«Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոնը» անունը կրող բնության հուշարձանը, որն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, վտանգված է: Բնապահպանների եւ այլ քաղաքացիների կողմից ահազանգ է հնչել, որ հուշարձանի տարածքում շինարարություն է սկսվել, առայժմ փայտե տաղավար է կառուցվում:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փետրվարի 22-ին լրագրողներին տեղեկացրել է, որ շինարարության մասին ահազանգը ստանալուց հետո տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են տարածք եւ կասեցրել շինաշխատանքները։ Նախարարը նշել է, որ շինարարական աշխատանքները կկասեցվեն այնքան ժամանակ, մինչեւ կպարզվի` արդյո՞ք դրանք իրականացվում են հուշարձանի տարածքում, թե դրա սահմաններից դուրս։
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթը բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, ի՞նչ պարզվեց. «Ահազանգը բնապահպանության նախարարությունը փոխանցել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, որպեսզի վերջինս տեղում ուսումնասիրություններ կատարի: Փետրվարի 22-ի առավոտյան 10:00-ից ուսումնասիրությունները սկսվել են: Պարզվել է, որ շինարարությունը բնության հուշարձանի տարածքում չի կատարվում, այլ այդ տարածքից մոտ 12 մետր հեռավորության վրա: Շինարարություն իրականացնող անձը ունի սեփականության իրավունք տվյալ հողամասի վրա, որը նա ստացել է դեռեւս 2008 թվականին»,-պատասխանեց նա՝ հավելելով, որ չեն ճշտել, թե ում է տարածքը պատկանում, չեն էլ կարող պատասխանել, թե ինչ շինություն է կառուցվում:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում նաեւ շեշտել էր, որ եթե անգամ շինարարությունը հուշարձանի սահմաններում չէ, այն գտնվում է գետի անմիջական հարեւանությամբ. «Դա նշանակում է, որ գետի սանիտարական գոտու պահանջներին պետք է բավարարի»,-ասել էր նա:
«Կարծում եք՝ «Քարերի սիմֆոնիայի» ճակատագրով առհասարակ անհանգստանալու կարիք չկա՞»,-հարցրինք մենք Արմեն Վարդանյանին. «Անհանգստանալու խնդիր ունենք այն առումով, որ գեղատեսիլ գետի կիրճում է կառուցումն ընթանում, դա գուցե էթիկական առումով հաճելի լինի, բայց բնապահպանական առումով խրախուսելի չէ: Բայց դա սեփականացված տարածք է»,-պատասխանեց նա:
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանից հետաքրքրվեցինք՝ ընթացող շինարարությունը գետի սանիտարական գոտու պահանջներին բավարարո՞ւմ է, թե՞ ոչ: Նա մեզ խնդրեց հարցերն ուղարկել գրավոր եւ խոստացավ պատասխանել ավելի ուշ:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը շեշտեց, որ «Քարերի սիմֆոնիան» ունիկալ հուշարձան է, եւ դրանից նույնիսկ 12 մետր հեռավորության վրա որեւէ շինություն կառուցելու դեպքում տեղի է ունենում լանդշաֆտի, էկոլոգիական միջավայրի խախտում. «Մի կողմից ուզում ենք զբոսաշրջությունը զարգացնել, մյուս կողմից` անհատներն ինչ ուզում՝ անում են բնության հուշարձանների մոտ: «Քարերի սիմֆոնիայի» մոտ ինչ էլ կառուցվի, սխալ է: Տարիներ առաջ գեղեցիկ քարերն ավերվել էին, եւ մասնավոր անձինք տարել էին դրանք, հիմա էլ հուշարձանի մոտ շինարարություն են անո՞ւմ»,-մեկնաբանեց նա:
Ինչ վերաբերում է Արմեն Վարդանյանի այն մեկնաբանությանը, թե գետի կիրճում շինարարությունը «բնապահպանական առումով խրախուսելի չէ», Կարինե Դանիելյանն ընդգծեց. «Գետի կիրճում էլ սխալ է շինարարություն իրականացնելը, դա կազդի հենց գետի լանդշաֆտի վրա, բացասական ազդեցություն կարող է ունենալ գետի հոսքի, ջրի որակի վրա»:
Հիշեցնենք, որ բնապահապանության նախարարությունն ընդամենը մի քանի ամիս առաջ հաստատել է հուշարձանի տեխնիկական անձնագիրն ու սահմանները: Նախարարությունը դեռեւս մեկ տարի առաջ առաջարկել էր «Քարերի սիմֆոնիան» Գառնի համայնքի հաշվեկշռից տեղափոխել Խոսրովի անտառ արգելոցի հաշվեկշիռ։ Նախարարության այս առաջարկն առայժմ անարձագանք է մնացել. համայնքի ղեկավարությունը ձգձգում է որոշման ընդունումը։
Նշենք նաեւ, որ բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչեւ ձորի գլուխ եւ ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու եւ բյուրեղացման արդյունքում:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ՏՂԱՄԱՐԴԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԲԱՄԲԱՍԻ»
«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, մի շարք հեռուստանախագծերի պրոդյուսեր, «Casting School» կինոյի եւ հեռուստատեսության դպրոցի տնօրեն Աբել Աբելյանը:
-Աբե՛լ, ո՞րն է Ձեր ներկայիս նպատակը:
-Մեր դպրոցում ստեղծել ենք տիկնիկային թատրոն, հիմա փորձելու ենք կյանքի կոչել «Տիկնիկային թատրոն՝ ձեր տանը» նախագիծը, որի շրջանակում, օրինակ, թատրոնը կարող է այցելել որեւէ երեխայի ծննդյան տոնին:
-Ո՞րը կընտրեիք՝ փո՞ղ, փա՞ռք, թե՞ պատմության մեջ հետք թողնելու հնարավորություն:
-Փող եւ փառք ունեցել եմ, գիտեմ՝ դրանք ինչ բան են, երեւի կընտրեի պատմության մեջ հետք թողնելու հնարավորությունը:
-Շարունակեք միտքը՝ «Լավ կինոն այն է, որը…»:
-Հուզում է, դիպչում է սրտիդ, որից փշաքաղվում ես:
-Երբեք չեք ների…
-Դավաճանությունը:
-Շուտ եք հիասթափվում այն մարդկանցից, որոնք…
-Էլ չեմ հիասթափվում, գիտեք, հոգնել եմ:
-Կնոջ ամենակարեւոր հատկությունը:
-Կին մնալը:
-Տղամարդը երբեք չպետք է…
-Բամբասի. դա չի սազում նրան:
-Լավ ընկերը նա է, ով…
-Մնում է լավ ընկեր բոլոր պահերին:
-Մենք ունենք շոո՞ւ, թե՞ բիզնես:
-Նախկինում մենք խոսում էինք շոու-բիզնեսի մասին՝ առանց դա ունենալու, բայց այսօր, ի ուրախություն մեզ, ես նկատում եմ, որ առաջընթաց կա, սկսել եմ տեսնել շոու-բիզնեսը:
-Հայաստանյան կինոարտադրության ոլորտում ամենադժվարը…
-Փող հայթայթելն է՝ կինո նկարելու համար:
-Ֆիլմի համար լավ հովանավո՞ր, թե՞ հայտնի գլխավոր դերասան:
-Լավ հովանավոր: Որովհետեւ եթե նա լինի, դերասանն էլ կլինի:
-Վախենում եք, որ…
-Ես միշտ մի բանից եմ վախեցել եւ վախենում՝ ինքնաթիռից:
-Երկիր, որտեղ կցանկանայիք լինել:
-Թաիլանդ:
-Ժամանա՞կ, թե՞ փող:
-Ժամանակ. օրը չի հերիքում:
-Երեխաների դաստիարակության հարցում ամենակարեւորը…
-Զգույշ լինելն է: Ցանկացած քայլ պետք է մտածված անել՝ չվնասելով երեխային:
-Այս պահին երազում եք, որ…
-Երկու որդիներս միշտ լինեն առողջ:
Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ
ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՏԵՂՈՒՄ
Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հատուկ ոլորավայրէջք մրցաձեւում 107 մարզիկների թվում 42-րդ տեղն է զբաղեցրել: 18-ամյա մարզիկը գոհ է իր արդյունքից: «Ավելի մեծ արդյունք չէի կարող ունենալ, որովհետեւ այդքան պատրաստված չէի: Բայց այս օլիմպիական խաղերը ինձ մեծ փորձ տվեցին, նաեւ շփվեցի աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ»,-«Ազատության» հետ զրույցում ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով` դահուկուղին բավականին բարդ էր, եղել են մարզիկներ, ովքեր չեն կարողացել հաղթահարել այն: Նա պլանավորում է մարզվել այլ երկրներում, որպեսզի հաջորդ օլիմպիական խաղերին պայքարի նաեւ մեդալի համար: «Քանի որ մենք տարվա մեջ երեք ամիս ենք ձյուն ունենում, դրա համար ուզում եմ մնացած ժամանակն ուրիշ երկրներում մարզվել: Առաջարկներ արդեն կան»,-նշել է նա` վստահեցնելով, որ որտեղ էլ մարզվի, Հայաստանի դրոշի տակ հանդես կգա:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար դահուկորդն օլիմպիական Փհենչհանում առանց դահուկների էր մնացել եւ չէր կարողացել մարզվել: Նա Փհենչհան էր գնացել իր ընկերոջ 4 տարվա դահուկներով, որոնք այնտեղ կոտրվել էին: Մրցույթից մի քանի օր առաջ մարզիկը ստացել էր նոր դահուկներ: