Մասիվում բժիշկը սպանել է հարևանին. «կազմակերպված» հրդեհի հանգուցալուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ավարտվել է 74-ամյա Էդմոնդ Սիմոնյանի գործի դատական քննությունը: Նա մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունն ուսումնասիրելով` տեղեկացավ, որ  մեղադրվողը բժիշկ է, տուժողը` նրա երիտասարդ հարևանը: Այսպես, մեղադրանքի համաձայն` 2016 թվականի օգոստոսի 23-ին, ժամը 22-ի սահմաններում Ավանի Չարենց թաղամասի ավտոտնակների հրապարակում իր ավտոտնակը հրկիզելու հարցի հետ կապված՝ Էդմոնդ Սիմոնյանը վիճել է հիշյալ շենքի բնակիչ Ալեքսանդր Դ.-ի հետ: Վիճաբանության ժամանակ նա դանակով հարվածել է վերջինիս և սպանել:

Ըստ դատական ակտի՝ 74-ամյա Էդմոնդը՝ բարձրագույն կրթությամբ, բուսաբուժությամբ զբաղվող, ժամանակավոր ապրել է հիշյալ տարածքում գտնվող իր ավտոտնակի… կտուրում:

Սիմոնյանի ցուցմունքի համաձայն` ինքը ձայն է լսել, դուրս է եկել ավտոտնակի կտուրից ու իր երկրորդ ավտոտնակի մոտ տեսել է մոտ 40 տարեկան մի մարդու: Մոտեցել, տեսել է, որ մոտակա շենքի բնակիչ Ալեքսանդրն է: Էդմոնդը նկատել է նաև, որ իր երկրորդ ավտոտնակը այրվում է: Ալեքսանդրն ասել է, թե գնում է ջուր բերի, որ կրակը հանգցնի:

Որոշ ժամանակ անց Էդմոնդը տեսնելով, որ Ալեքսանդրը ջուր չի բերում` գնացել է նրա ուղղությամբ, հանդիպել է նրան, հարցրել է՝ ջուրն ի՞նչ եղավ: Ալեքսանդրը չի պատասխանել, ցանկացել է հեռանալ:

Էդմոնդը նրա պահվածքից ենթադրել է, թե նա է հրկիզել ավտոտնակը, հայհոյել է նրան, ապա իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրան: Երիտասարդը փախել է: Էդմոնդը սկզբում հետապնդել է նրան, բայց չի հասել ու վերադարձել է այրվող ավտոտնակի մոտ: Ալեքսանդրը հասել է իր շենքին, վերելակ է մտել ու հենց վերելակում մահացել է պատճառված վնասվածքներից:

Դատարանում Էդմոնդ Սիմոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել դիտավորյալ սպանության համար:

Էդմոնդը նշել է, թե իր կարծիքով՝ Սաշիկի նպատակը եղել է ավտոտնակներին տիրանալը…

Այդ ընթացքում տարեց մարդը մի քանի տարբեր ցուցմունքներ է տվել. ընթացքում նաև հրաժարվել է մեղադրանքից, թե ինքն է սպանել երիտասարդին: Ասել է, թե երկու անծանոթ անձինք վազել են նրա հետևից՝ նախապես հրդեհի լույսի տակ իրեն զգուշացնելով՝ լսի, բիձա, նախապես զգուշացնում եմ՝ ոչ մեկ չպետք ա իմանա մեր մասին ու ինչ ա էստեղ տեղի ունեցել, եթե բերանդ շաղ ես տվել, իմացի՝ մեր ձեռքը երկար ա, քեզ կգտնենք… գլուխդ կթռցնենք…

Էդմոնդը նշել է, թե այդ սպառնալիքից այնպես է վախեցել, որ նախաքննության սկզբից ընդունել է, թե ինքն է Սաշիկին խփել, բայց դա ճիշտ չէ…

Նախաքննության ժամանակ որպես վկա հարցաքննվել է Էդմոնդի բարեկամը: Նա հայտնել է, որ Էդմոնդը մասնագիտությամբ բժիշկ է, վերջին շրջանում զբաղվում էր բուսաբուժությամբ: Նա Կորյունի փողոցում երկու սենյականոց բնակարան ունի, բայց ապրել է Ավանում՝ իր ավտոտնակներից մեկում: Վկան ասել է, թե դեպքից առաջ մի անգամ Էդմոնդի մոտ տեսել է ստվարաթղթե պատյանի մեջ դրված դանակ, որի շեղբը եղել է ալիքավոր-ատամնավոր: Երբ հարցրել է՝ որտեղի՞ց այդ դանակը, նա պատասխանել է, թե այն միշտ իր մոտ է լինում, դրանով բույսեր է կտրում…

Դատարանը Էդմոնդ Սիմոնյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 9 տարի ազատազրկման:




Լրահոս