«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից: Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, ընդ որում՝ ահռելի չափերով. միայն հունվարին երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 74.3 մլն դոլար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկը, եթե ոչ ամենահիմնական գործոնը, մասնավոր տրանսֆերտներն են, ապա դժվար չէ կռահել՝ առաջիկայում ինչ դժվարություններ են սպասվում նույն այդ տնտեսությանը: Առավել եւս, երբ գումարների զուտ ներհոսքը՝ ՀՀ եկած ու դուրս եկած գումարների տարբերությունը, վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրել՝ 20.3 մլն դոլար: Մասնագետների պնդմամբ` այս պատկերը վտանգավոր է իր հետեւանքներով»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: