ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐՈՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի վերջին օրերի նշանակումները խիստ տարօրինակ էին: Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին նշանակեց իր խորհրդական: Միաժամանակ Կարեն Կարապետյանը նախօրեին իր խորհրդական է նշանակել Արամ Մխոյանին: Առաջին հայացքից միգուցե որեւէ արտառոց բան չկա, բայց իրականում այս նշանակումները տարօրինակ էին այնքանով, որ ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Կարեն Կարապետյանին պաշտոնավարման համար մնացել է մոտ մեկ ամիս: Ուստի այդ կարճ ընթացքում խորհրդական ընտրելը, այդ նպատակով պետական միջոցներից ռեսուրսներ ծախսելը, համաձայնեք, խիստ տարօրինակ է: Ու տպավորություն է, թե Սարգսյանն ու Կարապետյանը, որ առանց այն էլ խորհրդականների հսկա բանակ ունեն, այսօր անելանելի դրության մեջ են եւ հրատապ նոր խորհրդականների նոր խորհուրդների կարիք ունեն, ուստի չխնայելով պետական միջոցները` որոշել են իրենց շրջապատել նման թանկագին անձանցով:

Սկսենք հերթով. Հասմիկ Պողոսյանը բավական երկար զբաղեցրեց մշակույթի նախարարի պաշտոնը` չնայած այն բողոքներին ու դժգոհություններին, որ կային նախարարի եւ իր ղեկավարած գերատեսչության շուրջ: Ուղիղ 10 տարի նա ղեկավարում էր մշակույթի նախարարությունը եւ միայն 2017 թվականին հրաժեշտ տվեց պաշտոնին, եւ նրա փոխարեն նշանակվեց Արմեն Ամիրյանը:
Եվ այժմ` չանցած մեկ տարի, Սերժ Սարգսյանն իր սիրելի կադրին նորից պաշտոն է տալիս: Իհարկե, այս դեպքում հարց է ծագում` այդ ի՞նչ խորհուրդներ է Հասմիկ Պողոսյանը տալու նրան: Այդ ի՞նչ բարեփոխումներ էր նա իրականացրել իր ոլորտում, ե՞րբ էր նրա օրոք մշակույթը վերելք ապրել, որ այժմ էլ նախագահական ինստիտուտում փորձի մի բան անել: Նաեւ հարց է ծագում` ինչո՞ւ նշանակումն արվեց այժմ` փետրվար ամսին, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է մեկ ամիս ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ արդեն իսկ հայտարարվել է` նախագահի աշխատակազմում լուրջ կրճատումներ են լինելու. սպասվում է, որ այստեղ 159 հաստիք կրճատվելու է, քանի որ նոր Սահմանադրությամբ նախագահին քիչ լիազորություններ են վերապահված, հետեւաբար կարիք չկա մեծ աշխատակազմի: Գուցե Սերժ Սարգսյանը Հասմիկ Պողոսյանին որպես «ժառանգությո՞ւն» է թողնում նոր նախագահին, որն արտառոց որեւէ դեպք բացառելու պարագայում դառնալու է Հայաստանի հաջորդ նախագահը: Չի բացառվում նաեւ, որ վարչապետի պաշտոնում այս պահին ՀՀԿ-ական միակ թեկնածու Սերժ Սարգսյանը Հասմիկ Պողոսյանին իր հետ տանի առաջիկայում ձեւավորվելիք կառավարություն:
Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը խորհրդականների պակաս չունի: Նա ունի մեկ գլխավոր խորհրդական` Արամ Ղարիբյանը, եւս յոթ խորհրդականներ` Միքայել Հարությունյանը, Վարդան Խաչատրյանը, Ֆելիքս Փիրումյանը, Գագիկ Գեւորգյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, Արմեն Սմբատյանը: Եվ հիմա արդեն յոթերորդ խորհրդականը ունեցավ` Հասմիկ Պողոսյանը: Ընդ որում, նկատենք՝ Արմեն Սմբատյանը մշակույթի ոլորտից է, եւ այդ առումով էլ տարօրինակ է Պողոսյանի նշանակումը: Չնայած, ասում են` Հ. Պողոսյանի կադրային առաջխաղացման մեջ մեծ դեր ունի հենց Արմեն Սմբատյանը:
Ուշագրավ է նաեւ մեկ այլ նշանակում: Փետրվարի 26-ին նոր խորհրդական ունեցավ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ պաշտոնը տրվեց Արցախի գյուղատնտեսության նախկին նախարար Արամ Մխոյանին: Հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Կարապետյանն արցախցի է, դժվար չէ կռահել, որ նա որպես իր խորհրդական նշանակել է համերկրացու սկզբունքով: Այսպիսով` Կարապետյանի հերթական նշանակումն է, երբ նախապատվությունը տրվում է մտերիմ մարդու` լինի ընկեր, բարեկամ, թե պարզապես համերկրացի: Չնայած ժամանակին հենց նա էր հանձնարարել, որ նույն դպրոցում կամ մանկապարտեզում մայր ու աղջիկ չպետք է աշխատեն: Բայց այսօր Կարեն Կարապետյանն արցախցի իր մտերիմներին է բերում: Եվ խնդիրն այստեղ ամենեւին էլ կադրերի մասնագիտական կարողությունները կամ մարդկային որակները չեն, այլ խնդիրը գործելաոճն է: Տարօրինակ է վարչապետի նշանակումը, երբ իր պաշտոնավարմանը մնացել է մոտ մեկ ամիս: Եւ ուրեմն ի՞նչ իմաստ ունի ծախսել պետական ռեսուրսները, երբ առանց այն էլ խորհրդականների հսկա բանակ ունի՝ 13 հոգի: Թվարկենք՝ Կարեն Կարապետյանը երեք գլխավոր խորհրդական ունի` Գագիկ Մարտիրոսյանը, Գեւորգ Մուրադյանը եւ Հայկ Դավթյանը: Աշխատում է եւս մեկ գլխավոր խորհրդական հասարակական հիմունքներով` Էդուարդ Ներսիսյանը: Եվս երկու խորհրդական կան, որոնցից մեկը հենց Արամ Մխոյանն է, մյուսը` Գեւորգ Մալխասյանը: Բացի այս` վարչապետը ոչ ավել, ոչ պակաս եւս յոթ այլ խորհրդական ունի: Նրանք են Ալեքսանդր Խաչատուրյանը, Արիաննե Կաոիլին, Արմեն Ավակ Ավակյանը, Համլետ Հովսեփյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը եւ Վռամ Գյուլզադյանը: Ճիշտ է` վերջիններս աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն` բյուջեից աշխատավարձ չեն ստանում, սակայն օգտվում են պետական միջոցներից, գույքից եւ այդպես շարունակ:
Չէ, իսկապես ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել երկու նոր խորհրդականների հետ, սակայն Արամ Մխոյանը կարծես թե դեռ աշխատանքային համար չունի, իսկ Հասմիկ Պողոսյանի աշխատանքային հեռախոսին այդպես էլ պատասխանող չեղավ: Պողոսյանն անպատասխան թողեց նաեւ բջջային հեռախոսի զանգերը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼՌՈՒՄ Է
Մարտի 1-ի դեպքերի 10-րդ տարելիցին ընդառաջ կրկին ակտիվացել են այս թեմայով քննարկումները: Ու որպես մարտի 1-ի առաջնային պատասխանատու` առաջին մեղավոր մատնանշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Նախօրեի խորհրդարանական լսումների ժամանակ նրա ուղղությամբ մեղադրանքի սլաքներ ուղղեց անգամ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը, երեկ էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը ընդգծեց, թե Քոչարյանը որեւէ կերպ պետք է արձագանքի այդ մեղադրանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ի՞նչ է այդ ամենի մասին մտածում երկրորդ նախագահը: Վերջինս, սակայն, լսելով հարցը` ասաց, թե հարցազրույց չի տալիս եւ հրաժարվում է որեւէ հարցի պատասխանել, անգամ նման հարցերի:

 

 

ԿԱԹՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու իր որդին` Սերգեյը, զբաղված են կաթնամթերքի արտադրությամբ: Խոսքը «Կրեմա» կաթնամթերքի ընկերության մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Տեղեկացնենք, որ նրանց պատկանող կաթնամթերքի գործարանը ակտիվ գործունեություն էր ծավալում, երբ Դավիթ Լոքյանը զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Բայց նախարարի պաշտոնը թողնելուց հետո կաթնամթերքի գործարանը դադարեցրեց իր գործունեությունը: Պարզվում է` հիմա հակառակ երեւույթն է. գործարանը իր գործունեությունը սկսել է անցած տարվա հոկտեմբերից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատանքներով հիմնականում զբաղված է կրտսեր Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, նաեւ ԱԺ ընտրություններում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից մեկը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում:

 

 

ՊԱՊԱՅԻ ԽԱԹԵՐ
Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակվեց Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քաղաքապետ Սերգեյ Դարբինյանի որդին է: Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Դարբինյանից հասկանալ, թե իր որ արժանիքի համար իրեն նշանակեցին ՀՀ Վարչական դատարանի նախագահ, սակայն լսելով հարցը, նա խուսափեց պատասխանելուց` մեկնաբանելով, որ շատ զբաղված է: Ավելի ուշ կրկին վերջինիս նույն հարցով անհանգստացրինք, սակայն դատարանի նախագահը զբաղված էր ու էլի զբաղված: Նկատենք, որ վարչական դատարանում միայն հայտնի պաշտոնատար անձանց երեխաներն են դատավոր աշխատում, եւ Դարբինյանը նրանցից մեկն է: Մեկ փաստ էլ. նրա կենսագրությունից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ Դարբինյանը չի ծառայել Հայոց բանակում:

 

 

 

ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՀԱՐԳԵԼ
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Երեւանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է: Այդ մասին «Ազատության» հարցին ի պատասխան` ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «ԱՄՆ-ը պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների` փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաեւ խրախուսում է կողմերին` հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնեւում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները»: Հիշեցնենք, որ Ալիեւի խոսքերին ավելի վաղ անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան` նշելով, որ «հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

 

 

ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, երեկ հրապարակել է Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատավճիռը: Դատարանը մերժել է Սամվել Բաբայանի, Արմեն Պողոսյանի եւ Սանասար Գաբրիելյանի պաշտպանների բողոքներն ու անփոփոխ թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Սանասար Գաբրիելյանին դատարանը մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 3 տարի ազատազրկման: Արմեն Պողոսյանին նույնպես դատարանը մեղավոր էր ճանաչել քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման:

 

 

ՄԱՐՏԻ 1-ԻՑ ԲԱՑ ԿԼԻՆԻ
Երեւանի Մյասնիկյանի արձանի հարակից տարածքը մարտի մեկին բաց ու հասանելի կլինի, եւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել ցանկացող քաղաքացիները հնարավորություն կունենան մոտենալ ու ծաղիկներ դնել հուշարձանի մոտ: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը եւ դրա հետնամասում գտնվող այգին այս ընթացքում շրջափակված էին պաստառներով: Այստեղ ձեռնարկվել են բարեկարգման եւ շատրվանների կառուցման աշխատանքներ, որոնք ստանձնել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը որպես նվեր Երեւանին` 2800-ամյակի առթիվ:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Հանրապետական խորհրդի եւ մտավորականների խորհրդի հանդիպումը ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Վերջինիս առաջարկով հանդիպման մասնակիցները նախ բազմաթիվ հարցադրումներ եւ մտահոգություններ են ներկայացրել: Մասնավորապես արտագաղթ. պատճառների բացահայտում եւ վերացում, կրթության, առողջապահության, մշակույթի, տուրիզմի, ներքին տուրիզմի, բնապահպանության, արեւային էներգիայի օգտագործման, սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր: Ա. Սարգսյանին առաջարկվել է պարբերաբար հեռուստատեսային զրույցներ վարել հանրության հետ: Ի պատասխան` Արմեն Սարգսյանը հավաստիացրեց, որ պատրաստ է մշտական շփումների: Նրանք հաջողություն են մաղթել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:




Լրահոս