ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ից Հայաստանում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն տեղատոմսով. ուղիղ մեկ շաբաթից ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Սա, իհարկե, ամբողջ աշխարհում ընդունված կարգ է: Սակայն Հայաստանում պարզ չէ, թե այն ինչպե՞ս կկիրառվի, ի՞նչ խնդիրներ կհարուցի, քանի որ համակարգը, բառի ուղիղ իմաստով, շիլա-շփոթ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին հայաստանյան գրեթե բոլոր բուժհաստատություններում այս թեմայով ժողովներ են անցկացվել: Եւ կառավարության որոշումը մասնագետների մոտ արդեն լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Մասնավորապես բուժհաստատություններին այդպես էլ չի տրվել դեղատոմսով տրամադրվելիք դեղերի ցանկը, փոխարենը խորհուրդ են տվել այն նայել նախարարության պաշտոնական կայքում, որտեղ եւս նույն շիլա-շփոթն է, եւ երեկվա դրությամբ ցանկը կայքում տեղադրված չէր: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ հատկապես մարզային հիվանդանոցները հագեցած չեն համակարգչային տեխնիկայով, սա լրացուցիչ դժվարություն կհարուցի: Բացի այդ` կանխատեսվում է, որ առաջիկայում առանց այն էլ ծանրաբեռված ռեժիմով աշխատող բուժհաստատություններում մեծ հերթեր կլինեն, եւ քաղաքացիները ստիպված կլինեն օրերով սպասել` ամենապարզունակ դեղատոմս ստանալու համար: Սա դժվարություն կլինի հատկապես հեռավոր գյուղերի բնակիչների համար, որոնք դեղատոմս պետք է ձեռք բերեն մարզկենտրոնի հիվանդանոցներից: Բայց նրանց մասին մայրաքաղաքի տաքուկ սենյակներում նստածները չեն էլ մտածում:

 

 

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներին հրավիրել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իհարկե, մեծ էր հավանականությունը, որ ՀԱԿ-ից կմերժեն հրավերը. այդպես էլ եղավ: Իսկ ահա 2008թ. Հայաստանում իշխանության ղեկին գտնվող անձանց՝ Մարտի 1-ի պատասխանատուներին, «Ելք»-ը չի հրավիրել: «Ժողովուրդ» օրաթերթը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին խնդրեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այդ քայլը. «Այդ լսումներին անձանց հրավիրելու հնարավորություն ունեն նաեւ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները»,- նշեց Զեյնալյանը` հավելելով, որ իրենք հրավիրել են քաղաքական, հասարակական ուժերի ներկայացուցիչներին, անձանց, ովքեր լավատեղյակ են մարտի 1-ի իրադարձություններին: Ստացվում է՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն անտեղյա՞կ էին մարտի 1-ի իրադարձություններից: Հասկանալի է, որ իշխող ՀՀԿ-ն կամ ԱԺ մյուս ուժերը չեն համարձակվի ո՛չ Ռ. Քոչարյանին, ո՛չ էլ Ս. Սարգսյանին հրավիրել լսումների:

 

 

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, երեկ մերժվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծին դեմ քվեարկածների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել` շեշտելով ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Պարզվում է` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարապետյանի որոշման վրա մեծ դեր է խաղացել ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ելույթը: Իր քայլը մեկնաբանելիս նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անընդհատ ցիտել է Հովհաննիսյանի խոսքերը: Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, Կարապետյանն ասել է. «Նույն Արմեն Ռուստամյանն ինքը տարբեր տարբերակներ է նշում, եւ հստակ այս տարբերակի հետ կապված չեմ կարծում, որ այդ տարբերակի մեջ մտնում է»:

 

 

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը շարունակում է մնալ քաղաքական շրջանակների քննարկումների թեման: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին՝ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն ասել է, թե իրավիճակի պատասխանատուն ոչ թե համայնքապետարանն է, այլ ՀՀ արդարադատության նախարարությունը: «Դա Երեւանի քաղաքի լիազորությունների ներքո չի գտնվել: Դա գտնվել է արդարադատության նախարարության ներքո, պետք է երեւի բարձրացնեին այդ հարցը, ինձ թվում է` լուծումը միանշանակ կստանային»: Ինչ վերաբերում է միջադեպին, նա ասել է. «Տեսեք, նա զինվում է, այսինքն` զինվում է դիմակով, զինվում է ձեռնոցներով, ապա եթե նա չվերցներ այդ բանկան առանց այդ դիմակի, ինձ թվում է` այդ միջադեպը տեղի չէր ունենա… որ թողնեինք` մոտենար, ավելի վատ բան լիներ»: Իսկ թե ի՞նչ, Սարգսյանը չի մանրամասնել. «Ես չգիտեմ` ինչ կարային իրենք անեին»:

 

 

ՏԱՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ԶԼՄ-ՆԵՐԻ
Ալբերտ Էյնշտեյն ասում էր. «Երկու բան հիրավի անսահման են` տիեզերքը եւ մարդկային հիմարությունը, թեեւ տիեզերքի մասին համոզված չեմ»: Բայց պարզվում է` անսահման կարող է լինել նաեւ սրիկայությունը: Համենայն դեպս, նման եզրահանգման կարելի է գալ Երեւանի քաղաքապետարանի վերջին օրերի գործելաոճից:
Երեկ հայտնի դարձավ, որ լրագրողները շուտով իրավունք չեն ունանա ներկա գտնվելու Երեւանի ավագանու նիստերին: Քաղաքապետարանում այս որոշումը փորձում են ներկայացնել իբրեւ լրագրողների աշխատանքային պայմանների բարելավում. քաղաքապետարանի առաջին հարկում լրագրողների համար առանձին տարածք է հատկացվելու, որտեղից էլ ուղիղ հեռարձակմամբ պետք է հետեւեն հինգերորդ հարկում անցկացվող ավագանու նիստի ընթացքին: Ավելին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ երեկ հայտարարել է. «Վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների եւ քաղաքապետարանի համագործակցության ձեւաչափը, ինչը, սակայն, ոչ միայն չի խաթարելու թափանցիկության ապահովումը, այլեւ առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի եւ ԶԼՄ-ների համագործակցությունը»:
Այսինքն` քաղաքապետարանը լրագրողների նկատմամբ արհեստական սահմանափակումները ներկայացնում է որպես արդյունավետ համագործակցություն: Այս տրամաբանությամբ կարելի է նաեւ մարդ սպանել ու պատճառաբանել, թե դա արվել է` նրան կյանքի հետագա դժվարություններից զերծ պահելու համար: Այս տրամաբանությամբ քաղաքապետարանը կարող է հանդես գալ ավագանու նիստերի ընթացքում լրագրողներին տնային կալանքի ռեժիմում պահելու նախաձեռնությամբ: Եւ պարոն Տարոն Մարգարյանը կմեկնաբանի, որ սեփական օջախից ավելի հարմար վայր մարդու համար դժվար թե լինի, ահավասիկ, այդ հարմարավետ պայմաններում լրագրողները կարող են իրենց կայքի ուղիղ հեռարձակմամբ հետեւել նիստերին, էլ ինչո՞ւ ավելորդ ջանք գործադրեն, անգամ տրանսպորտի գումար ծախսեն` քաղաքապետարան հասնելու համար:
Իսկ իրականում այս ամենի պատճառն ավագանու նիստերում պարբերաբար դարձած սկանդալային միջադեպերն են՝ հայհոյանքները, ծեծուջարդը, որոնց մասին վկայող տեսագրությունները դարձան հանրության սեփականությունը` պատռելով Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ականների դիմակն ու ցույց տալով նրանց իրական կերպարը: Եւ հիմա ավագանու նիստերին լրագրողների մասնակցությունն արգելելով` փորձ է արվում նման հնարավոր միջադեպերի տեսագրությունը կանխել. չէ՞ որ քաղաքապետարանի հեռարձակած ուղիղ եթերն անցանկալի պահերին պարզապես կարող են ընդհատել, եւ մարդիկ չիմանան, թե ինչ է կատարվում ներսում, ՀՀԿ-ականներն ում են հայհոյում, ում են ծեծում:




Լրահոս