2018 թվականի փետրվարի 28-ին` ժամը 18:00-ին, լրացել է Հանրապետության նախագահի առաջադրման ժամկետը, եւ Ազգային ժողովի նախագահը Հանրապետության նախագահի առաջադրման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ: Ազգային ժողովի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 65 պատգամավորների գրավոր դիմումով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Արմեն Վարդանի Սարգսյանը:
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի` հայտարարում եմ, որ Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը կսկսվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մարտի 1-ի նիստում՝ ժամը 10:30-ին: