ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իրական խառնաշփոթ է տիրում, ինչը, սակայն, այնքան էլ զարմանալի չէ` հաշվի առնելով նախագահի բնույթը: Պետական պաշտոններում տեղավորելով իր հարազատներին` Թրամփը չի կարողանում համակշռել պաշտոնականի եւ անձնականի միջեւ: Եվ նման իրավիճակում ինքնաբերաբար կոնֆլիկտ է առաջանում վարչակազմի ներսում` խաթարելով գործադիր իշխանության բնականոն գործունեությունը եւ ավելորդ լարվածություն ստեղծում պետական ապարատում:
ԱՄՆ նախագահ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, զբաղեցնում է նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը: Նրա գործունեության հիմնական ոլորտը Մերձավոր Արեւելքն է, այնտեղ նախագահի քաղաքականության առաջնահերթությունների մշակումն ու իրացումը: Բայց միեւնույն ժամանակ Քուշները զբաղվում է նաեւ այլ հարցերով, որոնք Թրամփը կարող վստահել նրան: Իշխանության փոխանցման շրջանում Քուշները ստացել էր հատուկ գերգաղտնի տեղեկատվություն ստանալու ժամանակավոր լիազորություն, որը մինչեւ այժմ ուժի մեջ է: ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար, պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին, ստանձնելով այդ պաշտոնը Սպիտակ տանը կարգուկանոն հաստատելու հստակ տրամադրվածությամբ, այժմ փորձում է վերջ տալ երկիմաստ իրավիճակներին: Այդ համատեքստում նա վճռել է նաեւ լուծել ժամանակավոր իրավասությունների հարցը` ստիպելով յուրաքանչյուր պաշտոնյայի մնալ իր լիազորությունների սահմաններում: Այս քաղաքականությունը ենթադրում է, որ Քուշները ստիպված պիտի լինի զրկվել իր անմիջական պարտականությունների հետ չկապվող գերգաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:
Քուշները, սակայն, ջանք չի խնայում ազատվելու Քելլի նոր կարգավորումներից` պահպանելու համար անսահմանափակ տեղեկատվություն ստանալու իր իրավունքը: New York Times-ը հայտնում է, որ Քուշները տեղեկատվություն ստանալու իրավունքը ժամանակավորապես է օգտագործում, քանի որ ՀԴԲ-ում դեռ չեն կողմնորոշվում, թե արդյոք նրան կարելի է վերջնականորեն վստահել գերգաղտնի պետական տեղեկատվություն` հաշվի առնելով թե՛ նրա ֆինանսներում առկա բացերը, թե՛ ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննության կենտրոնական ֆիգուրներից մեկը լինելու փաստը:
Սակայն Թրամփի փեսան լինելու պարագան որոշակիորեն ապահովագրում է Քուշներին, որ մինչեւ իրեն հասնելը, աշխատակազմի ղեկավարը դեռ այլ աշխատակիցների պետք է զրկի ժամանակավոր լիազորություններից: Քուշներն այժմ հնարավորություն ունի ծանոթանալու նախագահին տրվող ամենօրյա տեղեկատվությանը, ինչը, սակայն նրա համար կենսական չէ` հաշվի առնելով, որ նրա գործը վերաբերում է միայն պաղեստինա-իսրայելական հակամարտությանը: Եվ ահա Քելլիի քայլերն իր դեմ, ըստ ամերիկյան պարբերականների, Քուշները բավականին ծանր է տանում` տրտնջալով, որ Քելլին թիրախավորել է իրեն եւ ցանկանում է սահմանափակել իր ազդեցության շրջանակը: Իրականում աշխատակազմի ղեկավարի գործողությունները լիովին տրամաբանված են, քանի որ անսահմանափակ տեղեկատվություն ստանալու Քուշների իրավասությունը, հիմնավորված չէ: Այդպիսի կարգավիճակ ունեցող մի քանի հոգու ներկայությունը Սպիտակ տանն արդեն իսկ կարող է քաոս առաջացնել` վտանգի տակ դնելով պետական գաղտնիքները: Ի վերջո, անսահմանափակ տեղեկատվություն ստանալու իրավասությունը տրվում է կոնկրետ անձանց` ըստ հստակ հիմնավորվածության, ինչը նպաստում է աշխատակազմի աշխատանքի բնականոն ընթացքին: Իսկ այս դեպքում աշխատակազմում բացակայում է աստիճանակարգությունը, լղոզվում է պատասխանատվությունը: Իբրեւ նախկին գեներալ` Քելլին քաջ գիտակցում է կազմակերպվածության ու կարգուկանոնի կարեւորությունը, եւ դեռեւս իր նշանակման շրջանում էին լրատվամիջոցները զարմանում, թե ինչպես պետք է կարգուկանոնի սովոր Քելլին աշխատի խառնաշփոթի սիրահար Թրամփի հետ: Քելլին նախօրեին հայտարարել է, որ որեւէ խոչընդոտ չի լինելու Քուշների համար իր ծառայողական պարտականությունները կատարելու հարցում` սակայն կոնկրետ չնշելով, թե արդյո՞ք անսահմանափակ տեղեկատվությունը հասանելի կլինի նախագահի փեսայի համար: Պարզ է միայն, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարը նոր կարգ է սահմանել ժամանակավոր իրավասությունների համար, որոնք պետք է թարմացվեն ամիսը մեկ անգամ եւ հստակորեն համաձայնեցվեն ՀԴԲ-ի հետ: Եվ եթե այս շաբաթվանից ուժի մեջ մտնող կարգերը խստորեն պահպանվեն, Թրամփի փեսան կարող է զրկվել իր վայելած արտոնությունից:
Հայաստանում գերգաղտնի տեղեկատվությանը հասանելիություն ունեցող միակ անձը թերեւս Սերժ Սարգսյանն է: Ակնկալելի էլ չէ, որ, օրինակ, նա թույլ կտա իր աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին, որը համարվում էր Քոչարյանի ամենասիրելի կադրը, ամբողջությամբ ստանալ իրեն մատուցվող տեղեկատվությունը: Սերժ Սարգսյանը չափազանց երկար է աշխատել հատուկ ծառայություններում` արհեստավարժ կերպով իմանալով, թե ինչպիսի զենք է իրենից ներկայացնում տեղեկատվությունը հատկապես ներիշխանական ինտրիգներում: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում անսահմանափակ տեղեկատվություն թերեւս չի մատուցվում անգամ անվտանգության խորհրդին, որը, թվում էր, պետական այն միակ կառույցն է, որ պատասխանատու է Հայաստանի անվտանգության ապահովման համար: Սերժ Սարգսյանը, ներկայումս կարուձեւի ենթարկելով պետական համակարգը, ջանք չի խնայում առավել հարմարավետ դարձնել իր գալիք վարչապետական իշխանությունը: Այդ առումով անգամ զարմանալի էլ չէ, որ Հայաստանի նախագահը, որը նոր Սահմանադրությամբ պետության գլուխն է ու Սահմանադրության անխափանությանը հետեւող անձը, զրկվում է անվտանգության խորհրդի անդամությունից: Սերժ Սարգսյանը չի կարող հանդուրժել, որ իրենից բացի մեկ ուրիշը, հատկապես ի պաշտոնե ավելի բարձր, թեկուզեւ արարողակարգային գործառույթներով, անսահմանափակ տեղեկատվություն ունենա երկրի ներսում: Դա պալատական հեղաշրջման նախադրյալ է, որը Սերժ Սարգսյանը ոչ ոքի չի զիջի:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2018թ. փետրվարի 8-ին որոշում է ստորագրել՝ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրելու մասին: Ըստ այդ որոշման` պարգեւատրումը կատարվել է 2017թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքներով, պարգեւատրման գումարները տրվել են մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին` համաձայն հավելվածի:
Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում, ուր հրապարակված է մարզպետի տվյալ որոշումը, չկա կից հավելվածը: Այսինքն` պարզ չէ, թե մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական քանի՞ ծառայող է պարգեւատրվել, յուրաքանչյուրը որքա՞ն դրամով, ինչքա՞ն է կազմում պարգեւատրման ընդհանուր գումարը: Միաժամանակ պարզ չէ, թե 2017թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքներով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողները պարգեւատրման արժանի ի՞նչ հաջողություններ են գրանցել:
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ պարզեց, որ 2017թ. հուլիսի 13-ին թիվ 142-Ա որոշումով մարզպետ Հ. Աբովյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական աշխատողներին պարգեւատրել է` հիմք ընդունելով 2017թ. առաջին կիսամյակի կատարողականի արդյունքները: 2017թ. հունվարին 31-ին մարզպետը թիվ 34-Ա որոշումով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել է` որպես հիմնավորում նշելով 2016թ. երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքները: Պետբյուջեից պարգեւատրվել են մարզպետարանի ոչ միայն քաղաքացիական ծառայողները: 2016թ. դեկտեմբերի 22-ին 188-Ա որոշումով մարզպետը 2016թ. պետբյուջեով մարզպետարանի աշխատակազմի պահպանման համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել է մարզպետարանի աշխատակազմի հայեցողական եւ աշխատակազմի բարձրագույն ու գլխավոր անձանց: Այդ որոշմանը կից հավելվածը եւս մարզպետարանի ինտերնետային կայքում չի հրապարակվել: Տավուշի մարզում բազմաթիվ կարեւոր ծրագրեր չեն իրականացվում պետբյուջեում դրա համար ֆինանսական միջոցներ չլինելու պատճառաբանությամբ, իսկ մարզպետարանի աշխատակազմը համեմատաբար բարձր աշխատավարձ ստանալով` տարիներ շարունակ պետբյուջեից պարգեւատրվում է: Հանրությունը չի իմանում, թե մարզպետարանի աշխատակիցներից ովքե՞ր են պարգեւատրվել, ինչքա՞ն գումարով: Ի տարբերություն դրա` մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են պետական բյուջեից որպես սոցիալական օգնություն, դրամական աջակցություն ստացած մարզի բնակիչների անուն-ազգանունները եւ նրանց ստացած գումարների չափերը: Թե ինչու է Հ. Աբովյանը գաղտնի պահել պարգեւատրված աշխատակիցների անունները, մնում է միայն ենթադրել. հավանաբար որոշել է խտրականություն դնել սիրելիների եւ ոչ սիրելիների միջեւ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԻՆ ՀՆԱՑԱԾ ՍԻԳ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ
Տավուշի մարզի բնակավայրերում Սեւանա լճից որսացած սիգ ձուկը վաճառվում է հատը 500-700 դրամով` կապված ձկան չափերից: Միջպետական ավտոճանապարհի եզրին, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի տարածքում գործող վաճառքի կետերում սիգը նույն գներով է վաճառվում: «Ժողովուրդ» օրաթերթն այդ վաճառակետերի աշխատողներից հետաքրքրվեց, թե ինչու իրենց մոտ ձկան գները նույնն են, ինչ-որ Սեւանա լճից մոտ 200 կմ հեռավորությամբ գտնվող Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում, ձուկը Տավուշ տեղափոխելուց հետո դրա գինը պետք է բարձրանար: Ծովագյուղի վաճառողները, ովքեր ձկնորսներ չեն, այլ ձուկ իրացնողներ, հայտնեցին, որ Տավուշի մարզում վաճառվող ձկան մեծ մասը թարմ չէ, Գեղարքունիքում նախորդ օրը չվաճառված ձուկը հաջորդ օրն իրացնում են Տավուշի մարզի տարածաշրջաններում: Ի տարբերություն Սեւանա լճի ափերին ապրողների` տավուշցիների մեծ մասը չի կարողանում հին ձուկը տարբերակել թարմից:
ՈՉ ՄԻ ՋՐԱՄԲԱՐ ԷԼ ՉԿԱՌՈՒՑՎԵՑ
Ոսկեպար, Կողբագետ, Քարահան, Հախում գետերի ջրերը հոսում են Ադրբեջան եւ ոռոգում այդ երկրի տարածքները: Մինչդեռ նկատենք` ժամանակն է Տավուշում ոռոգման ջրամբարներ կառուցել եւ ավելացնել մարզի ոռոգելի հողերը, որոնք այժմ 6 հազար հեկտար են կազմում: 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը ՀՀ վարչապետին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել: Դրանք հնարավորություն կունենան մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, որի շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կազմում է 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Մարզպետը հայտարարել էր, թե կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողների: Նկատենք, սակայն, մեկ տարի է անցել, Տավուշում ոռոգման որեւէ ջրամբարի շինարարություն չի ընթանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ