ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նոր նախագահի ընտրության կարգի սահմանադրականության վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Հիշեցնենք` նոր Սահմանադրության 125 հոդվածը, ըստ որի` նախագահին ընտրելու է ԱԺ-ն, դեռեւս ուժի մեջ չի մտել: Հետեւաբար, ենթադրվում է՝ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը: Բայց իշխանությունները հղում անելով Սահմանադրության անցումային դրույթներին` պնդում են, որ նոր նախագահի ընտրություններն անցկացվելու են նոր կարգով, այսինքն՝ ընտրելու իրավունքն, այնուամենայնիվ, խորհրդարանինն է: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւս մեկնաբանելով Սահմանադրությունը եւ հղում անելով անցումային դրույթներին, պաշտպանել է իշխանությունների տեսակետը:
Մինչ այդ, նկատենք, երեկ ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարել է այս հարցի սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու մտադրության մասին: Սակայն ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն. «Ելք»-ն ունի 9 պատգամավոր եւ կոչ է արել «Ծառուկյան» խմբակցությանը միանալ իրենց: Վերջիններս դեռ չեն արձագանքել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասել է, թե տեղյակ չէ ստորագրահավաքից: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ, մեր հարցին ի պատասխան, նույն պատասխանն է տվել` հավելելով. «Այն ստացվելու դեպքում կքննարկենք, նոր կասենք»:
Նկատենք, սակայն, այս հարցով ՍԴ դիմելու հարցում առաջինը պետք է շահագրգռված լիներ հենց իշխող ՀՀԿ-ն. ի վերջո, միայն ՍԴ-ին է տրված նման հարցերի սահմանադրականությունը որոշելու գործառույթը, ուստի եթե կան կասկածներ, ապա ճիշտ կլինի, որ դրանք փարատվեն ՍԴ որոշմամբ: Այլապես ստացվում է, որ նոր նախագահի լեգիտիմությունը եւս կասկածելի է լինելու:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքար է սկսվել: 10 անդամից կազմված այս խորհրդի 5 անդամին ընտրելու է ԱԺ-ն, 5 անդամին՝ դատավորների ընդհանուր ժողովը, դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, բոլոր ատյանների դատարաններից: Եւ ահա, մեզ հայտնի դարձավ, որ 230 դատավորներից 200-ը հրաժարվել են ընդգրկվել խորհրդի կազմում. նրանք համապատասխան դիմումներ են ներկայացրել: Արդյունքում` հիմա 5 տեղի համար 30 հոգու մեջ թեժ պայքար է. վճռաբեկ դատարանից խորհրդի կազմում ընգրկվելու համար դիմել է 5 դատավոր, վերաքննիչից, օրինակ, 4 դատավոր, եւ այսպես շարունակ: Նշենք, որ ԲԴԽ կազմի համար դատական համակարգի ներկայացուցիչների ընտրությունները տեղի են ունենալու մարտի 1-ին, եւ այդ օրը չեն բացառվում անգամ սկանդալները:

 

 

 

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, որը բացահայտ հայտարարել է, որ դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: «Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե, եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի»,- ասել է նա: Փոխարենը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա հրաժարվել է գնահատել վարչապետ Կ.Կարապետյանի գործունեությունը: «Ես կարծում եմ՝ ինձ հարց պետք է տաք կառավարության ընդհանուր աշխատանքից, ոչ թե անձերից… Եղել են, այո՛, բանավեճեր, եւ ես համարում եմ՝ այդ բանավեճը կառավարության արժանիքն է, ոչ թե թերությունը: Չեմ ուզում անդրադառնալ միջանձնային այլ հարաբերությունների»:

 

 

 

Երեւանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները` ծախսելով գումարներն ամենաանիմաստ նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ միայն աշխատակիցների պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 հազար դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ: Դժվար չէ ենթադրել` Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը: «Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը:

 

 

 

ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ
Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման այս տասը տարիների ընթացքում մշտապես խոսել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բայց արի ու տես, որ այդ ողջ ընթացքում առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել. համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության` 2017 թվականին հրապարակած «Կոռուպցիայի ընկալման համաթիվը» զեկույցից: Ըստ այդմ, Հայաստանը 180 երկրների շարքում Եթովպիայի, Մակեդոնիայի եւ Վիետնամի հետ կիսում է 107-110-րդ տեղերը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2016թ., Հայաստանը 176 երկրների շարքում կիսում էր 113-ից 115-րդ տեղերը: Ասել է, թե Հայաստանում մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում այդպես էլ լուրջ տեղաշարժ չի եղել` հակառակ իշխանությունների պնդումներին եւ այդ նպատակով ծախսված միջոցներին:
Իսկ դա լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ընդ որում, իրավիճակի լրջությունն ավելի լավ է երեւում համեմատության մեջ. Հայաստանը տարածաշրջանային երկրներից զիջում է Վրաստանին ու Թուրքիային: Հայաստանը հետխորհրդային երկրներից զիջում է նաեւ բալթյան հանրապետություններին, Բելառուսին: Միակ մխիթարությունն այն է, որ Ադրբեջանն ավելի վատ դիրքերում է` զբաղեցնելով 122-129-րդ տեղերը: Բայց ինքներդ եք հասկանում` համեմատվելը Ադրբեջանի նման երկրի հետ, որտեղ կոռուպցիան խորը արմատներ ունի, այնքան էլ պատվաբեր չէ: Սա նույնն է, թե համեմատվենք աֆրիկյան հետամնաց ցեղերի հետ` ասելով, որ ի տարբերություն նրանց` մենք մարդ չենք ուտում, կամ այնքան զարգացած ենք, որ օգտվում ենք բջջային հեռախոսներից, ինտերնետից եւ այսպես շարունակ:
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս. ինչպես երեկ մեկնաբանել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, կոռուպցիայի ընկալման համաթիվը ներդրողների, պետությունների կողմից կարեւորվում է որպես առավել ադեկվատ գնահատական: «Սա ոչ թե շարքային քաղաքացիների գնահատական է, որ չասեն, թե նրանք սոված են, աղքատ են, դրա համար ցածր են գնահատում, այլ փորձագետների, գործարարների ընկալման գնահատականն է, այդ թվում՝ արտասահմանցի փորձագետների»,- պարզաբանել է նա:
Այսքանից հետո, թերեւս, կարելի է պատկերացնել, թե ինչո՞ւ Հայաստանը չի զարգանում, ինչո՞ւ այստեղ օտարերկրյա ներդրումները չեն ավելանում, եւ այդպես շարունակ:




Լրահոս