ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն դեմ չէ: Նկատենք, որ Արծվիկ Մինասյանն առաջին դաշնակցականն է, ով բացահայտ հայտարարում է այդ մասին: Ավելի վաղ, երբ դեռ ՀՅԴ-ն ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, Արծվիկ Մինասյանն ասել էր, թե Սերժ Սարգսյանին ընդունում են որպես լեգիտիմ նախագահ:
-Պարո՛ն Մինասյան, շուտով նոր կառավարություն կձեւավորվի: Դուք ինքներդ ցանկություն ունե՞ք շարունակելու աշխատել:
-Կարծում եմ, որ դա նախ` այն քաղաքական ուժի որոշելիք հարցն է, որը ես եմ ներկայացնում՝ ՀՅԴ-ն, երկրորդը՝ արդեն վարչապետի, որ պետք է ներկայացնի նոր կազմը, եւ վերջապես այն նպատակների, ծրագրերի կոնտեքստում, որ ես ունեմ, պատկերացնում եմ, եւ այսօրվա մեր նախարարության, գերատեսչության թիմը պատրաստ է իրականացնել: Իմ մասով ասեմ, որ վստահություն ունեմ, որ կարող ենք բավականին լուրջ ռեֆորմներ անել:
-Ասում եք` վարչապետը պետք է որոշի Ձեր ապագան: Դուք աշխատում եք Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունում: Նրա աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Ես կարծում եմ՝ ինձ հարց պետք է տաք կառավարության ընդհանուր աշխատանքից, ոչ թե անձերից: Եվ եթե կառավարության աշխատանքն եք ինձնից հարցնում, ասեմ, որ արդյունավետ աշխատանք է եղել, լավ աշխատանք է եղել, բազմաթիվ գործընկերների հետ արդյունավետ քննարկում, երկխոսություն, ծրագրերի առաջնորդում: Եղել են, այո՛, բանավեճեր, եւ ես համարում եմ՝ այդ բանավեճը կառավարության արժանիքն է, ոչ թե թերությունը: Չեմ ուզում անդրադառնալ միջանձնային այլ հարաբերությունների, ինձ համար կարեւորն այն է՝ խնդիրը, նպատակը, որ դուք դրել եք որպես նախարար, որպես կառավարության անդամ, այդ ծրագրերի կատարման պատասխանատու, որն ամրագրված է ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն փաստաթղթում, ամրագրված է կառավարության ծրագրում, ամրագրված է մեր Սահմանադրության մեջ, ի վիճակի՞ ես այդ ծրագրերն իրականացնել, թե՞ ոչ: Չի եղել այնպիսի անհաղթահարելի խոչընդոտ, որն ինձ արգելեր իրականացնելու ծրագրերը, եւ մենք իրականացնում ենք բազմաթիվ մեծածավալ, բայց սկզբունքային շատ հարցեր, դեռեւս շատ հարցեր ապագա լուծվելու ենթակա են:
-Չնայած, որ վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը Ձեզ համար վարչապետի ընդունելի՞ թեկնածու է:
-Ես կարծում եմ՝ հիմա կոռեկտ չէ այդ հարցին պատասխանել, քանի դեռ ՀՀԿ-ն չի ներկայացրել իր թեկնածուին: Բայց եթե ինձ հարցնում եք որպես անձ, կառավարիչ, ապա որպես վարչապետի թեկնածու, իհարկե՛: Եթե Սերժ Սարգսյանը կարող է երկրի նախագահի այդ ծանր բեռը տանել, վարչապետությունն ինչ է, որ չտանի:
-Իսկ որքանո՞վ է իրեն արդարացրել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Վերջին ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի հայտարարությունից այնպիսի տպավորություն էր, որ ՀՅԴ-ն բոլոր հաջողությունները վերագրում է իրեն, իսկ բացթողումների համար մեղադրում ՀՀԿ-ին:
-Այդպիսի մեղադրանքներ լսելը ծիծաղելի է, որովհետեւ թե՛ կոալիցիոն փաստաթղթում է դա ամրագրված, թե՛ որեւէ անգամ մեր ներկայացուցիչներից որեւէ մեկը նման բան չի ասել: Իհարկե, մենք թե՛ վատի, թե՛ լավի տերն ենք, համարժեք եւ հավասարազոր պատասխանատվություն ենք կիսում, կրում ՀՅԴ-ն այսօրվա իրողությունների համար: Սա նաեւ փաստում է այն հանգամանքը, որ մենք այնքան սրտացավ վերաբերմունք ենք ցուցաբերում այդ փաստաթղթին եւ մեր տված համատեղ խոստումներին, որ հրապարակային ցանկանում ենք դա արժեւորել, վերագնահատել եւ կարողանանք քայլեր կատարել: Փոխանակ սա գնահատվի դրական կողմից, չգիտես ինչու, մարդիկ վերագրում են բացասական կողմին, թե ինչու է դաշնակցությունը, որպես կոալիցիոն անդամ, հանկարծ հանդես գալիս որոշակի քննադատությամբ: Այդ քննադատությունը մեզ է վերաբերում նախեւառաջ, մենք ենք այդ կոալիցիայի անդամ: Իսկ ինքնաքննադատությունը դատապարտելի՞ է Ձեզ համար, եթե դատապարտելի է, նշանակում է՝ մենք զարգանալու շանս չունենք: Պետք է կարողանանք այնքան ուժ ունենանք, որպեսզի, թեկուզ քննադատության առումով, այնքան ուժ ունենաս, որ կարողանաս առաջ գնալ: Ես հորդորում եմ մարդկանց, ովքեր փորձում են սեւ ակնոցներով տեսնել այս ամենը, հանեն, իրենց բնական աչքերով նայեն երեւույթներին: Ի վերջո, բնությունը միշտ ճիշտ է:
ՍԴ-Ի ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵ՞Ն ԲԴԽ-ՈՒՄ
«Բարձրագույն դատական խորհուրդը կկարողանա ստիպել իշխանություններին դրսեւորել քաղաքական կամքը»: Երեկ լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որ նոր ձեւավորվելիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է դառնալու:
Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե այդ սահմանադրական երաշխիքներով կկարողանան ապահովել ֆունկցիոնալ, ինստիտուցիոնալ եւ սոցիալական անկախություն: Հետաքրքիր է, թե այդ ինչ վստահությամբ է Գագիկ Հարությունյանը խոսում իշխանություններին ստիպելու մասին, երբ նույն հաջողությամբ անտեսվում են նաեւ ՍԴ որոշումները: Երկար տարիներ ՍԴ նախագահ լինելով` Գագիկ Հարությունյանը քիչ դեպքեր կարող է թվարկել, երբ ՍԴ որոշումներն իրականություն են դարձել: Դրան հակառակ բազմաթիվ են երեւույթները, երբ իշխանությունները գեղեցիկ ձեւով շրջանցել են դրանք:
Վերջին վառ ապացույցը 2003թ. ՍԴ հայտնի որոշումն էր նախագահական ընտրությունների վերաբերյալ. թեեւ ՍԴ-ն անփոփոխ թողեց աղաղակող կեղծիքներով ընթացած ընտրությունների արդյունքները` հաղթող ճանաչելով Ռոբերտ Քոչարյանին, բայց եւ նշել էր, թե պետք է անցկացվի վստահության հանրաքվե: Մինչեւ հիմա այդ հանրաքվեն չի անցկացվել: Եւ հետո` բազմիցս ընդդիմադիր ուժերի կողմից բարձրաձայնվել է նաեւ այն հարցը, որ ՍԴ-ն գործում է միայն իշխանությունների կողմից, այսինքն՝ կողմնակալ է:
Բացի այդ` ընդամենը վերջերս Մարդու իրավունքների պաշտպանի եւ Սահմանադրական դատարանի աշխատակազմերը համատեղ ուսումնասիրություններ էին իրականացրել եւ բացահայտել հետեւյալը. «Ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել Սահմանադրական դատարանի որոշումներ, որոնցում ներկայացված են մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներ, սակայն դրանք մինչ օրս կատարված չեն», – ասված էր հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ երեկ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ համատեղ հանդիպում է եղել, որից հետո էլ հայտնի են դարձել Բարձրագույն դատական խորհրդի կազմի առաջին հինգ անդամների թեկնածուները՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյան, ԵՊՀ դոցենտ Լիպարիտ Մելիքջանյան, իրավաբան Հայկ Հովհաննիսյան, Երեւանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մեղրյան: Հետաքրքիրն այն է, որ իշխող ՀՀԿ առաջադրած թեկնածուներից Լիպարիտ Մելիքջանյանը խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր «Ելք» դաշինքի թեկնածուներից է եղել. համաձայնեք` բավական խոսուն փաստ է:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԹԱՆԿՈՎ ԵՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը որոշել է պետական միջոցները տնտեսել գյուղացու հաշվին: Խոսքը պետական աջակցության շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող ազոտական եւ կալումիական պարարտանյութի մասին է: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ Շիրակի, Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներից: Նրանց պատմելով` գյուղապետերը բոլորին զգուշացնում են, որ այս տարի պետական աջակցության շրջանակներում տրամադրվող պարարտանյութերի գները բարձրացրել են: Եթե նախորդ տարիներին գյուղացիները մեկ պարկ պարարտանյութը գնում էին 6000 դրամով, ապա հիմա նրանք այն ձեռք կբերեն 7000 դրամով: Պարզվում է` գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդիայի այն չափը, որը պետք է հատկացվեր պարարտանյութի համար, տնտեսել է: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին, որն էլ նշեց, թե այս ծրագրի համար նախատեսված էր 443 մլն 250 հազար դրամ, բայց 139 մլն 500 հազար դրամը տնտեսվել է: Ինչն էլ ուղղվելու է այլ ծրագրերի իրականացմանը:
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանը, ում անուն-ազգանունն ընտրողի ենթագիտակցության մեջ նույնանում է ընտրակեղծարար բառի հետ, պարզվում է` ոչ պակաս ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ունի երկու բնակարան, ավտոմեքենա չունի. այդպես նշված է պաշտոնական հայտարարագրում: Նրա փոխառությունները կազմել են 41 մլն դրամ, իսկ դրամական միջոցները` 17 մլն դրամ եւ 80 հազար դոլար: Տեղեկացնենք, որ Եղիշե Տերտերյանը այս պաշտոնին նշանակվել է անցած տարվա ամռանը: Նա 2017թ. ԱԺ ընտրություններին զբաղեցրել է թիվ 9 տարածքային հանձնաժողովի նախագահի պաշտոնը եւ, ընդհանրապես, այդ տարածքում տարիներ շարունակ համակարգել է ՀՀԿ օգտին ընտրակեղծիքները: Ու ստացվում է` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին նշանակել է հայտնի ընտրակեղծարարի:
ՄԵՂԱԴՐԱՆՔ
Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մնացականյանին մեղադրանք առաջադրվեց: ԱԱԾ-ն բացահայտել էր, որ մի շարք դպրոցների տնօրեններ պաշտոնական կեղծիք են կատարել: Նրանց թվում է եղել նաեւ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մնացականյանը, որ կեղծ ավարտական վկայական է տվել նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սուրեն Քյալաշյանին այն դեպքում, երբ վերջինս բացակայել է ՀՀ-ից, առհասարակ, փաստացի կրթություն չի ստացել եւ դեռ ավելին` դպրոցի ավարտական քննությունները չի էլ հանձնել: Հիմա տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին: