«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է խոսելու արտախորհրդարանական ուժերի դերի մասին: Փաստ է, որ Հայաստանում ակտիվ են միայն խորհրդարանում առկա քաղաքական ուժերը, այն էլ բացառապես խորհրդարանական ամբիոնի շնորհիվ, երբ կարողանում են պարբերաբար հանդես գալ կարեւորագույն հարցերի, օրինագծերի վերաբերյալ` երբեմն աղմկելով, երբեմն այս կամ այն ուժերով պայմանավորվածությունների մեջ մտնելով: Իսկ արտախորհրդարանական ուժերը, հատկապես փոքր կուսակցությունները, երբ քաղաքական լրջագույն իրադարձություններ չկան, ակտիվանում են միայն ընտրությունից ընտրություն:
«Ժառանգություն» կուսակցությունը եւս բացառություն չէ. 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ձախողված ՕՐՕ դաշինքի մաս կազմող «Ժառանգությունը» այս ընթացքում ստվերում էր: Սակայն փետրվարի 26-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, որտեղ կուսակցության ղեկավար է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: Մինչ այդ՝ 2002 թվականից սկսած, «Ժառանգություն» կուսակցությունը ղեկավարում էր հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նորընտիր ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ղեկավարի փոփոխությունից իրենց հիմնական ուղենիշը չի փոխվելու, եւ կուսակցությունն իր գործունեությունը շարունակելու է այնպես, ինչպես նախկինում:
-Պարո՛ն Մարտիրոսյան, կուսակցության վարչության նիստում ընտրվել եք «Ժառանգության» նախագահ: Ինչո՞ւ նման փոփոխություն եղավ:
-Պարոն Հովհաննիսյանն է սկզբում առաջարկել, հետո` վարչության այլ անդամները: Րաֆֆի Հովհաննիսյանն այսուհետ քաղաքական խորհուրդը կհամակարգի:
-Որպես արտախորհրդարանական ուժ` ակտի՞վ գործունեություն եք ծավալելու:
-Ե՛վ որպես արտախորհրդարանական ուժ ենք միշտ ակտիվ գործել, ե՛ւ որպես խորհրդարանական, եւ հիմա որպես էլի արտախորհրդարանական ակտիվ գործելու ենք:
-Առաջիկայում ներքաղաքական փոփոխություններ են սպասվում: Եվ արդեն կան ուժեր, որոնք հայտարարում են, թե պայքարելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: «Ժառանգության» ծրագրերում նման օրակարգ առկա՞ է:
-Մեզ մոտ որեւէ անձի դեմ պայքարի օրակարգ չկա, մեզ մոտ կա արմատական բարեփոխումների օրակարգ՝ հանուն Հայաստանի եւ հանուն մեր քաղաքացիների օրակարգ, եւ ակնհայտորեն այդ օրակարգը կյանքի կոչելու համար առաջին հերթին անհրաժեշտ է իշխանափոխություն: Ուստի մենք այդ գծի մեջ ենք միշտ եղել եւ այդ գծի մեջ էլ լինելու ենք:
-Եթե առաջիկայում նման գործընթացներ լինեն, հնարավո՞ր է` «Ժառանգություն» կուսակցությունը եւս միանա:
-«Ժառանգությունը» մինչեւ հիմա Հայաստանում ինչ գործընթաց եղել է, որտեղ եղել է հասարակության եւ քաղաքացու շահերի պաշտպանություն, մենք այդտեղ կանգնած ենք եղել: Իհարկե, խոսքը չի գնում կեղծ գործընթացների, իմիտացիաների մասին, այլ իրական գործընթացների:
-Կեղծ ասելով նկատի ունե՞ք նաեւ նախաձեռնող ուժերին:
-Ուժը կարեւոր չէ: Կարեւոր է, թե ինչ օրակարգ է առաջ քաշվում, այդ օրակարգի բովանդակային լուծման ուղղությամբ իսկապես քայլեր են ձեռնարկվում, այլ ոչ թե իմիտացիոն քայլեր: Այդ ժամանակ «Ժառանգությունը» միշտ էլ ակտիվ մասնակցություն ունեցել է:
-Առաջիկայում Հայաստանում իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Հայաստանում իշխանափոխության հիմքեր միշտ կան: Եթե իշխանափոխության հիմքեր չլիներ, որեւէ ընտրություն երբեւիցե որեւէ իշխանություն չէր կեղծի: Սա, կարծում եմ, շատ ակնհայտ է դարձնում ամեն ինչ:
-Դուք նշեցիք, թե «Ժառանգություն» կուսակցությունը միշտ ակտիվ է եղել, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին մշտապես քննադատել են, հատկապես նրա համար, որ վերջինս անընդհատ արտերկրում է լինում, չի զբաղվում կուսակցությունով:
-Դա Հայաստանի քաղաքական միֆերից մեկն է, որ ինքը ԱՄՆ-ում է շատ լինում: Դուք չեք տեսել որեւէ ընտրություն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի բնակության ցենզի հետ կապված խնդիր առաջանա: Որովհետեւ ինքը ճնշող մեծամասնությունը՝ 12 ամսից առնվազն 10 ամիսը, Հայաստանում է լինում: Դրա համար նման բան չկա: Ընդ որում, նա ոչ միայն ԱՄՆ-ում է լինում, այլ նաեւ Եվրոպայում, հատկապես ԵԺԿ կուսակցություն մտնելուց հետո: Ընդ որում, նա որտեղ էլ լինի, Հայաստանի շահը պաշտպանում է, այդ թվում Թուրքիայում: Դրա համար այդպիսի կեղծ օրակարգ գոյություն չունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ-ում ավելի շատ է լինում, քան Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է ակտիվությանը, Դուք բացեք 2003 թվականից սկսած բոլոր պրոցեսները եւ տեսեք՝ «Ժառանգության» անդամները որտեղ են եղել, ու կզգաք, որ չի եղել որեւէ պրոցես, որ «Ժառանգության» անդամները եղած չլինեն:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԾԵՐԱՑԱԾ, ԽԱՎԱՐ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արտագաղթը վատ հետեւանքներ է ունեցել: Պատկերն առավել քան մռայլ է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղում: Բարեկամավանի վարելահողերը եւ արոտավայրերը գտնվում են սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինուժի նշանառության տակ, այդ պատճառով չեն օգտագործվում: Գյուղը ոռոգման ջուր չունի, խմելու ջրի պակաս է զգացվում: Բարեկամավանում մնացել են միայն դպրոցահասակ երեխաների ծնողները եւ նրանք, ովքեր հիմնական աշխատանք ունեն: Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 19 աշակերտ: Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ այս տարի դպրոցը չունի 1-ին, 2-րդ եւ 5-րդ դասարաններ, 4-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններն ունեն մեկական աշակերտ: 1970-ական թվականների կեսին Բարեկամավանի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, բարեկամավանցի 9-10-րդ դասարանների աշակերտները հաճախում էին հարեւան Կոթիի եւ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներ: Բարեկամավանում փողոցների գիշերային լուսավորություն չկա, գիշերները գյուղը թաղվում է խավարի մեջ: Երեկոները, երբ գյուղի բարձունքից հայացք ես գցում ներքեւում գտնվող Բարեկամավանին, շատ քիչ տներում է լույս վառվում: Բարեկամավանը գազաֆիկացվել է, սակայն բնական գազ չի ստանում: Ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով գազատար, դեղին ներկված խողովակները ծակծկվել, շարքից դուրս են եկել: Գյուղի Վերին ղաշ թաղամասում միայնակ ապրող 88 տարեկան կնոջ առանձնատունը գազաֆիկացնելու համար մոտ 800 մետր երկարությամբ, մեծ տրամաչափի գազատար խողովակ է անցկացվել: Այդ կինը վերջերս մահացել է: Նշված թաղում` մոտ մեկուկես կիլոմետր երկարությամբ հատվածում, այժմ ընդամենը 3 ընտանիք է բնակվում, որոնց անդամները մեծամասամբ ծերեր են:
ՄԱՐԶԱՅԻՆԸ ԼՔԵԼ Է ԵԹԵՐԸ
Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը, որ փաստացի հանդիսանում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի սեփականությունը, եթեր չի հեռարձակվում: Մարզային այդ հեռուստաընկերությունը տեղական նորություններ, մարզի կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հաղորդումներ չի պատրաստում եւ հեռարձակում, փոխարենը վերահեռարձակում է ՀՀԿ-ի «Արարատ» հեռուսատաընկերության հաղորդումները: Այլ կերպ ասած` Հովիկ Աբովյանն իր հեռուստատեսությունը դարձրել է ՀՀԿ-ի խոսափողը այդ մարզում: «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերությունը Հայաստանի մարզերում թվային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից որպես մատուցված ծառայության վճար պահանջում է տարեկան 4 միլիոն դրամ գումար: Այդքան գումար «Տավուշ» հեռուստաընկերությունն ի վիճակի չէ մուծելու, քանզի Տավուշի մարզում խոշոր ձեռնարկություններ, պոտենցիալ գովազդատուներ գրեթե չկան: Տավուշի մարզային հեռուստաընկերության ճակատագիրը մշուշոտ է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ
Մի շարք ընկերություններ հայտնվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովը առաջիկայում վեց ընկերությունների նախազգուշացում կտա, իսկ երեքին` կտուգանի:
Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընկերություններն են «Բիթլիս-Մեն», «Լորագետ ՀԷԿ», «Լուսակերտ Բիոգազ Փլանթ», «Քանար», «Քուռկիկ Ջալալ», «Ապահով տանիք», «Արաց», «Տաթեւի անապատ» եւ «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենսի շրջանային միավորում ընկերությունները: Բանն այն է, որ նշված ընկերությունները պետք է հունվարի 25-ին Հանձնաժողով ներկայացնեին իրենց գործունեության մասին հաշվետվություն, սակայն վերջիններս մի քանի օր այն ուշացրել են: Այդ պատճառով էլ Հանձնաժողովի կողմից ոչ միայն նկատողություն են ստացել, այլեւ տուգանվել են:
Այսպես` «Ապահով տանիք» ՍՊԸ-ն, որը շահագործում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի եւ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վահագնի» ՓՀԷԿ-ը, փետրվարի 28-ին ՀԾԿՀ-ի կողմից նախազգուշացում կստանա, գործունեության մասին հաշվետվությունը 5 օր ուշ է ներկայացրել: Իսկ ահա Լոռու մարզում Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների վարչական տարածքում գտնվող «Քուռկիկ ջալալ» ընկերությունը, որը շահագործում է նույնանուն փոքր ՀԷԿ-ը, մոտ երկու շաբաթ է ուշացրել հաշվետվության ներկայացնելը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ ընկերություններից երեքը` «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում, «ԱՐԱՑ» եւ «Տաթեւի անապատ» ընկերությունները, նույն պատճառաբանությամբ յուրաքանչյուրը 250 հազար դրամի չափով տուգանվել են:
Ի դեպ, այս ընկերություններից «Տաթեւի անապատ»-ն առաջին անգամը չէ, որ հայտնվում է ՀԾԿՀ տեսադաշտում: Ըստ շրջանառվող լուրերի` «Տաթեւի անապատ» ընկերության 50 բաժնեմասը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը երկու փոքր հիդրոէլեկտրակայան է շահագործում Տաթեւ եւ Տանձատափ համայնքների տարածքում: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով` «Տաթեւի անապատ» ընկերության մնացյալ 50 տոկոսը հավասարապես կիսում է ոմն Արսեն Սարգսյանի հետ: Սպարտակ Սանթրոսյանը նաեւ ընկերության տնօրենն է, ով Տաթեւ գյուղի բնակիչ է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ