Սերժ Սարգսյանը ու նրա սպասարկուներն անկարող են կտրել այն ճյուղը, որի վրա նստած են. Մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը՝ ըստ ամերիկացի դիվանագետների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրանում է Մարտի 1-ի աննախադեպ ոճրագործության 10-րդ տարելիցը: Այս 10 տարիների ընթացքում իշխանությունը որեւէ գործողություն այդպես էլ չձեռնարկեց գործի բացահայտման ուղղությամբ: Եվ դա էլ բնության օրենքով, քանի որ Մարտի 1-ի միջոցով իշխանության եկած Սերժ Սարգսյանը ու նրա սպասարկուները պարզապես անկարող են կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Ի վերջո, Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի համար բացահայտելու բան էլ չկա, քանի որ նրանցից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ միջոցներով է պահվել իշխանությունը 2008թ. մարտի 1-ին, ընդ որում, այդ ամենն արվեց հանուն իր պաշտոնավարման:

Բազմաթիվ իրավապաշտպանների, հայաստանյան ընդդիմադիր գործիչների, միջազգային կազմակերպությունների կարծիքն առ այն, որ իշխանությունն է պատասխանատու Մարտի 1-ի համար, ոմանք կարող են կանխակալ համարել: Սակայն դժվար է նույն գնահատականը հնչեցնել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների կարծիքի կապակցությամբ` հաշվի առնելով, որ նրանք տեղեկատվություն են փոխանցել իրենց կառավարություններին, որոնք էլ դրանց հիման վրա պետք է քաղաքականություն մշակեին ու իրականացնեին: Այլ կերպ ասած` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների գաղտնի մեկնաբանությունները Մարտի 1-ի ու դրա պատասխանատուների մասով կարելի է լիովին իրականություն համարել` ինչպես նրանց` կողմնակի դիտորդ լինելու, այնպես էլ առաջին ձեռքից ստացված տեղեկատվություն ունենալու ու այն հավասարակշիռ կերպով վերլուծելու հանգամանքներով պայմանավորված։
2008թ. իշխանության գործողությունները թերեւս ամենից անաչառ գնահատել են ամերիկյան դիվանագետները, որոնց հեղինակած գաղտնի զեկուցագրերը բարեբախտաբար հանրայնացված են:

Հայտնի «Վիկիլիքսի» շնորհիվ պարզ է դառնում, թե իրականում ինչ տեղեկատվություն են ունեցել ԱՄՆ դիվանագետները 2008թ. մարտի 1-ին Երեւանի փողոցներում կատարված իրադարձությունների մասին: Այսպես` այդպիսի մի զեկուցագրի հեղինակը 2008թ. մարտին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնն է, որը փոխանցելով 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում իշխանության գործողություններից ու իշխանության առանձին ներկայացուցիչների հետ քննարկումներից ստացված իր տպավորությունը` համոզված էր` իշխանությունը որեւիցե բանի առաջ կանգ չի առնի` իր հաղթանակն ապահովելու համար: Ըստ Փենինգտոնի` իշխանությունը ավելի շուտ հակված էր բռնություն կիրառել հրապարակում հավաքված քաղաքացիների նկատմամբ, քան վտանգի տակ դնել ապահով իշխանավարության հեռանկարը: Մեկ այլ զեկուցագրում դիվանագետը արձանագրում է` «ի հեճուկս իշխանության ու կառավարության պնդումների եւ հիմնվելով բազմաթիվ առաջին ձեռքից ստացված տեղեկությունների վրա` մենք ապացույցներ չունենք, որ ցուցարարների մեջ եղել են հրազենով զինված մարդիկ: Մենք հավատացած ենք, որ հրազենով զինված են եղել միայն կառավարական ուժերը»: Ներկայացնելով մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները` ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը փաստում է, որ ինչ-ինչ սադրիչների գործողություններից հետո որոշ ոստիկաններ կամ էլ զինվորներ գործի են դրել իրենց զենքերը` ուղիղ կրակ արձակելով ցուցարարների վրա: Փաստորեն, դիվանագիտական բարձր մակարդակով հաստատվում է անզեն ցուցարարների վրա դիմահար կրակելու փաստը:

2008-2011թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նույնպես իրադարձությունների գլխավոր մեղավոր էր ճանաչում իշխանություններին: Ըստ դեսպանի` 2008թ. փետրվարի խաղաղ քաղաքական հանրահավաքներն ու ցույցերը հաջորդել էին «նախագահական վիճահարույց ընտրություններին»: Դիվանագետը հավելում է, որ այդ խաղաղ իրավիճակը խաթարվել է միայն կառավարության կողմից կիրառված բռնության արդյունքում: Յովանովիչը նաեւ նկարագրում է դեպքերի հետագա ընթացքը` փաստելով, որ ընդդիմության բազմաթիվ համակիրներ ձերբակալվեցին ու դատապարտվեցին ազատազրկումների դատական վիճահարույց որոշումներով: Անդրադառնալով նաեւ Մարտի 1-ը հետաքննող փաստահավաք խմբի գործունությանը` դեսպանը նախ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանն այս խումբը ստեղծել էր` առաջին հերթին միջազգային հանրության քննադատությանն ու ճնշումներին տեղի տալով: Դեսպանը հայտնում է իր կառավարությանը. «Մեզ շշուկներ են հասնում, որ առաջին զեկույցի շուրջ տեղեկատվական հոսքը եւ այն հեռանկարը, որ ընթացքում կարող են իշխանությունների համար վտանգավոր բացահայտումներ լինել, եղան այն հիմնական պատճառը, որ խումբը ցրվի»: Դեսպան Յովանովիչը նաեւ մեկնաբանում է. «Մարտի 1-2-ի դեպքերի անկախ հետաքննությունը հավանաբար երբեք էլ շահեկան չի լինի իշխանությունների համար: Պարզ է, որ իշխանությունները, որ երբեւէ պատրաստակամ չեն էլ եղել փաստահավաք խմբի ստեղծման գործում ու դրան գնացին` ելնելով ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնակատարի ճնշումներից, ի սկզբանե առիթ էին փնտրում կասեցնելու դրա գործողությունը: Այս խմբի գործունեությունը եղավ այն հազվադեպ փայլուն քայլերից մեկը, որ արեց կառավարությունը մարտի 1-2-ի իրադարձությունների բացահայտման գործում: Այս խումբն իրականում մեծ պոտենցիալ ուներ: Դժբախտություն է, որ խմբի կազմավորումը իշխանության համար ակնհայտորեն դիտվում էր լոկ քաղաքական պարտականություն եւ ոչինչ ավելին»:

Մարտի 1-ի իրական պատասխանատուին ու մեղավորին, սակայն, հստակորեն մատնանշում է Ջոզեֆ Փեննինգտոնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպումներից մեկը գնահատելիս. «Բավականին զարմացնող էին նաեւ նրա մեկնաբանությունները մարտի 1-2-ի հետընտրական բռնությունների վերաբերյալ, կարծես այդ ամենն անակնկալ եղանակային պայմանների արդյունք էր` դուրս մարդկային վերահսկողության սահմաններից: Իրականում մարտի 1-2-ի բռնությունների մեղքն ամբողջովին ընկնում է Հայաստանի իշխանությունների վրա եւ նրանց մանրամասն ծրագրված որոշման վրա` զորք մտցնելու եւ Ազատության հրապարակը ցուցարարներից մաքրելու նպատակով»:

Ն. Հովսեփյան




Լրահոս