Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար թեժ պայքարը շարունակվում է: Դատական համակարգում վստահ են, որ թեժ մրցակցության արդյունքում դատավորների մեջ կռիվը անխուսափելի կլինի, իսկ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, թե որ դատարանի դատավորներն են պայքարում Բարձրագույն դատական խորհրդի դատավորի աթոռի համար:
28 հոգի կռիվ կտան
Ինչպես հայտնի է` Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին: Սակայն, ի տարբերություն արդարադատության խորհրդի, այն ունենալու է ավելի ընդլայնված լիազորություններ: ԲԴԽ-ն կազմվելու է տասն անդամից, որից հինգին ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Մյուս հինգին ընտրելու է խորհրդարանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ 230 դատավորներից 200-ն ինքնաբացարկի դիմում են գրել` հայտնելով, որ չեն ցանկանում բարձրագույն դատական խորհրդի կազմում լինել: Բայց որքան մոտենում են ընտրության օրերը, մրցակցությունը, պայքարը ավելի են խորանում. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս եւս երկու դատավոր հրաժարվել է ԲԴԽ թեկնածու դառնալուց: Հիմա 28 դատավոր պետք է պայքարի 5 տեղի համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորներն են պայքարում:
Եվ այսպես` ԲԴԽ-ի անդամ են ցանկանում լինել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռի նստավայրի դատավոր Կարինե Պետրոսյանը, Կենտրոնի նստավայրի դատավոր Արմեն Բեկթաշյանը, Աջափնյակի նստավայրի դատավոր Անի Մխիթարյանը, Շենգավիթ դատարանի նախկին նախագահ, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին` Դավիթ Բալայանը, Արաբկիր նստավայրի դատավոր Սիմիզար Հովսեփյանը եւ դատավոր Արսեն Բաբայանը:
Վճռաբեկում կկռվեն 4 հոգի
Մեզ հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի դատավորներից Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար կռիվ են տալիս դատավորներ Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը, Սուրեն Անտոնյանը:
Պատկերը ՀՀ վերաքննիչում
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից ԲԴԽ-ի անդամ դառնալու ցուցակում ընդգրկվել են դատավորներ Սերգեյ Չիչոյանը, Նարինե Հովակիմյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը:
Նշենք, որ բոլոր մարզերի ընդհանուր իրավասության դատարաններից եւս դատավորներ պետք է առաջադրվեն, եւ այս պահին մեզ հայտնի դարձավ, որ մարզային դատավորներից ԲԴԽ ընտրություններին մասնակցելու է Շիրակի մարզի դատավոր Արմեն Խաչատրյանը: Ավելին` եղել են մարզային դատարաններ, որտեղից առհասարակ առաջադրումներ չեն եղել: Իսկ ահա ՀՀ վարչական դատարանից ԲԴԽ թեկնածուների թվում են դատավոր Արգիշտի Ղազարյանը, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արա Բաբայանը:
Նկատենք, որ դատավորները այս օրերին իրենց ծրագրերն են առաջարկում, թե ընտրվելու դեպքում ով ինչ նոր բան կարող է առաջարկել կամ անել, ասել է, թե ամեն մի դատավոր ցանկանում է իր ծրագիրը այնպես ներկայացնել, որ մյուսներից տարբերվի եւ առավելություն ունենա:
Դատավորները` իրենց շանսերի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը սպասվող ընտրությունների մասին խոսեց ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի հետ:
-Պարո՛ն Դրմեյան, ինչպե՞ս կգնահատեք Ձեր ընտրվելու հաղթելու հնարավորություները եւ, առհասարակ, ո՞ւմ եք Ձեզ մրցակից տեսնում ամենաշատը` Գոռ Հակոբյանին, Ռուզաննա Հակոբյանին, թե՞ Սուրեն Անտոնյանին:
-Իմ բոլոր ընկերներն էլ ինձ համար մրցակից են, սա ձեւի համար չեմ ասում, այլ սա իրականությունն է, քանի որ բոլորն էլ արժանի են հաղթելու, բայց ես գտնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելը մեծ բեռ է, եւ պետք է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը կայանա:
-Բայց Ձեզ ինչո՞ւ է թվում, որ այդ մեծ բեռը Վճռաբեկ դատարանի դատավորներից միայն Դուք կարող եք տանել ու Դուք պետք է հաղթեք:
-Բոլորս էլ, կրկնում եմ, արժանի ենք, բայց այդ ծանր լուծը ես ավելի լավ կտանեմ, իսկ հիմա, կներեք, զբաղված եմ:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայան
-Պարո՛ն Բալայան, Դուք եւս Բարձրագույն դատական խորհրդի անդամ լինելու թեկնածուներից մեկն եք, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու հավանականությունը եւ, առհասարակ, Ձեզ ավելի շատ ո՞ւմ եք տեսնում մրցակից:
-Համենայնդեպս այսօրվա դրությամբ ես ինքնաբացարկ չեմ հայտնել, եւ ինքնաբացարկ հայտնելու ժամկետն էլ ավարտվել է:
-Այսինքն` Դուք թեկնածուներից մե՞կն եք:
-Երեւի թե այդպես պետք է լինի:
-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու հավանականությունը եւ, առհասարակ, Ձեզ ավելի շատ ո՞ւմ եք տեսնում մրցակից:
-Ուրեմն բոլորին էլ մրցակից եմ տեսնում ինձ, քանի որ բոլորն էլ, ովքեր չափորոշիչներին համապատասխանում են, իրավունք ունեն` տեղ գտնեն այդ քվեաթերթիկում:
-Բայց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից կոնկրետ մեկը պետք է լինի, ու այս ամենը հաշվի առնելով` Ձեզ կոնկրետ թեկնածուներից ո՞ւմ եք մրցակից տեսնում:
-Ես քարոզարշավ չեմ գնում, որ իմանամ` իմ մրցակիցներն ովքեր են, նախընտրական բուկլետներ չեմ բաժանել, ասֆալտ չեմ պատրաստվում որեւէ դատարանի դիմաց անել, ինձ թվում է` իմ կատարած աշխատանքի համար ինձ կա՛մ կքվեարկեն, կա՛մ ոչ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՑԻԳԱՆԿՈՎԻ ՀԱՐՑԸ
Ինչպես հայտնի է` փետրվարի 24-ին Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային հանդիպել էր Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Վրաստանի փոխվարչապետի հետ հանդիպմանը ՀՀ իրավապահ համակարգը քննարկել է Վրաստանում աղմկալի գործերով կալանքի տակ գտնվող անձանց Հայաստան տեղափոխելու հարցը արագ կարգավորելու խնդիրը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության` Գիորգի Գախարիան Սերժ Սարգսյանին է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները: Զրուցակիցները երկուստեք կարեւոր են համարել այդ ոլորտում փոխգործակցությունը եւ բարեկամ երկու երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին այս հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ խոսել են այս օրերին Վրաստանում գտնվող, «Կոնվերս» բանկի Սայաթ-Նովա մասնաճյուղում 200 հազար դոլարի հափշտակության գործով Վրաստանում կալանավորված 29-ամյա Պյոտր Ցիգանկովի մասին եւ, առհասարակ, նրան Հայաստան տեղափոխելու գործնթացին առնչվող հարցերից:
Հանդիպումից հետո իրավապահ համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` Ցիգանկովի տեղափոխումը այդքան էլ շուտ գործընթաց չի լինի, քանի որ Վրաստանում, ամենայն հավանականությամբ, նրան սահմանահատման մասով ազատազրկման կդատապարտեն, որից հետո Ցիգանկովը կվերադառնա Հայաստան:
Իսկ ահա ամենագլխավոր հարցը դեռեւս մնում է բոլորի համար առեղծված` արդյո՞ք կա 200 հազար դոլար գողոնը, թե՞ ոչ, սակայն իրավիճակը ցույց է տալիս, որ շուրջ մեկ ամիս հետախուզման մեջ գտնվող Ցիգանկովի մոտ որեւէ գումար չի հայտնաբերվել, ասել է, թե գողոնը չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Կոնվերս» բանկի մասնաճյուղից 200 հազար դոլար էր հափշտակվել, ավելի ուշ հայտնի դարձավ, որ գումարը հափշտակել է Պյոտր Ցիգանկովը, վերջինիս նկատմամբ հայտարարվեց հետախուզում, եւ դեպքից մեկ ու կես ամիս անց` դեկտեմբերի 17-ին, նա հայտնաբերվեց Վրաստանում:
Հիշեցնենք նաեւ` Վրաստանում ձերբակալվել էին նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանի կենտրոնում կրակոցների հեղինակները՝ Ալավերդիից քրեական հեղինակություններ Բլբուլյանն ու Կարադավիդովը, որոնց նկատմամբ եւս հետախուզում է հայտարարվել, եւ նրանք դեռ չեն տեղափոխվել ՀՀ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԸ
Փետրվարի 23-ին Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել էր 26-ամյա Վարդան Մնացականյանի դին: Armlur.am-ի փոխանցմամբ` Վարդան Մնացականյանն աշխատում էր «Ռոսսիա մոլ»-ում որպես մաքրության գծով պատասխանատու: Ինչն էր երիտասարդի առեղծվածային մահվան պատճառը, դեռեւս անհայտ է: Հիշեցնենք, որ իրավապահները նրան` որպես անհետ կորած, փնտրում էին հունվարի 30-ից: Նրա դին հայտաբերվել էր Հրազդանի կիրճում` Կիեւյան կամրջի տակ, Հրազդան գետում:
ՆՈՐԱԾՆԻ ԴԻ
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածին երեխայի դի է հայտնաբերվել: Իրավապահները մեկնել են դեպքի վայր, կատարվել են համապատասխան աշխատանքներ: Նշենք, որ երեխան եղել է արական սեռի:
«ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ»` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան: Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում պաշտպանական ճառով հանդես է եկել Սամվել Բաբայանը: Նա կրկին պնդել է, որ իրեն հանիրավի են մեղադրում, եւ հորդորել դատարանին արդար դատավճիռ կայացնել: Երբ հերթը հասել է պետական մեղադրողի` դիրքորոշում հայտնելուն, ամբաստանյալ Ս. Գաբրիելյանը խնդրել է իրեն թույլ տալ դուրս գալ նիստերի դահլիճից, քանի որ «երբ լսում է պետական մեղադրողին, սիրտը վատանում է»: Դատարանն առաջարկել է շտապօգնություն հրավիրել, եթե ամբաստանյալը իրեն վատ է զգում, Ս. Գաբրիելյանը համաձայնել է:
ՄԵՂԱԴՐԱՆՔ 7 ԱՆՁԻ
7 անձի մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար: Հայաստանի Հանրապետության ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրգործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, պարզվել է թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավված 7 անձի ինքնությունը: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ թմրամիջոցները Հայաստան են ներկրվել Իրանի Իսլամական Հանրապետությունից` մաքսանենգ ճանապարհով: Ի դեպ, նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված 1-ի համաձայն` «Մեթամֆետամինի» 1.5 գրամից ավելը համարվում է առանձնապես խոշոր չափ: