ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց «Աշտարակ կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա էին իրականացնում: «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի փոխանցմամբ՝ «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Նրա խոսքով, «Աշտարակ կաթ»-ում գործում է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016թ. ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը։ Նրանք դիմել են իրավապահներին ապօրինությունները բացահայտելու համար։

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ե՞րբ է սկսվում ալիմենտի վճարման ժամանակահատվածը:

Անուշ Հովսեփյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ալիմենտը կարող է հաշվարկվել դատարան հայց ներկայացնելու օրից երեք ամիս առաջ: Եթե հայցվորը ցանկանում է ալիմենտ ստանալ գումարի տեսքով, հարկավոր է ալիմենտի վճարման ձեւ ընտրել: Կա երկու ձեւ` տոկոսներ եկամուտներից եւ կայուն դրամաչափ: Ալիմենտի բռնագանձման ձեւն ու գումարը սահմանում է դատարանը, բայց դիմողն իրավունք ունի իր հայտում դատարանից խնդրել ալիմենտ գանձել որոշակի կերպով եւ չափով: Ալիմենտի բռնագանձումը եւ այդ առիթով վեճերը քննվում են տեղական շրջանային դատարանում: Հայց ներկայացնելու երկու տարբերակ կա` պատասխանողի բնակության վայր, կամ շրջանի դատարան:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ալիմենտի չափը մեկ երեխայի համար կարող է կազմել աշխատավարձի մեկ քառորդը, երկու երեխայի համար` մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխայի համար` եկամուտի կեսը:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցն իրավունք ունի՞ իր ցանկությամբ դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից:

Վարդուհի Մնոյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
1. եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ` 24.4 տոկոս,
2. եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ` 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
3. եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավելի` 518.080 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների պետական գրանցումն ու լիցենզավորումն իրականացնում է Կենտրոնական բանկը: Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եւ կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին ներկայացվող պահանջներն ու սահմանափակումները տարբեր են:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային կենսաթոշակային հատկացումների պարտադիր դրույքաչափը սահմանված է բազային աշխատավարձի 10%: 10%-ից ավելի կուտակել ցանկացողները դա կարող են անել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների կամ բանկերի միջոցով:




Լրահոս