագույն գլխավոր հրամանատարը պատասխանատու չէ տարածքային կորուստների համար, ինչը յուրաքանչյուր նորմալ երկրում անմիջապես հրաժարականի պատճառ կդառնար:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՇԵՑԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾՆԵՐԸ

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Հայաստանում այդպես էլ պետականորեն չնշվեց: Միայն Սերժ Սարգսյանն էր ուղերձ հղել Շարժման 30-ամյակի առթիվ` նկատելով. «Հսկայական անելիք կա բոլոր ասպարեզներում, բայց այն, ինչ միասին արել ենք անցած 30 տարիների ընթացքում, երբեմն ծանրագույն պայմաններում, իսկապես քիչ չէ: Ակնհայտ է՝ սա վերջին դարերի հայոց պատմության թերեւս ամենակարեւոր երեսնամյակն է»: Չնայած այս խոսքերին` հայոց պատմության վերջին տարիների ամենակարեւոր երեսնամյակը եւ այդ իրադարձությունների ակունքներում կանգնած անձինք անտեսվեցին: Ավելին` Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության օրոք, Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին առիթը բաց չեն թողել այդ անձանց եւ, ընդհանրապես, Շարժումը վարկաբեկելու, անկախության արժեքները փոշիացնելու հարցում:

Ինչեւէ: Ղարաբաղյան շարժման 30-ամյակը Ազատության հրապարակում նշեցին «Հայ ազգային կոնգրեսի» անդամները, անձինք, ովքեր կանգնած են եղել ակունքներում` առաջնորդելով համազգային շարժումը: Այնտեղ էին նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մի քանիսը: ԱԺ նախկին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից Բաբկեն Արարքցյանը ելույթ ունեցավ` մի քանի ուշագրավ դիտարկում անելով. «Առաջին Հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձեւով՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով Ռուսաստանում կատարված հեղաշրջման հետեւանքով, Երկրորդ Հանրապետությունը՝ ռուսական ագրեսիայի շնորհիվ: Կարմիր բանակը գրավեց Հայաստանը եւ հիմնադրեց բոլշեւիկյան ռեժիմ: Երրորդ Հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձեւով` հիմնվելով Սովետական Միության օրենքների եւ միջազգային իրավունքի հիմքերի վրա»,-ընդգծեց Բաբկեն Արարքցյանը: Եւ իրոք, ի տարբերություն հետխորհրդային շատ երկրների` Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացը կազմակերպվեց այն ժամանակ գործող օրենսդրության տառին ու ոգուն համաձայն, այնպես, որ հազարամյակներ անց որեւէ մեկը չի կարողանա կասկածի տակ դնել ու վիճարկել գործընթացը:
Երեկ Ազատության հրապարակում տոնական հավաքի ժամանակ ցուցադրված էին Շարժման մասին պատմող լուսանկարներ, նաեւ Շարժման ժամանակ Ազատության հրապարակում փակցված պաստառները, նկարները, կոլաժները:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով ընթերցել է Անկախության հռչակագիրը, երեկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս իշխանությունների քաղաքականության արդյունքում երկրից դուրս մղվեցին ակտիվ քաղաքացիները, նաեւ շարժման ակունքում կանգնածները: «Այս իշխանությունների հիմնական արած գործը դա էր՝ ըմբոստ մարդկանց քշել երկրից: Հերոս մարդկանց հեռացնել հրապարակից, եւ իրենց մոտ, կարծես թե, այդ բանը լավ էլ ստացվել է»,- ասաց նա:
Ներկաներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեցին, որ ղարաբաղյան շարժման 30-ամյակը պետականորեն չի նշվում: ՀԱԿ անդամ Մյասնիկ Մալխասյանը շատ ցավալի որակեց երեւույթը: «Սա պետք է անշուշտ պետականորեն, մեծ շուքով նշվեր, որովհետեւ սա մեր սերունդների համար հերոսական էջ է եղել: Այսօր ամոթալի է, ցավալի է, որ այսօրը պետականորեն չի նշվում: Ինձ համար անհասկանալի է, չեմ կարող գտնել պատասխանը: Իշխանության մեջ միգուցե արմատը չի եղել, սակայն մասնակցություն ունեցել են: Գոնե հանրապետության նախագահը պետք է նախաձեռներ այն պետականորեն նշել», – նշեց պարոն Մալխասյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ 15 ԹԵԿՆԱԾՈՒ 9 ՏԵՂԻ ՀԱՄԱՐ
Մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել: Չնայած կառավարության որոշմամբ Ազատամուտի ավագանու լիազորությունները դադարեցվել են, սակայն Տավուշի մարզպետարանի կայքի «Համայնքի ավագանի» խորագրի ներքո զետեղված են Ազատամուտի ավագանու նախկին կազմի 9 անդամների վերաբերյալ տվյալներ: Հիշեցնենք` 3182 բնակիչ ունեցող գյուղի ավագանու նախկին կազմի 5 անդամներ ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են իրենց լիազորությունները եւ արտահերթ ընտրություններ նշանակվել:
Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի կերպով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից: Ազատամուտի ավագանու նախկին անդամներն ասում են, որ իրենք դատարան են դիմել, որովհետեւ կառավարության այդ որոշումը օրենքի խախտումով է ընդունվել, բացի այդ` ճիշտ չէ այն տեղեկությունը, թե ավագանու նշված անդամները բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելիից: Իրենք նիստերին մասնակցել են, սակայն նիստերն արձանագրողներն իրենց մասնակցությունը չեն գրանցել: Ազատամուտի ավագանու անդամների հայցով ՀՀ վարչական դատարանում դատը չի մեկնարկել, իսկ համայնքի ավագանու նոր կազմի ընտրություններից հաշված օրեր են մնացել: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 11-ի ընտրություններում Ազատամուտ համայնքի ավագանու 9 տեղի համար գրանցված է 15 թեկնածու: Այդ 15 թեկնածուներից 4-ը` Ալիկ Էլլարյանը, Մարտիկ Այվազյանը, Լուսինե Մատինյանը եւ Վարդուհի Օթարյանը, եղել են համայնքի ավագանու նախկին կազմում: Ավագանու 15 թեկնածուներից 10-ն առաջադրվել է ինքնաառաջադրմամբ, 5-ը` ՀՀԿ-ի կողմից: 15 թեկնածուներից 9-ն անկուսակցական է, 6-ր` ՀՀԿ, մեկը` ՀՅԴ անդամ: Ավագանու թեկնածուների մեջ կա սուպերմարկետի տնօրեն, Ազատամուտի համայնքային արվեստի դպրոցի դասատու եւ տնտեսվար, անհատ ձեռներեց, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցի համակարգող, «Վորլդ Վիժն» կազմակերպության սոցիալական աշխատող, Ազատամուտում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի 2 բանվոր եւ այլն: Ազատամուտի ավագանու ընտրություններում թեժ պայքար է սպասվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս