Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Հանդիպման ընթացքում նախագահը ներկաների հետ զրուցել է գրահրատարակչական աշխատանքի ձեռքբերումների եւ խնդիրների մասին, անդրադարձ կատարել գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության բարելավման, ընթերցանության խրախուսման, պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության խնդիրներին: Հրատարակիչները նախագահին են ներկայացրել նաեւ իրենց առաջարկությունները: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, որքանո՞վ եք կարեւորում այս ձեւաչափի հանդիպումները:
-Ես չեմ կարեւորում այս ձեւաչափի հանդիպումը, սա լավ հանդիպում չէ, որովհետեւ պետության ղեկավարի գործը չէ այսպիսի հարցերի մեջ խորանալը: Սերժ Սարգսյանը, անկախ այն բանից՝ ընտրվել է, թե ոչ, պետության ղեկավարն է, դա փաստ է, իսկ այս հարցերը կառավարության օղակների հարցերն են, եթե նա միջամտում է այդ օղակների գործունեությանը, նշանակում է՝ կառավարությունը լավ չի աշխատում: Կարող է արդյունքում լինել սուպերփիար, թե Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո, օրինակ, գրքի ավելացված արժեքի հարկը զրոյացրել է: Դա, իհարկե, դրական շարժ կլինի շուկայի համար, սպառողների համար: Սերժ Սարգսյանի այցի շրջանակում մեկ ուրիշ դրական բան էլ նկատեցի եւ երբ արտահայտվեցի, ինձ սկսեցին հոշոտել: Հինգ տարի է՝ ասում եմ, որ պետականաստեղծ գիրք չի ծնվում Հայաստանում, մեկ էլ հանկարծ նույն բանն ասում է Սերժ Սարգսյանը: Շշմում ես, որ առավոտից երեկո այդ մասին խոսում ես, ոչ ոք չի արձագանքում, մեկ էլ այս մարդը դա որպես ցավոտ կողմ նշում է: Եթե դա իր միտքն է, զիլ է, եթե իրեն հուշել են, ավելի զիլ է. նշանակում է, որ կողքին կան մտածող մարդիկ:
-Իսկ Դուք Սերժ Սարգսյանի հետ երկրում տիրող հակագրքային մթնոլորտից խոսեցի՞ք: Չէ՞ որ հաճախ եք բարձրաձայնում այդ մասին:
-Բանն այն է, որ ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ: Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին: Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս: Օրինակ՝ ես ասացի, որ գրախանութ մարդ չի մտնում՝ նկատի ունենալով Հայաստանի բոլոր գրախանութները. քաղաքացիների 2 տոկոսը հազիվ է մտնում գրախանութներ: Այդ ժամանակ Խաչիկ Վարդանյանը բերանս փակեց՝ ցույց տալով իրենց գրախանութի գրանցած դրական ցուցանիշը: Իրենց մասով դա ճիշտ էր, բայց չէ՞ որ դա ամբողջական պատկերը չէր: Մենք ունենք ընդամենը մի քանի գրախանութ, որոնք արդարացնում են իրենց, ու դա խայտառակություն է: Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք` այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ: Մի խոսքով, այս խնդիրն ամբողջ զրույցի ընթացքում կար: Երբ տեսա, որ իմ կոլեգաները եկել են հանդիպման վարդագույն ակնոցով եւ պետության ղեկավարին ասում են, թե ինչ լավ է Հայաստանում, ես միջամտեցի, այլապես հանդիպման գնացել էի միայն խաղաղության պայմանագիր կնքելու հարցը բարձրացնելու համար, որին, ի դեպ, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա: Մեկ այլ դեպքում եւս միջամտեցի, երբ կոլեգաներս ասացին, որ անհրաժեշտ է ընդունել գրքի մասին օրենք: Ես ասացի, որ գրքի մասին օրենքը ցենզուրայի մասին օրենքն է: Գրքի մասին օրենքին սկսեց դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանը, պատկերացրեք՝ այնտեղ ինչ խայտառակ վիճակ էր, որ Սերժ Սարգսյանը փրկիչ էր: Մերոնք հենց պաշտոնյա են տեսնում, ամեն ինչ մոռանում են:
-Է՞լ ինչ կարեւոր հարցեր քննարկեցիք:
-Սերժ Սարգսյանը շատ զարմացավ, որ մենք չգիտենք գրքի շուկայի ծավալը. դա խայտառակություն է: Մենք ցույց տվեցինք, որ իրավիճակին չենք տիրապետում: Հայաստանում մեր բնագավառում երբեք նման հետազոտություն չի իրականացվել:
-Ո՞վ է մեղավոր:
-Մենք, շահագրգիռ կողմերը մենք ենք, 25 տարի է՝ այս ասպարեզում ենք, հետազոտություն չպետք է կատարե՞նք:
-Դա մեծ ռեսուրսների հետ է կապված:
-20 հազար դոլարի մասին է խոսքը: Ոչ ոք չի կարող ինքնուրույն նման ներդրում անել, բայց մենք չենք էլ հավաքվում, որ ամեն մեկս 1000 դոլար ներդրում անենք, ու հետազոտությունն իրականացվի: Իսկ դա մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է: Ինչպե՞ս կարելի է գնալ պետության ղեկավարի հետ հանդիպման այդքան տկլոր: Սերժ Սարգսյանն ասաց՝ չե՞ք կարողանում հավաքվել, այդ հետազոտությունն անել, ասացի՝ ոչ, մենք երբեք չենք կարողանում հավաքվել:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանի այցը, այնուամենայնիվ, կարելի՞ է մեկ քայլ առաջ համարել. որքանով տեղյակ եմ, նա նախկինում գրքի տոնին որեւէ կերպ անդրադարձ չէր կատարել:
-Կարելի է համարել, որ Սերժ Սարգսյանին սկսել են խորհուրդ տալ ավելի բանիմաց ու հեռատես մարդիկ: Այդքանը:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՆՈՂԿԱԼԻ ԵՆ ՈԼՈՐՏԻ ՓՈՂԱՍԵՐ ՏՂԱՄԱՐԴԻԿ»
«Ես մեծ սեր չեմ ունեցել, իմ կյանքում եղել են միայն սիրահարություններ, այն լրջությունը, որն ակնկալել եմ, չի եղել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոստովանեց երգչուհի Գաբի Գալոյանը՝ համաձայնելով պատասխանել կանացի թեմաներին առնչվող հարցերի:
Նա նշեց, որ իր ասպարեզից տղամարդու երբեք չի ընտրի. «Մեր ոլորտում կան այնպիսի որակներով տղամարդիկ, որոնց ես չեմ հարգում: Իմ կողքի տղամարդը չի կարող լինել, օրինակ, երգիչ, դերասան, առհասարակ, բեմի մարդ: Դա ինձ միշտ խանգարելու է, եւ խնդիրը բնավ մրցակցությունը չէ: Իմ ասպարեզի տղամարդկանցից շատերը չափից դուրս փողասեր են, դա իմ պատկերացումներին չի համապատասխանում, այդ որակը շատ հեռու է ինձնից: Ինձ համար նողկալի է այն, որ տղամարդը, որը իմ ոլորտից է, կարող է այդքան տարված լինել նյութականով»:
Փոխարենը Գաբին նախընտրում է, այսպես ասած, «ողնաշարով», խելացի, ստեղծարար, լուռ եւ խոհեմ տղամարդկանց, որոնք ավելի շատ կգործեն, ոչ թե կխոսեն եւ վստահ կլինեն իրենց որոշումների մեջ, հստակ կիմանան՝ ինչ են ուզում:
«Ժողովուրդ» օրաթերթը Գաբիի հետ մի փոքր էլ խոսեց գործնականից: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է մենահամերգով հանդես գալ Լիբանանում, այնուհետեւ՝ Միացյալ Նահանգներում եւ Կանադայում. «Մինչեւ սեպտեմբեր գրաֆիկս լեցուն է, տեսահոլովակ նկարահանելու ժամանակ չունեմ, բայց երբ համերգային շրջագայությունները քչանան, այդ ժամանակ կմտածեմ հոլովակի մասին»,-ասաց մեր զրուցակիցը:
«Ընտանյոք հանդերձ» սիթքոմում (Հ1), Առաջին ալիքի ամանորյա ֆիլմում հանդես եկած երգչուհուն հարցրինք՝ այս նախագծերում ընդգրկվելուց հետո այլ, հետաքրքիր հրավերներ ստացե՞լ է. «Այո, սերիալներից ստացել եմ մի շարք առաջարկներ, սակայն մերժել եմ, իսկ Հանրայինի նախագծերում ուղղակի հետաքրքիր էր նկարահանվելը, փորձ ձեռք բերելը, ինքնակրթվելը, տեսախցիկներից ունեցած վախս հաղթահարելը, բայց ինձ համար առաջնայինը երգչուհու կարիերան է»,-եզրափակեց Գաբին:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԿՄԱՍՆԱԿՑԻ
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մարտի 31-ից ապրիլի 9-ը կմասնակցի Գերմանիայում կայանալիք Grenke Chess Classic մրցաշարին: Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Հոու Յիֆանը (Չինաստան), Գեորգ Մեյերը (Գերմանիա) եւ Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա): Մրցաշարի մեկնարկային 3 տուրերը կանցկացվեն Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը` Կարլսրուե քաղաքում: