Մի շարք ընկերություններ հայտնվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանձնաժողովն այսօր վեց ընկերությունների նախազգուշացում տվեց, իսկ երեքին` տուգանեց:
Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընկերություններն են «Բիթլիս-Մեն», «Լորագետ ՀԷԿ», «Լուսակերտ Բիոգազ Փլանթ», «Քանար», «Քուռկիկ Ջալալ», «Ապահով տանիք», «Արաց», «Տաթեւի անապատ» եւ «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենսի շրջանային միավորում ընկերությունները: Բանն այն է, որ նշված ընկերությունները պետք է հունվարի 25-ին Հանձնաժողով ներկայացնեին իրենց գործունեության մասին հաշվետվություն, սակայն վերջիններս մի քանի օր այն ուշացրել են: Այդ պատճառով էլ Հանձնաժողովի կողմից ոչ միայն նկատողություն են ստացել, այլեւ տուգանվել են:
Այսպես` «Ապահով տանիք» ՍՊԸ-ն, որը շահագործում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի եւ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող «Վահագնի» ՓՀԷԿ-ը, փետրվարի 28-ին ՀԾԿՀ-ի կողմից նախազգուշացում կստանա, գործունեության մասին հաշվետվությունը 5 օր ուշ է ներկայացրել: Իսկ ահա Լոռու մարզում Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքների վարչական տարածքում գտնվող «Քուռկիկ ջալալ» ընկերությունը, որը շահագործում է նույնանուն փոքր ՀԷԿ-ը, մոտ երկու շաբաթ է ուշացրել հաշվետվության ներկայացնելը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ ընկերություններից երեքը` «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում, «ԱՐԱՑ» եւ «Տաթեւի անապատ» ընկերությունները, նույն պատճառաբանությամբ յուրաքանչյուրը 250 հազար դրամի չափով տուգանվել են:
Ի դեպ, այս ընկերություններից «Տաթեւի անապատ»-ն առաջին անգամը չէ, որ հայտնվում է ՀԾԿՀ տեսադաշտում: Ըստ շրջանառվող լուրերի` «Տաթեւի անապատ» ընկերության 50 բաժնեմասը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը երկու փոքր հիդրոէլեկտրակայան է շահագործում Տաթեւ եւ Տանձատափ համայնքների տարածքում: ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով` «Տաթեւի անապատ» ընկերության մնացյալ 50 տոկոսը հավասարապես կիսում է ոմն Արսեն Սարգսյանի հետ: Սպարտակ Սանթրոսյանը նաեւ ընկերության տնօրենն է, ով Տաթեւ գյուղի բնակիչ է:
Սյունէ Համբարձումյան