Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսասատանը` իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Այս մասին ասված է «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցում, որում ներկայացված է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների` 2018 թվականի գնահատումները:
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճի եւ հարցը զենքի ուժով լուծելու շուրջ հայտարարություններ էլ մշտապես ասվում են Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել էր. «Երբ երկու զինված բանակներ կանգնած են դեմ-դիմաց` ճակատային գծում, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի»:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե նման հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել, որպեսզի այդ անլրջության հետեւանքով ավելի վատ հետեւանքներ չլինեն:
-Պարո՛ն Քոչարյան, ադրբեջանական կողմից կրկին ակտիվացել են Ղարաբաղյան հարցը զենքի ուժով լուծելու մասին հայտարարությունները: Առաջիկայում սահմանին սրացման մասին խոսք էր գնում նաեւ ԱՄՆ կողմից հրապարակված զեկույցում: Ինչպե՞ս պետք է վերաբերվել նման հայտարարություններին:
-Պետք է լուրջ վերաբերվենք այդպիսի հայտարարություններին: Պետք է ուժեղացնենք թե՛ մեր երկիրը, թե՛ պաշտպանական կառույցները զուգահեռաբար: Միշտ էլ հայտարարություններ եղել են, բայց ոչ այսպես սրությամբ: Եկել է ժամանակը, որ այդ հայտարարություններին պետք է վերաբերվենք ամենալուրջ կերպով, հակառակ դեպքում դրանք կարող են իրականություն դառնալ, բայց մենք այդպես էլ անլուրջ վերաբերմունքի պատճառով կունենանք շատ ավելի մեծ կորուստներ, քան ունեցանք ապրիլին:
-Իսկ այժմ ավելի՞ պատրաստ ենք: Ի՞նչ է փոխվել ապրիլից հետո:
-Պետք է ձգտել լինել ավելի պատրաստ: Նախորդ՝ ապրիլյան դեպքերի համեմատ, իհարկե, ավելի պատրաստ ենք գոնե մշտադիտարկման հնարավորությունների առումով: Բայց, ընդհանուր առմամբ, ես կցանկանայի, որ մենք ունենայինք ավելին: Դրան պետք է ձգտել եւ հասնել: Ես միշտ կարեւորել եմ կադրային փոփոխությունները եւ որակյալ կադրերով համալրումը: Երբ ինքս բանակի ստեղծման ակունքներում էի, զբաղվում էի հենց այդպիսի հարցերով, եւ ինձ հաջողվել էր աշխարհով մեկ փնտրել, գտնել մարդկանց, ովքեր կարող էին օգտակար լինել բանակաշինության գործում: Կարծում եմ, որ հպարտանալու բաներ ունեցել եմ եւ ես դա արել եմ սիրով եւ Վազգեն Սարգսյանի դրած խնդիրների շրջանակներում:
-Ադրբեջանը խոսում է զենքի ուժով հարցի լուծման մասին, Հայաստանն էլ` բանակցությունների միջոցով:
-Գիտեք, իրենք միշտ կասեն, թե հարցը կցանկանան լուծել զենքի միջոցով, սակայն դա իր մեջ ռիսկեր է պարունակում: Ուժ կիրառողը պետք է պատրաստ լինի, որ հակառակ կողմը կարող է իրեն ավելի հեռու շպրտել: Այդպես եղել է, իրենք 90-ականներին փորձեցին ուժով լուծել եւ հանդիպեցին այդպիսի դիմադրության: Մենք պետք է ամեն ինչ անենք` կանխելու պատերազմի հնարավորությունը, եւ ամեն ինչ անենք դեպի խաղաղության գործընթաց գնալու համար: Բայց դրա համար պետք է մեր երկրի ներսում լուծենք բազմաթիվ խնդիրներ: Բազմաթիվ խնդիրներ կան, որ պետք է արդեն լուծած լինեինք: Պատերազմող երկիրը չի կարող իրեն թույլ տալ անընդհատ թուլանալ տարբեր ձեւաչափերով: Պատերազմի խնդրի լուծողը կրկին մենք ենք լինելու, բայց մեր քայլերը պետք է լինեն հավասարակշռված եւ կանխարգելիչ: Մենք ունենք ժամանակ` մեր խնդիրները լուծելու, բայց այդքան երկար չէ:
ՄԱՐՏԻ 1-Ի ՀԱՐՑՈՎ ԼՍՈՒՄՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՂԱՆ
Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ հետաքրքիր բացահայտումներ եղան: Ընդ որում, այդ բացահայտումներն արվեցին ինչպես փաստահավաք խմբի անդամների, այնպես էլ մարտի 1-ի զոհերի հարազատների կողմից:
Հետաքրքիրն այն էր, որ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն այդպես էլ չհամաձայնեց պատասխանել հարցին՝ ցուցարարները հրազեն կրե՞լ են, կամ սպանվածների մոտ հրազեն եղե՞լ է, թե՞ ոչ՝ համարելով դա նախաքննական գաղտնիք: Ամենից շատ բոլորին հետաքրքրում էր՝ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ են, եւ բացասական պատասխանը վրդովեց ներկաներին:
Լսումների ավարտին սենսացիոն հայտարարություն եղավ մարտի 1-ի դեպքերի հետեւանքով սպանված Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի կողմից: Նա նշեց, թե մարտի 1-ի գործը այժմ ՄԻԵԴ-ում է, եւ գիտի, թե ինչ է պատասխանել Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ին: «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»,- հայտարարեց Սարգիս Քլոյանը:
Ինչ գաղտնի հրաման է եղել 2008 թվականի մարտի 1-ին. ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի` խոսքը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, քանի սահմանին ակտիվացում էր գնում:
Իսկ ովքե՞ր եւ ինչպե՞ս են խոչընդոտել մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված փաստահավաք խմբի գործունեությանը: Այս հարցում ամենամեծ բացահայտումը, թերեւս, արեց փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Ընդ որում, խոսքը ոչ միայն այդ բացահայտման, այլ փաստահավաք խմբի գործունեության դադարեցման մասին է: Մասնավորապես նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ Անդրանիկ Քոչարյանին ցույց է տվել փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի նամակը Սերժ Սարգսյանին, որով վերջինս ասել է, թե այլեւս չի ցանկանում աշխատել: Այս նամակն Անդրանիկ Քոչարյանի համար իսկապես բացահայտում էր. «Հենց այնպես այդպիսի նամակ հղել, երբ որ առաջին զեկույցը հենց ինքն էր ստորագրել, արդեն պարզ է, որ եղել է ճնշումների արդյունքում», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստեց Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս մեզ հետ զրույցում մեղադրանքներ հնչեցրեց այն ժամանակ եւ ներկայումս էլ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ այն ժամանակ ՄԻՊ Արմեն Հարությունյանի հասցեին, ովքեր Քոչարյանի խոսքով ամեն ինչ արեցին, որպեսզի եվրոպական կառույցներին տեղյակ պահեն փաստահավաք խմբում քաղաքական ինչ-ինչ հանդուրժողականության մասին:
Հետաքրքիր է, որ երեկ լսումներում ելույթներ ունեցան նաեւ իշխանությունների ներկայացուցիչները, որոնցից ամենաուշագրավը, թերեւս, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էր: Մինչ իշխանության ներկայացուցիչ պատգամավորներն իրենց ելույթներում ընդհանրական էին խոսում՝ բոլորին էլ մեղադրելով այդ օրվա դեպքերի եւ մինչ այժմ առկա բացերի համար, Նիկոյանը շտապեց իրեն բնորոշ ձեւով սլաքներն ուղղել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների ուղղությամբ` մոռանալով, որ մարտի 1-ի դեպքերին իր առնչությունն ունի նաեւ իրենց քաղաքական թիմի ներկայիս ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, որ 2008-ին ՀՀ վարչապետն էր, իսկ հետո տասը տարի շարունակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը: Ասել է, թե եթե Քոչարյանը պատասխանատվություն էր կրում մարտի 1-ի հարձակումը հրահանգելու առումով, Սերժ Սարգսյանն էլ, լինելով վարչապետ, չի առարկել, իսկ հետո՝ այս տարիներին այդպես էլ ջանքեր չի գործադրել իշխանությանը ստիպելու բացահայտել հանցագործությունները: Ի դեպ, Քոչարյանի իշխանության օրոք ՀՀԿ-ն իշխանության մեջ էր, ընդ որում՝ հիմնական ուժը:
Նյութերը` ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺԻ ՍՐՃԱՐԱՆԸ
Արդեն մի քանի օր է` քննարկումներ են ընթանում Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում մեկնարկած շինաշխատանքների վերաբերյալ: Բանն այն է, որ հուշարձանին հարող մոտ 180 քմ տարածքում սեփականատերը որոշել է սրճարան կառուցել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ տարածքի սեփականատերը Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանն է, ով վերջերս այն տվել է դստերը` Ծովինար Համբարձումյանին: Իսկ Համբարձումյանների ընտանիքը տվյալ հողամասի վրա սեփականության իրավունք ստացել է դեռեւս 2008 թվականին: Ծ.Համբարձումյանը եւս բնակվում է Գառնի գյուղում եւ զբաղվում է ատամնաբուժությամբ: Գառնեցիների պատմելով` տարիներ առաջ Շմավոն Համբարձումյանը յուրաքանչյուր զբոսաշրջիկից գումար է վերցրել` դեպի «Քարերի սիմֆոնիա» գնալու համար: Ու հիմա էլ կրտսեր Համբարձումյանն է որոշել փող աշխատել` իրեն պատկանող տարածքում սրճարան հիմնելով: Այս նպատակով նա 5 մլն դրամի չափով վարկ է վերցրել ՓՄՁ զարգացման գրասենյակից` բնականաբար տվյալ կառույցին ներկայացնելով բիզնես ծրագիր: Ասել է, թե կառավարությունը նախապես տեղեկացել է, որ գառնեցի Ծովինար Համբարձումյանը մտադիր է հուշարձանին մոտ տարածքում սրճարան կառուցել, հետեւաբար կառավարությունը եւս պատասխանատու է կատարվածին: Ի դեպ, այժմ փայտե սրճարանի շինարարական աշխատանքները դադարեցվել են, որոնք սկսվել էին առանց համայնքի ղեկավարի եւ ավագանու իմացության:
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Վանաձոր» ՔԿՀ պետի կաշառքի գործը մտավ դատարան: Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Խոսքը մոտ 2.7 մլն դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին: Հավելենք, որ գործով 11 անձ մեղադրյալի աթոռին է:
ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՊՐԻԶՆԵՐ
Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել ուղեւորներին` կրճատելով ձեռքի ուղեբեռում անվճար տեղափոխվող իրերի քանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ուղեւորները փետրվարի 15-ից հետո այլեւս չեն կարողանում ձեռքի ուղեբեռով անվճար տեղափոխել բջջային հեռախոսներ, նոթբուքեր, լուսանկարչական ապարատներ, տեսախցիկներ, անձրեւանոցներ, թղթապանակներ: Ավիաընկերության սահմանած նոր կարգերից հիմնականում դժգոհում են գործուղման նպատակով մեկնողները` օպերատորները, լուսանկարիչները եւ այլք: Այս օրենքը ուժի մեջ է մտել անցած տարվա նոյեմբերի 5-ից, եւ այն վերաբերում է բացառապես ռուսական ավիաընկերություններին: Դրանցով մեկ ուղեբեռի առավելագույն քաշը կարող է լինել 32 կգ իսկ ձեռքի ուղեբեռը` 10 կգ: Այս որոշումը տարածվելու է նաեւ Հայաստանի քաղաքացիների վրա: