ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Քարերով չեն հարվածի իշխանությանը». «Ծառուկյան» խմբակցությունը՝ ՀՀԿ-ի կողքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում իրեն ընդդիմադիր հայտարարած «Ծառուկյան» խմբակցությունը վերջին շրջանում կարծես ե՛ւ նալին է խփում, ե՛ւ մեխին: Չմոռանալով անխնա քննադատել կառավարությանը, «Ծառուկյան» խմբակցությունը չի մոռանում նաեւ սատարել իշխանություններին եւ հենց իրենց քվեարկություններով օգնում է անցկացնել նախագծեր: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ:

-Պարո՛ն Բագրատյան, վերջին շրջանում «Ծառուկյան» խմբակցությունը հաճախ է սկսել սատարել ՀՀԿ-ին: Այդպես եղավ նաեւ Արմեն Սարգսյանի դեպքում: Ինչո՞ւ որոշեցիք սատարել նրան:

-«Ծառուկյան» խմբակցությունը որոշեց կողմ քվեարկել, որովհետեւ նախագահի թեկնածուն ընդունեց «Ծառուկյան» դաշինքի ծրագրերը: Այսինքն` ցանկացած ուժ խնդիր ունի իր ծրագրերն իրականացնելու: Մենք այդ քվեն ստացել ենք հենց այդ նպատակով: Եթե նախագահի թեկնածուն հայտարարում է, որ առնվազն ընդունում է այդ ծրագիրը, դա մեզ համար բավարար է ընդունել մարդուն, մանավանդ, որ այդ մարդն անկուսակցական է, Սահմանադրությամբ անաչառ լինելու հրամայական ունի, եւ ինքը հայտարարում է, որ պատրաստ է դրան:

-Դուք նշեցիք Արմեն Սարգսյանի անկուսակցական լինելու մասին, բայց ամեն դեպքում նա հանդիսանում է իշխող ՀՀԿ-ի եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի միասնական թեկնածուն:

-Ես մեր հանդիպման ժամանակ ուղիղ հարց եմ տվել, որ պարո՛ն Սարգսյան, Ձեզ կարող է կաշկանդել այն հանգամանքը, որ Դուք ՀՀԿ-ի թեկնածուն եք: Նա նշել է, թե ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, թե դա կաշկանդող հանգամանք չի, մանավանդ որ եթե «Ծառուկյան» դաշինքն էլ է պաշտպանում, ինքն ավելի ազատ է լինում եւ կարող է հայտարարել, որ ես միայն Ձեր կողմից չեմ քվեարկվել:

Առաջին անգամ չէ, որ «Ծառուկյան» խմբակցությունը սատարում է ՀՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկներին, դա նաեւ քննադատվում է հասարակության կողմից, որ շատ հաճախ պաշտպանում եք ոչ թե ընդդիմադիր գործընկերոջը, այլ ՀՀԿ-ին: Դա խնդի՞ր չէ Ձեզ համար:

-Եթե մենք անաչառ ենք մեր հարաբերություններում, մեր վերաբերմունքում, եղել են բազմաթիվ անգամներ, երբ մեր առաջարկությունները ընդունել է ՀՀԿ-ն, ընդունել է «Ելք» դաշինքը, եւ մենք չպետք է դա համարենք կաշկանդող հանգամանք: Այսինքն` բազմաթիվ հարցեր կան, որ բոլոր քաղաքական ուժերը կոնսոլիդացվում են: Սա չի նշանակում, որ մենք համագործակցում ենք քաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ: Բայց կան հարցեր, որտեղ պետք է հիմնավորես` ինչու ոչ: Մենք ասում ենք` քանի որ ՀՀԿ-ն ասում է` բարձրացնում ենք քաղաքացիների թոշակը, մենք ասում ենք` ոչ: Այդ դեպքում քաղաքացիները կընդունե՞ն դա, կհասկանա՞ն, կհարգե՞ն մեզ, իհարկե ոչ: Հետեւաբար պետք է ողջամիտ լինել, չպետք է տուրք տալ ամբոխահաճությանը: Այսինքն` մենք, որ ինչ-որ մեկին դուր գանք, մենք շեղվե՞նք մեր քաղաքական քայլերից:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս