Լուսանկարն արվել է Հանրապետության հրապարակում
Իհարկե, դժվար է հասկանալ, թե ինչու է մայրաքաղաքի կենտրոնական այս հատվածը քանդված: Այս տեսարանը ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ անհարմարություններ է առաջացնում քաղաքացիների համար:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է իրենից ներկայացնում քանդման թույլտվությունը:
Աշոտ Արամյան (42 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քանդման թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է uեփականատիրոջ կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձի` շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը: (ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին N 596-Ն որոշում):
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քանդման կամ ապամոնտաժման թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական եւ զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված նախագծային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` հատուկ կամ ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար ո՞ւմ պետք է դիմի քաղաքացին կամ նրա խնամակալը: Եվ խնդրում եմ ասեք` կենսաթոշակի ո՞ր մասն է ստանում տուն-ինտերնատում խնամվողը:
Անահիտ Հարությունյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայության տարածքային մարմին (Գործակալություն): Գործակալությունում քաղաքացուն տրամադրում են «Բժշկական քարտի» եւ «Կենսաթոշակի տեսակի եւ չափի վերաբերյալ» տեղեկանքների ձեւաթղթերը, որոնք լրացվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: Գործակալության պետը որոշում է կայացնում խնամք տրամադրելու մասին եւ այդ որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա համակարգում է տուն-ինտերնատներ հաճախորդների ընդունելության գործընթացը:
Միաժամանակ հայտնում ենք, որ տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը, իսկ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստացողները` կենսաթոշակի 50 տոկոսը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ քաղաքացիներին տրամադրվում է խնամք տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում: Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած կամ 18 տարին լրացած միայնակ (ՀՀ օրեսդրությամբ նախատեսված խնամող չունեցող կամ ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող) հաշմանդամներին: