ԱԻՆ աշխատակիցը հիվանդանոցի տնօրենի տեղակալին դրդել է կեղծ էպիկրիզ տալ իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով:

Այսպես, Պապ Եփրեմյանը, 2017 թվականի օգոստոսի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում է ստացել «Արմավիր» բժշկական կենտրոնում: Բուժման ավարտից հետո հիշյալ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանից ստացել է իր հիվանդության էպիկրիզը, որում մասնավորապես նշված է եղել, որ այն ծանր ընթացք ունի` զուգորդված մի շարք բարդություններով: Պապ Եփրեմյանը նշված էպիկրիզը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնելուց հետո տեղեկացել է, որ դրանում նշված ախտորոշմամբ կճանաչվի շարային ծառայությանը ոչ պիտանի և կազատվի աշխատանքից: Ուստի, ծառայությունից չազատվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Պապ Եփրեմյանը կրկին այցելել է Ա. Հայրապետյանին և վերջինիս խնդրել ավելի մեղմ ախտորոշմամբ կեղծ էպիկրիզ կազմել:

Ա.Հայրապետյանը, համաքաղաքացի Պապ Եփրեմյանի խնդրանքը չմերժելու և նրան օգնելու անձնական դրդումներով, կազմել է կեղծ էպիկրիզ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ ախտորոշման հատվածում նշելով, որ հիվանդությունը միջին ծանրության ընթացք ունի` առանց բարդությունների: Այնուհետև էպիկրիզը ստորագրելով՝ այն ներկայացրել է նաև բաժանմունքի վարիչի ստորագրմանը՝ նրանից թաքցնելով էպիկրիզում կեղծ գրառումներ մտցնելու հանգամանքը: Դրանից հետո Պապ Եփրեմյանը կեղծ փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Սակայն մինչ այդ արդեն իսկ տեղի ունեցած ռազմաբժշկական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել, որ Պ. Եփրեմյանը պիտանի չէ շարային ծառայության համար, և 08.09.2017 թ.-ին վերջինս ազատվել է աշխատանքից:

Հատկանշական է, որ աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ ԱԻՆ նախարարի հրամանը ստանալուց հետո Պապ Եփրեմյանը վերը նշված կեղծ էպիկրիզը կրկին օգտագործել է` այն դիմումին կից ներկայացնելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այդ կերպ փորձելով վերականգվել աշխատանքի:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիքի դրդչություն կատարելու և պաշտոնեական իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար Պապ Եփրեմյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Անահիտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:




Լրահոս