Սահմանադրությունը խախտելով, լեգիտիմության դեֆիցիտով. իշխանությունները ապականեցին նաև նախագահ ընտրելու գործընթացը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր խորհրդարանը ՀՀ նախագահ կընտրի Արմեն Սարգսյանին: Մինչ այդ, սակայն, իշխանությունները հասցրին ապականել նաեւ այս գործընթացը` կասկածի տակ դնելով Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Եւ, ընդհանրապես, պետք է նկատենք, որ 1998թ. պետական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահներն ընտրվել են Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Ռոբերտ Քոչարյանը չուներ Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում: Դրան գումարած ընտրությունների ժամանակ աղաղակող կեղծիքները եւ, վերջապես, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որից հետո նրա ձեռքին կենտրոնացավ ողջ իշխանությունը:

Նույնը եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Սահմանադրության 78 հոդվածի համաձայն` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից` բացի ՀՀ նախագահից: Բայց այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, հակառակ Սահմանադրության այս պահանջին, շարունակեց պաշտոնավարումը, բացի այդ` կեղծված նախագահական ընտրություններին հաջորդեց մարտի 1-ի սպանդը:

Հիմա էլ խնդիր կա Արմեն Սարգսյանի հետ. այդպես էլ սպառիչ պատասխան չի տրվել հարցին, թե ո՞վ պետք է ընտրի նախագահին՝ խորհրդարա՞նը, թե՞ ՀՀ քաղաքացին: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ դեռ ուժի մեջ չի մտել նախագահի ընտրության կարգին առնչվող Սահմանադրության 125-րդ հոդվածը: Խնդրի սահմանադրականության վերաբերյալ պարզաբանում պետք է տար ՍԴ-ն, քանի որ բացառապես այս մարմինն է օժտված նման լիազորությունով. այդ հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը տապալվեց: Եւ բացի այդ` երեկ խորհրդարանում բացահայտ կասկածի տակ դրվեց Արմեն Սարգսյանի՝ վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ ՀՀ-ում մշտական բնակության ցենզ ունենալու հանգամանքը: Բրիտանիայի նախկին քաղաքացին փաստորեն հավակնում է դառնալ ՀՀ նախագահ:

Այսպիսով` ՀՀ իշխանությունները շարունակում են պաշտոնավարել՝ լեգիտիմության դեֆիցիտով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս