ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԸ ՍԿՍԵԼՈՒ ԵՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սեւեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եւ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին եւս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձեւավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց: Հիմա, սակայն, այլեւս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլեւս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, թե «Դեմ եմ» շարժումն ըստ էության գոյություն չունի այլեւս, եւ բացի այդ` իրենք անձնական գործերով են զբաղված:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական համակարգում կրքերը բավական լարվել են. մարտի 1-ին սպասվում են բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններ: 5 տեղի համար հիմա պայքարում է 28 դատավոր ողջ Հայաստանից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲԴԽ-ում ընդգրկվել ցանկանում են հիմնականում երիտասարդ դատավորները, այլ ոչ թե հնաբնակները: Բացի այդ` կան դատավորներ, որոնց վարույթում քաղաքական աղմկահարույց գործեր են. Արմեն Բեկթաշյանը Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավորն է, բացի այդ` նրա վարույթում էր ակտիվիստ Հայկ Կյուրեղյանի գործը: ԲԴԽ-ում ցանկանում է ընդգրկվել նաեւ ՍԴ արդեն նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, որին, ի դեպ, համարում են համակարգի լավ մասնագետներից. նա մի քանի արդարացման դատավճիռներ է կայացրել: «Ես քարոզարշավ չեմ գնում, որ իմանամ` իմ մրցակիցներն ովքեր են, նախընտրական բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ պատրաստվում որեւէ դատարանի դիմաց անել, ինձ թվում է` իմ կատարած աշխատանքի համար ինձ կա՛մ կքվեարկեն, կա՛մ ոչ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Բալայանը:

 

 

 

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ: Այնուամենայնիվ, խոսելով ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին` նա կողմ է արտահայտվել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրմանը: «Հիասթափված չեմ, պարզապես ժամանակ չունեմ, չի էլ հետաքրքրում: Վարչապետին էլ, նախագահին էլ ընտրելու է Ազգային ժողովը, այնպես որ ժողովրդի կարծիք չկա այդտեղ»,- հայտարարել է Գասպարյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հավանականությանը, նախկին պատգամավորը նշել է. «Ես դեռ չեմ իմանում, Սերժ Սարգսյանը դեռ հայտարարություն չի արել: Սակայն վերջին ժամանակներում նրա հանդիպումներն իրոք շատ դուրս գալիս են, իր ելույթները, կոնկրետ հարցադրումները… անփոխարինելի մարդ չկա, բայց այսօր, որ ինքը տիրապետում է իրավիճակին, ինքն ինձ թվում է` ավելի լավ կկարողանա: Իհարկե, խնդիրներ կան, բայց այնպես չի, որ ամեն ինչ իր օրոք է եղել»:

 

 

 

Հայաստանում վերջին տարիներին նվազել են ցանքատարածությունները: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից պարզեց, որ միայն 2017թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ` ցանքատարածությունները զգալի նվազել են` 58 հազար 900 հեկտարով: Ընդ որում, նվազել են ե՛ւ կարտոֆիլի, ե՛ւ ցորենի, ե՛ւ գարու ցանքատարածությունները: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական տվյալներից պարզեց, որ Հայաստանում կրկնակի նվազել է կարտոֆիլի ու ցորենի, բերքատվության չափը: Հիմնական պատճառը ոլորտի հանդեպ իշխանությունների անուշադրությունն է. գյուղացին այսօր մենակ է մնացել իր խնդիրների հետ` հաճախ չկարողանալով լուծել ոռոգման ջրի, պարարտանյութերի հարցերը, դրան գումարած՝ խնդիրներ են ստեղծում եղանակային անբարենպաստ պայմանները, իսկ բերքահավաքից հետո գյուղացիները հայտնվում են մթերքն իրացնելու խնդրի առաջ: Արդյունքում տարեցտարի նվազում են ցանքատարածությունները, դրա հետեւանքով՝ բերքի քանակը, եւ ներքին սպառումն ապահովելու համար ստիպված են կարտոֆիլ ու ցորեն ներկրել: Համաձայնեք` իրավիճակը բավական տխուր է:

 

 

 

ՄԻԵԴ-Ի ՀՈՒՄՈՐԸ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կայքում երեկ գեղեցիկ անեկդոտ էր տեղադրված. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանին ուղղված պաշտոնական նամակում բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը»։ Սա դեռ ամենը չէ. անեկդոտը նաեւ շարունակություն ունի: Ըստ այդմ, ՄԻԵԴ նախագահը կարեւորել է ՍԴ ներկայացվող դիմումներով հատուկ կարծիքներ ներկայացնելու եւ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակելու ՄԻՊ պրակտիկան: Նա նաեւ ընդգծել է, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ՄԻՊ զեկույցները ճանաչվում են կարեւոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ:
Իսկապես, որպես հումոր` ՄԻԵԴ նախագահի նամակը շատ լավ է ստացվել: Իսկ եթե պարոն Ռայմոնդին այս ամենը լուրջ է գրել, արձանագրենք` նա խորը թյուրիմացության մեջ է: Համենայն դեպս, ՀՀ քաղաքացիներս Թաթոյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում միանգամայն հակառակ պատկերի ենք ականատես եղել. Թաթոյանն իրեն դրսեւորել է ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ իշխանությունների իրավունքների պաշտպան: Նա այդպես է վարվել ներքաղաքական բոլոր կարեւորագույն իրադարձությունների ժամանակ` խուսափելով հստակ դիրքորոշում հայտնելուց, գերադասելով կրավորական կեցվածքը. հիշում եք` «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին ցուցարարների նկատմամբ ոստիկանական հարձակումներ, 2017թ. ԱԺ ընտրություններ, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ ընտրակաշառք բաժանելով իշխանությունները, ըստ էության, խոչընդոտում էին ընտրողների` փակ, ազատ քվեարկության իրավունքը եւ այսպես շարունակ: Ու քանի դեռ իշխանությունները չէին հայտարարել բիզնես-օմբուդսմենի գրասենյակ ստեղծելու իրենց նախաձեռնության մասին, Թաթոյանը մյուս չինովնիկների նման պարտաճանաչ մասնակցում էր կառավարության նիստերին: Այդ հիմա է, որ նա նեղացել է իշխանություններից` ձգտելով ինքնուրույն գործելու փորձեր անել:
Այնպես որ, հետաքրքիր է` ՄԻԵԴ-ում ինչպե՞ս են հիմնվում Արման Թաթոյանի զեկույցների վրա եւ ինչպե՞ս են կարծիք կազմում, եթե նա խուսափում է Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների մասին հստակ դիրքորոշում հայտնելուց կամ եթե հայտնում է, ապա լղոզված:
Ինչ վերաբերում է ՍԴ հատուկ կարծիքներ ներկայացնելու եւ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր մշակելու ՄԻՊ պրակտիկային, այստեղ արձանագրենք` սա նվազագույնն է, որ անում է Թաթոյանը. ի վերջո, սա ՄԻՊ պարտականությունների մեջ ամենաանշառն է:




Լրահոս