ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում մարտի 1-ի թեմայով լսումների ժամանակ աղմկալի փաստեր բացահայտվեցին: Պարզվում է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մարտի 1-ի գործի վերաբերյալ բացատրության մեջ ՀՀ կառավարությունն այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում կատարված սպանությունների մասին պարզապես նշել է, թե դրանք անհրաժեշտ են եղել` առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու: Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, երեկ հայտարարել է. «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»:
Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների բնույթը վաղուց ի վեր նորություն չէ որեւէ մեկի համար, այնպես որ՝ կառավարության կողմից նման պատասխանը միանգամայն բնական է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ 2015թ. Սահմանադրության փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի մեջ իշխանություններն ամրագրել էին մարդուն «բացարձակապես անհրաժեշտության» դեպքում կյանքից զրկելու իրավունքը. «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»,- նշված էր նախագծում։ Հետագայում հանրային ճնշման ներքո իշխանությունները, բարեբախտաբար, ընկրկեցին ու նախագծից հանեցին այս նախադասությունը: Բայց, դե, «անհրաժեշտության դեպքում» մարդկանց սպանելն այս իշխանությունների ենթագիտակցության մեջ է նստած. ապացույցը 1999թ. հոկտեմբերի 27-ի եւ 2008թ. մարտի 1-ի ոճրագործություններն են, որոնց հետեւեց բացարձակ մենիշխանությունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ պետք է լուրջ ընդունել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի սպառնալիքները: «Պետք է ուժեղացնենք թե՛ մեր երկիրը, թե՛ պաշտպանական կառույցները զուգահեռաբար: Միշտ էլ հայտարարություններ եղել են, բայց ոչ այսպես սրությամբ: Եկել է ժամանակը, որ այդ հայտարարություններին պետք է վերաբերվենք ամենալուրջ կերպով, հակառակ դեպքում դրանք կարող են իրականություն դառնալ, բայց մենք այդպես էլ անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին,- ասել է նա՝ հավելելով,-ապրիլյան դեպքերի համեմատ, իհարկե, ավելի պատրաստ ենք գոնե մշտադիտարկման հնարավորությունների առումով: Բայց ընդհանուր առմամբ ես կցանկանայի, որպեսզի մենք ունենայինք ավելին»:

 

 

 

Հայաստանի միջազգային պահուստներն այս տարի կրկին նվազել են: Կենտրոնական բանկի հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունվարի դրությամբ ՀՀ պետական պահուստները կազմել են 2 մլրդ 286.9 մլն դոլար, մինչդեռ, դեկտեմբերին այդ թիվը 2 մլրդ 313.9 մլն դոլար էր: Ասել է, թե մեկ ամսվա ընթացքում ՀՀ պետական պահուստները նվազել են 27 մլն դոլարով: Առաջին հայացքից սա մեծ խնդիր չէ: Բայց տեղի ունեցածը, ըստ էության, բացահայտում է դրամի փոխարժեքն ամեն գնով պահպանելու՝ իշխանությունների արհեստական ջանքերը: Ֆինանսական շուկայում դոլարի մեծ խմբաքանակ վաճառելով` կառավարությունն այսպես փորձել է դրամը փրկել արժեզրկումից: Ի դեպ, նշենք նաեւ` տեւական ժամանակ է՝ Հայաստանի պահուստներն արտարժույթի տեսքով են, քանի որ տարիներ առաջ նախկին վարչապետ, ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը ոսկին հանել էր վաճառքի:

 

 

 

Անցած տարվա ընթացքում կառավարությունը մարզերում ֆինանսավորել է 20 ներդրումային ծրագիր՝ 638 միլիոն դրամի չափով գումար, չնայած վարչապետի հավանությանն է արժանացել ներկայացված մոտ 180 ծրագրից 58-ը: Իսկ ֆինանսավորվել է ընդամենը 20 ծրագիր, որովհետեւ, ինչպես հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մի շարք ծրագրերի հեղինակներ հրաժարվել են առաջարկվող տոկոսադրույքով տրամադրվող վարկից: Ասել է, թե կառավարությունը, չնայած մեծ-մեծ խոստումներին, այնուամենայնիվ, համաձայնել է գումար տրամադրել բարձր տոկոսադրույքով: «Ժողովուրդ»-ի հարցին, թե արդյո՞ք այդքան մեծ տոկոսադրույքով վարկային միջոցը ներդրումային բիզնեսի համար խելամիտ է, նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության եւ գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանն ասել է. «Չէ՛, խելամիտ չէ, բայց բյուջեում չկային գումարներ, որով կարողանայինք սուբսիդավորել կամ իջեցնել վարկի տոկոսադրույքի չափը: Բացի այդ` ամեն բան փոքր-ինչ արագ-արագ ստացվեց, եւ մենք օգտագործեցինք այն մեխանիզմները, որոնք ունեինք ՓՄՁ զարգացման գրասենյակի, փոքր, միջին ձեռնակատերերի ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցներով: Իսկ իրենք էլ ֆինանսավորման 12 տոկոսադրույք ունեն»:

 

 

 

ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳԱՎՈՐ
Հայաստանում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ չլինեն համակարգային լրջագույն խնդիրներ: Սակայն կա մի ոլորտ, որի մասին քիչ է խոսվում, բայց որն առանցքային նշանակություն ունի ՀՀ գրեթե յուրաքանչյուր քաղաքացու կյանքում, եւ որտեղ առավել քան լուրջ խնդիրներ են. խոսքը քաղաքաշինության բնագավառի, մասնավորապես շենքերի սեյսմակայունության մասին է: Եւ ահա, երեկ իր ասուլիսի ժամանակ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարել է. «Շենքների 70 տոկոսը չի համապատասխանում սեյսմիկության ժամանակակից նորմերին»։ Միաժամանակ նա հավելել է, թե բնակարանային ընդհանուր ֆոնդի ամրապնդումը եւ վերակառուցումը պետության համար չափազանց մեծ ֆինանսական բեռ կդառնա:
Պարզ է` ոչ սեյսմակայուն շենքերի գերակշիռ մեծամասնությունը Երեւանում է, որտեղ եւ բեւեռացված է երկրիի բնակչության կեսից ավելին, եթե չասենք՝ երկու երրորդը: Եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ առումով վտանգավոր տարածաշրջանում, իրավիճակն առավել քան մտահոգիչ կարելի է համարել: Հիշում եք վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում ու հարեւան երկրներում մի քանի անգամ գրանցված երկրաշարժերը: Բարեբախտաբար այդ երկրաշարժերը թույլ էին, եւ մեծ ավերածություններ չեղան, գոնե մեզ մոտ: Բայց շատ ավելի մտահոգիչ է այս ամենի հանդեպ իշխանությունների անտարբերությունը, երբ «փող չկա» պատճառաբանությամբ փորձում են խուսափել խնդիրները լուծելուց: Ու պետք է նկատենք, որ 88-ի աղետալի երկրաշարժն ամենեւին դաս չի եղել ՀՀ իշխանությունների համար: Նրանք այդպես էլ հետեւություններ չեն կատարել 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքերից:
Ու հիմա բնակարանային ֆոնդի ամրապնդումն ու վերակառուցումը չափազանց մեծ ֆինանսական բեռ են համարում այն իշխանությունները, որոնք ահռելի գումարներ են ծախսում անիմաստ նպատակներով: Լրատվամիջոցները բազմիցս են անդրադարձել նախագահականի, խորհրդարանի, կառավարության, նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի շռայլ ծախսերին` միլիոնավոր դրամների կոնյակներ, հուշանվերներ, կահույք, ռեստորաններում ճոխ քեֆեր, այդ ամենին գումարած՝ զանազան տոնակատարություններ:
Հետաքրքիր է՝ մի՞թե իշխանություններին եւս մեկ երկրաշարժ է հարկավոր` սթափվելու եւ հետեւություններ անելու համար, ճիշտ այնպես, ինչպես եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ երեւան եկան զինված ուժերի խնդիրները, պարզվեց՝ բանակը տարիներ շարունակ թալանվել է: Դրանից հետո հետեւություններ արվեցին, բայց 100-ից ավելի զոհ տալուց եւ 800 հեկտար տարածք կորցնելուց հետո:




Լրահոս