«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը շարունակում է խուսափել, ավելի ճիշտ` փախչել լրագրողներից: Նախօրեին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստից առաջ եւ հետո «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հարցեր ուղղել նախարար Մանուկյանին, սակայն վերջինս այդպես էլ որեւէ հարցի չպատասխանեց: «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, թե ինչո՞ւ որոշեց հրաժարական տալուց հետո դիմումը ետ վերցնել, ո՞վ է նախարարին համոզել ետ կանգնել որոշումից, Աշոտ Մանուկյանն ասաց` հետո: Սակայն նիստի ավարտից հետո նույնպես հարցերին որեւէ կերպ չարձագանքեց: Ակնհայտ է, որ նախարարը փորձում է ժամանակ շահել` այդ ընթացքում հնարավորինս խուսափելով ԶԼՄ-ներից, մինչեւ ապրիլին կազմավորվի նոր կառավարություն, որտեղ ինքը չի լինի: Նկատենք` երկրի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող գերատեսչության ղեկավարն արդեն տեւական ժամանակ է՝ չի ցանկանում պարզաբանել, թե ինչու էր հրաժարական ներկայացրել եւ ինչու հետո փոշմանեց:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: