«7 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՆՈՐ ՀԱՍԿԱՑԱ, ԹԵ ԻՆՉ Է ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանացի գաղտնիքների եւ ընտանեկան թեմաների շուրջ զրուցել է Երեւանի Խամաճիկների պետական թատրոնի, ինչպես նաեւ Երեւանի Էդգար Էլբակյանի անվան թատրոնի բեմադրիչ, դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ, ով հայտնի է նաեւ «Տաքսի, էլի լավա», «Մոխրաման», «Poker.am» եւ այլ ֆիլմերից։

-Լիլի՛, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում:
-Ինձ թվում է՝ սուբյեկտիվ հարց է. ես տեսել եմ աղջիկների, որոնք ի ծնե կին են, ունեն կանացի բոլոր հատկությունները, ինչպես իմ աղջիկը։ Բայց, օրինակ, ես հակառակ կերպարն եմ եղել, շատ նման եմ եղել տղայի, շատ մեծ ջանքեր եմ գործադրում, որ կանացի հատկություններ ձեռք բերեմ, աշխատում եմ ինձ վրա՝ օրինակ վերցնելով աղջկանիցս։
-Որը փոքրիկ Աննա Էլբակյանն է, ենթադրում եմ… (Լիլի Էլբակյանը դերասաններ Աննա եւ Արմեն Էլբակյանների դուստրն է)։
-Այո՛, հենց այդպես է, որ կա։
-Ձեր մայրը շատերի համար կնոջ իդեալ է։ Հետաքրքիր է՝ նա Ձեզ կանացի խորհուրդներ տվե՞լ է, ուղիներ ցույց տվե՞լ է։
-Կարելի է ասել` բոլոր բարոյական օրենքներն իրենից եմ սովորել, ինքն է դրանք իմ մեջ ձեւավորել, եւ ես ուրախ եմ դրա համար, ինքս էլ փորձում եմ դրանք փոխանցել դստերս։ Մայրիկիս համար էլ տատիկս՝ հոգեբան Էլդա Գրինն է կնոջ օրինակ եղել։ Այդպես է՝ անկախ քեզնից ինչ տեսնում, այն էլ ընդօրինակում ես։
-Լիլի՛, «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման շրջանակում մարմնավորած չարաճճի աղջկա կերպարը որքանո՞վ է մոտ Ձեր էությանը։
-Ամեն կերպար մարմնավորելիս փորձում եմ ե՛ւ հեռացնել այն ինձնից, ե՛ւ մոտեցնել այն ինձ։ Շատ առումներով այն մոտ է ինձ, շատ առումներով՝ ոչ։ Այնքան եմ ձուլվել այդ կերպարին, որ արդեն չեմ էլ վերլուծում՝ ինչով եմ նման նրան, ինչով՝ տարբեր։ Երբեմն սովորում եմ նրանից, երբեմն հակառակվում եմ այդ աղջկան։ Ամեն դեպքում, շատ իրավիճակներում ինձ նրա նման չէի պահի։
-Ամուսնական զույգերը ստիպված են լինում անցնել տարբեր փուլերի միջով՝ հաճախ հաղթահարելով դժվարությունները, հաճախ էլ նահանջելով: Արդեն 7 տարի է՝ ամուսնացած եք, ինչպե՞ս կբնութագրեք այն փուլը, որում գտնվում եք:
-Կարծում եմ՝ հիմա ամենալավ փուլում ենք։ 7 տարի հետո նոր հասկացա, թե ինչ է ամուսնությունը, սովորեցի սիրել ոչ թե էգոիստաբար, այլ անձս խոնարհելով։ Բայց այդ գիտակցությունը գալիս է շատ ավելի ուշ, երբ քո ստեղծած պատրանքն անցնում է, եւ սկսվում է այն իրականությունը, որը գուցե շատ ավելի լավն է, քան քո ստեղծածը, բայց դու վախենում ես այդ իրականությունից։ Իրականում այդ ճշմարտությունը քաղցր է, ուղղակի պետք է կարողանաս այն ճիշտ ընկալել, ճաշակել եւ փորձել տեսնել նախ ինքդ քո, հետո ուրիշի սխալները։
-Շատ զույգեր հենց այդ փուլում էլ ձախողվում են:
-Կարծում եմ՝ ամենադժվարը առաջին հինգ տարին է։ Դրանից հետո դու արդեն գիտես դիմացինիդ, եւ վրադ ինչ-որ թմրություն է իջնում։ Այդ ժամանակ երկրորդ շնչառության կարիք ես ունենում, եւ երբ դա լինում է, ամեն բան տեղն է ընկնում։
-Երեխայի ծնունդն ի՞նչ է փոխում մոր կյանքում։
-Դա ե՛ւ նվեր է, ե՛ւ փորձություն, որովհետեւ սկսում ես զբաղվել երեխաներով եւ մոռանում ես քո անձնական երջանկության մասին։ Դա հետ բերելն ամենադժվարն է։
-Կինը երբեք չպետք է մոռանա, որ…
-Ինքը կին է։
-Տղամարդու առաքելությունն է…
-Սիրել եւ փայփայել կնոջն ու երեխաներին, միաժամանակ հարգել ինքն իրեն։
-Փողն ընտանիքում ապահովում է…
-Փողը երջանկություն չի բերում, պետք է կարողանալ առանց դրա էլ երջանիկ լինել, բայց այն ինչ-որ չափով պետք է լինի, որպեսզի դրա մասին ուղղակի չմտածես։
-Կարողացե՞լ եք Համոյի (Լիլիի ամուսինը ռեփեր Համոն է-հեղ.) հետ ամուսնանալ այնպես, ինչպես ամուսնացել էիք թատրոնի հետ:
-Իմ առաջին ամուսինը թատրոնն է, երկրորդը՝ Համոն (ծիծաղում է)։ Ի դեպ, երկուսն էլ ինձնից շատ ժամանակ են խլում, պետք է կարողանալ համատեղել։
-Ստացվո՞ւմ է համատեղել։
-Քանի որ Համոն փափուկ է եւ պահանջներ շատ չունի, հարմարվող մարդ է, ինձ շատ օգնում է ե՛ւ երեխաների հարցում, ե՛ւ կենցաղում։ Օրինակ՝ հայրս ավելի պահանջկոտ է. նա պետք է միշտ նույն ժամին նախաճաշի, ճաշի եւ ընթրի։
– Ձեր երկուսից կենցաղում ավելի թեթեւ Համո՞ն է:
-Այո՛։
-Իսկ ո՞վ է Ձեր միջից զանգակը, եւ ով՝ բամբակը:
-Ես զանգակն եմ՝ շատ բարձր հնչող (ծիծաղում է)։
-Ձեզնից ո՞վ է ավելի շատ ասում` կներես։
-Թեեւ ես զանգակն եմ, բայց ներելու եւ ներողություն խնդրելու կարողություն ունեմ, Համոն էլ, բայց նա գուցե չարտահայտվի։
-Եվ վերջում՝ շարունակեք միտքը՝ սերը որքան հնանում, այնքան…
-Քաղցրանում է։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՍԿՍՆԱԿ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐԻ»

Դուդուկահար Կամո Սեյրանյանը աշխատում է 2017-ի նոյեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մենահամերգի CD-ի վրա, ապրիլ-մայիս ամիսներին էլ համերգը կհեռարձակվի հեռուստատեսությամբ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ դուդուկահարը։

Կամո Սեյրանյանին, որը հաճախ է ճամփորդում եւ համերգային շրջագայություններով լինում է տարբեր երկրներում՝ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Հունաստանում, Սիրիայում եւ այլուր, հարցրինք՝ Հայաստանից հետո ո՞ր երկրում են դուդուկահարին ամենաջերմը դիմավորում. «Շատ երկրներում են ջերմ ընդունելություն ցուցաբերել, բայց Հայաստանից հետո պետք է տամ ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Լոս Անջելեսի անունը»,-պատասխանեց մեր զրուցակիցը։
Իսկ հարցին, թե կենսակերպի մի մասը դարձած ճամփորդություններին ինչպես է վերաբերվում ընտանիքը, մասնավորապես՝ կինը, Կամոն պատասխանեց. «Նրանք ըմբռնումով են մոտենում իմ բացակայությանը, ուրիշ տարբերակ չկա, ուրախ եմ, որ ընտանիքիս անդամները հասկանում են ինձ»։
Տասը տարուց ավելի է` Կամո Սեյրանյանը դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ինչ խորհուրդ է տալիս Կամոն իր սաներին եւ, առհասարակ, այն դուդուկահարներին, որոնք նոր են սկսում իրենց կարիերան. «Թե՛ իմ սաներին, թե՛ սկսնակներին մշտապես խորհուրդներ եմ տալիս, շփվում եմ նրանց հետ եւ հիմնականում մեկ կարեւոր համեմատություն եմ անում։ Ինչպես շախմատիստը, որն իրավունք չունի իր խաղի կեսից վեր կենալ ու գնալ, այնպես էլ երաժիշտը պետք է ամբողջովին տրվի իր գործին եւ պայքարի մինչեւ վերջ։ Ես պատրաստ եմ օգնել ցանկացած սկսնակ դուդուկահարի։ Նրանցից շատերը գրում են ինձ նամակներ, շատերին անձամբ եմ հանդիպում, կարծում եմ՝ այդ շփումները շատ կարեւոր են»,-եզրափակեց Կամոն։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

«ԱՐՍԵՆԱԼ»-Ը ՊԱՐՏՎԵԼ Է
«Արսենալ» ֆուտբոլային ակումբը, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անցել է ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ: Մրցաշարի 1/16-րդ եզրափակիչի երկրորդ խաղում անցած գիշեր Լոնդոնում հյուրընկալելով Շվեդիայի «Էսթերսունդ» ակումբին` «Արսենալ»-ը պարտվել է 1:2 հաշվով, սակայն հաջորդ փուլն անցել է, քանի որ առաջին` արտագնա հանդիպմանը առավելության էր հասել 3:0 հաշվով: «Էմիրեյթս» մարզադաշտում կայացած խաղին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր:
Տեղեկացնենք, որ ՈՒԵՖԱ-ի 1/8-րդ եզրափակչում խաղալու իրավունք նվաճած մյուս ակումբներն են Մոսկվայի ԲԿՄԱ-ն եւ «Լոկոմոտիվ»-ը, Հռոմի, Սանկտ Պետերբուրգի, Մադրիդի, Դորտմունդի, Լիսաբոնի, Կիեւի, Բիլբաոյի թիմերը:

 

 

 

ՈՍԿԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ
Հարավային Կորեայում անցկացվող օլիմպիական ձմեռային խաղերում ռուսաստանցի 15-ամյա գեղասահորդուհի Ալինա Զագիտովան հաղթել է կանանց մենապարերի մրցույթում եւ ոսկե մեդալ նվաճել: Երկրորդ տեղում նույնպես Ռուսաստանի մարզուհի է` Եվգենիա Մեդվեդեւան: Ավելի վաղ նրանք արծաթե մեդալներ էին նվաճել թիմային մրցումներում: Փհենչհանում ռուսաստանցի մարզիկները նվաճել են մեկ ոսկե, չորս արծաթե եւ 8 բրոնզե մեդալներ: Սպորտային արբիտրաժային դատարանը Ալեքսանդր Կրուշելնիցկիին զրկել է բրոնզե մեդալից` խթանիչներ օգտագործելու համար:




Լրահոս