ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:20-ին, «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ բազկի հետին մակերեսի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի անչափահաս մի բնակիչ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:
Քրեական գործով Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչը ճանաչվել է տուժող։
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի-Արևիկ ճանապարհահատվածի երկաթուղային գծանցի մոտ մեկ այլ անչափահասի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով ևս Գյումրի քաղաքի բնակիչ է:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: