ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ ԱՐԴԵՆ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրներին, ՀՀ քաղաքացիներին բավական տհաճ անակնկալ է սպասվում:

Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր: Ավելին` Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ փետրվարի 22-ին ընդունել է որոշում՝ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներ իրականացնելու մասին: Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ պետք է մտներ նախորդ տարի, սակայն որոշման կիրառումը մեկ տարով հետաձգվեց:
Նկատենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է մի շարք երկրներում: Ամեն ամիս մարդկանց ստացած աշխատավարձից պահումներ են արվում, որպեսզի ծերության օրոք կենսաթոշակի տեսքով վճարվեն քաղաքացիներին: Առաջին հայացքից թվում է, թե դրական է այն, որ այս նույն մոդելը պետք է գործի նաեւ մեր երկրում: Սակայն կա մի բայց. մեզ նման երկրների համեմատ բավական բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներով երկրներում կուտակային համակարգը բնական է, իսկ մեր քաղաքացիների համար կարող է բավական լուրջ խնդիրներ առաջ բերել: Բանն այն է, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում կան բավական թվով քաղաքացիներ, որոնց աշխատավարձը զգալիորեն ցածր է այլ երկրների քաղաքացիների ստացած աշխատավարձից: Այլ խոսքով, պարզապես համեմատության եզրեր չկան: Եվ այս պայմաններում զինված ուժերի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող 1000 դրամ գումարը մի կողմից, եկամտային հարկը` մյուս կողմից, եւ շուտով նաեւ կուտակային կենսաթոշակին ուղղվող գումարը` երրորդ կողմից կարող է հանգեցնել մարդկանց եկամուտների շեշտակի նվազեցման: Իսկ ստացած չնչին աշխատավարձով օրեցօր թանկացող երկրում մարդկանց միայն չոր հացի գումար կմնա:
Թեմայի շուրջ փորձեցինք տեղեկություն ստանալ ֆինանսների նախարարությունից: Նախարարի մամուլի խոսնակը հաստատեց, որ հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործելու է: Նա շեշտեց նաեւ, որ սա թույլ կտա քաղաքացիներին տարիներ հետո հանգիստ լինել կեցության ծախսերի հարցում, քանի որ, օրինակ, ներկայիս 30-40 հազար դրամի փոխարեն կարող են ստանալ, ասենք, 100 հազար դրամ: Բայց նկատենք, որ մարդը դեռ պետք է հասնի այդ տարիքին` ընդ որում, մինչ այդ կուտակելով անհրաժեշտ գումար: Բացի այդ` հասարակության մեջ չկա վստահություն պետական ապարատի նկատմամբ: Այս պարագայում մարդիկ չեն վստահում այն երկու կազմակերպություններին, որոնցում պետք է կուտակվի իրենց ապագա կենսաթոշակը. մտավախություն կա, որ կուտակային ֆոնդերը կարող են լուծարվել կամ անհետանալ, իսկ այդ դեպքում ի՞նչ կլինի կուտակած գումարի հետ: Հարցականները բավական շատ են, եւ որքան էլ իշխանությունները համոզում են, թե օրենքով նման հարցերը կարգավորված են, միեւնույն է, այդ պնդումներն առ ոչինչ են, քանի որ իշխանությունները չունեն վստահության պաշար:
Մինչ այդ շեշտենք մեկ կարեւոր հանգամանք. այս որոշման կիրառման համար ընտրված ժամկետն ամենեւին պատահական չէ. արվում է այն ժամանակ, երբ իշխանության ներսում քաղաքական հիմնական վերադասավորումներն արդեն ավարտված կլինեն. այսինքն՝ ապրիլին, երբ ձեւավորվի կառավարությունը, հարցերն ավարտված կլինեն: Ու թեեւ բնակչությունը փորձեց խուսափել պարտադիր բաղադրիչից, սակայն նրան երկար չհաջողվեց հեռու մնալ պարտադրանքից: Հիմա ստիպված են համակերպվել կառավարության կողմից ընդունված հերթական որոշման հետ, որի համար հաշվի չառնվեց քաղաքացիների կարծիքը:
Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ 2014 թվականին կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակտիվ պայքար սկսվեց` հանձին «Դեմ եմ» շարժման. հիշում եք մարդաշատ բողոքի ակցիաները, երթերն ու ցույցերը: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցեց շարժման անդամներից Հայկ Ավետիսյանի եւ Դավիթ Մանուկյանի հետ` հասկանալու՝ արդյո՞ք նրանք կրկին դուրս կգան փողոց: Սակայն երիտասարդները պնդեցին, որ «Դեմ եմ»-ն, ըստ էության, արդեն գոյություն չունի, եւ իրենք այլեւս չեն պայքարելու այս խնդրի դեմ. զբաղված են անձնական գործերով:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ
«Ծառուկյան» խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ՀՀԿ եւ ՀՅԴ միասնական թեկնածու Արմեն Սարգսյանին: «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրենց որոշումն այսպես է մեկնաբանել. «Ինքը պետք է արտագաղթը դադարեցնի, ներգաղթ սկսի, վստահություն լինի, եւ մեծ ներդրումներ բերի, որը դա մարդու անձի շուրջ պետք է ձեւավորվի»: Նկատենք, սակայն, նոր Սահմանադրության համաձայն` նոր նախագահն ունենալու է առավել քան սահմանափակ լիազորություններ, եւ դրանց մեջ վերը թվարկված խնդիրների լուծումները չեն մտնելու: Նշվածն ավելի շատ կառավարության եւ վարչապետի իրավասության հարցերն են: Թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է Արմեն Սարգսյանը դադարեցնի արտագաղթը, ներգաղթ սկսի, ներդրումներ բերի, պարզ չէ: «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին, որն էլ նշեց. «Ասել, թե մեկ ամիս անց լիակատար ուժի մեջ մտնող Սահմանադրության դրույթները ընդհանրապես բացառում են հանրապետության նախագահի կողմից երկրի վիճակը բարելավելուն ուղղված միջոցառումներ իրականացնելու իրավաբանական հնարավորությունը, դա ճիշտ եւ կենսունակ մոտեցում չէ: Ես նաեւ հանդիպման ժամանակ եմ ասել, որ սահմանադրական լիազորությունների պակասն անձը կարող է լրացնել հեղինակությամբ: Մենք գիտենք, որ Արմեն Սարգսյանը բարձր հեղինակություն ունեցող անձ է, եւ մենք հույս ունենք, որ գործառույթների պակասն ինքը կարող է լրացնել իր հեղինակությամբ»:

 

 

Ո՞Վ ԿՎՃԱՐԻ
Ինչպես հայտնի է` վարչապետ Կարեն Կարապետյանի անվտանգության աշխատակիցներից Արսեն Բաղդասարյանը «Հունդայ» մակնիշի 084ԼԼ50 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վթարի պատճառով չկան նաեւ վիրավորներ: Իսկ թե ո՞ւմ մեղավորությամբ է եղել վթարը, նա չմանրամասնեց` պատճառաբանելով, թե դա պետավտոտեսուչները կճշտեն: Դիտարկմանը, թե նախնական տեղեկությամբ` վարչապետի անվտանգության աշխատակիցն է արագությունը գերազանցել, Արարատյանն ասաց, թե ծանոթ է այդ վարկածին, եւ եթե իրոք նման բան է եղել, համապատասխան կարգով տուգանքները կվճարվեն: «Ենթադրաբար դա կարվի անվտանգության աշխատակցի կողմից, քանի որ նա միայնակ է եղել` առանց ուղեկցող կորտեժի»,- ասաց նա: Նկատենք, որ վարչապետի թիկնազորի անդամները մայրաքաղաքի փողոցներում պարբերաբար աչքի են ընկնում բարձր արագությամբ սլանալով, ընդ որում, խոսքը նաեւ այն դեպքերի մասին է, երբ չեն ուղեկցում վարչապետին:

 

 

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Արամ Մխոյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Կարեն Կարապետյանի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի` 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը` Արամ Մխոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»:

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Կարեն Ղահրամանյանը նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի` 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը` Կարեն Ղահրամանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ»: Հիշեցնենք, որ Կարեն Ղահրամանյանը, ով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է, ընդամենը 4 օր առաջ էր վարչապետի որոշմամբ ազատվել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

 

 

ԿԱՅՑԵԼԻ ԺՆԵՎ
Փետրվարի 27-ից 28-ն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնեւ: Նա մասնակցելու է Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է գալու ելույթով:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն համայնքում ինքնասպանության դեպք է գրանցվել: ArmLur.am-ի տեղեկություններով` անասնագոմում կախված են հայտնաբերել 51-ամյա Արտյոմին: Armlur.am-ի հետ զրույցում Վերին Սասնաշենի գյուղապետ Անդրանիկ Պողոսյանը հայտնել է, թե ինքնասպան եղած տղամարդը չորս երեխա ունի, ապրում էր կնոջ եւ մոր հետ: Գյուղապետի խոսքով` թե՛ ինքը, թե՛ այդ տղամարդու ընտանիքի անդամները զարմացած են կատարվածից եւ չեն կարողանում պատճառները հասկանալ: Ըստ գյուղապետի` ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում: «4 երեխա ունեցողն ինչպե՞ս կարող է լավ ապրել»,-ընդգծել է նա: Խոսելով դեպքի մասին` գյուղապետը նշել է, թե 51-ամյա տղամարդն ընտանիքի անդամներին ասել է, թե գնում է անասուններին կերակրելու, սակայն չի վերադարձել, իսկ ավելի ուշ նրան հայտնաբերել են արդեն անասնագոմում կախված:

 

 

ՈՒՇԱԴԻՐ ԵՎ ԶԳՈՆ
Նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թեւան Պողոսյանի կարծիքով` Սիրիան դարձել է աշխարհաքաղաքական բեւեռների առճակատման դաշտ, որտեղ հումանիտար աղետը գնալով անտանելի է դառնում: «Սիրիայում ներկայում լիակատար պատերազմական իրավիճակ է, որտեղ զոհերի քանակը ոչ թե տասնյակներով է չափվում, այլ հարյուրներով ու հազարներով: Նրա խոսքով` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեռեւս դիվանագիտական հայտարարությունների տեսքով են ուղերձներ փոխանցում եւ ռազմական գործողությունները վերագրում են ոչ պետական ուժերին: Նա այս իրավիճակում Հայաստանից ակնկալում է զգոն եւ ուշադիր քայլերի իրականացում, քանի որ ռազմական թատերաբեմը Հայաստանից ոչ մեծ հեռավորության վրա է, դրան գումարած նաեւ Սիրիայում հայկական համայնքի անվտանգության ապահովման հարցերը: «Իրականության մեջ «Իսլամական պետությունը» չի հաղթահարվել, այն գոյություն ունի, եւ մենք պետք է ուշադիր ու զգոն լինենք մեր երկրի ու սահմանների անվտանգության հարցերի նկատմամբ: Զարգացումներին հետեւելուց բացի` ճիշտ սցենարներ մշակենք, որպեսզի Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնենք` առնվազն նրանց այնտեղից դուրս բերելով»,-հավելել է նա:




Լրահոս