Խորհրդարանն այսօր ընտրեց ՀՀ 4-րդ նախագահին: Չնայած այն հանգամանքին, որ նոր Սահմանադրության համաձայն` նոր նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, իրադարձությունը որպես այդպիսին խոշորագույն ընդհանրություն ունի 1998 եւ 2008թթ նախագահական ընտրությունների հետ` հանձին իրավական լրջագույն կոլիզիայի:
Առաջին սահմանադրա-իրավական բնույթի հակասությունն առաջացել է 1998թ.: Ըստ 1995թ. ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի` ՀՀ նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում մշտապես բնակված գործիչը, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ քաղաքացի էր եւ ՀՀ էր տեղափոխվել միայն 1997թ. մարտին: Քոչարյանը 1998թ. փետրվարի 4-ին խոստվանել էր, որ իրավաբանորեն չի համապատասխանում նախագահ առաջադրվելու սահմանադրական պահանջին, այն է` չուներ ՀՀ-ում տասը տարվա քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում:
Միայն հաջորդող օրերին Գագիկ Հարությունյանին Սահմանադրական դատարանում «արգելափակելուց» եւ այդպես Վազգեն Սարգսյանին անակնկալի բերելուց ու համոզելուց հետո Քոչարյանը «հայտնաբերեց», որ ինքը ՀՀ քաղաքացի է 1989թ. Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման որոշման հիման վրա: Սա այն նույն որոշումն էր, որը գործնական կիրառություն չգտավ, քանի որ նախ` Արցախը հռչակվեց անկախ պետություն` իր պետական ինստիտուտներով, Սահմանադրությամբ եւ այլն, ապա` Արցախի բնակչությունը որեւիցե անգամ չմասնակցեց ՀՀ ընտրություններին: Իրավական առումով լիովին կաղացող ու սպեկուլյատիվ մակարդակի հիմնավորումով խախտվեց ՀՀ Սահմանադրությունը` թույլ տալով Քոչարյանին առաջադրվել: 1998թ. ընտրություններն էլ անցան լրջագույն կեղծիքներով` սահմանադրա-իրավական խախտմանը ավելացնելով նախագահի լեգիտիմության` հանրային ընդունելիության դեֆիցիտը: Ռոբերտ Քոչարյանը 1998թ. իրավունք չուներ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, եւ այդ խարանը ուղեկցեց թե՛ նրան, թե՛ Հայաստանի Հանրապետությանը շուրջ 10 տարի:
2008թ. ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Նրա առաջադրումը նույնպես ուղեկցվեց ՀՀ Սահմանադրության խախտմամբ: Ըստ 2005թ. փոփոխություններով ընդունված Սահմանադրության 78-րդ հոդվածի` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից: Միակ բացառությունն այս դեպքում կատարված էր ՀՀ նախագահի կամ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող ԱԺ նախագահի ու վարչապետի համար` շեշտելով, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում էր կատարել իր պաշտոնական լիազորությունները: 2008թ. նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, որն առաջադրված չէր եւ իրականացնում էր նախագահի պարտականությունները:
Այսինքն` Սերժ Սարգսյանը գտնվում էր պետական ծառայության մեջ, բայց չէր հանդիսանում ՀՀ նախագահի պաշտոնակատար: Ուստի նա պարտավոր էր ենթարկվել ՀՀ Սահմանադրության պահանջին. կա՛մ հրաժարական տալ, կա՛մ արձակուրդ գնալ` ազատվելով վարչապետի պաշտոնական լիազորությունների կատարումից: Սակայն այնժամ Սերժ Սարգսյանը ո՛չ հրաժարական տվեց, ո՛չ էլ արձակուրդ գնաց` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Ընդ որում, այս հարցը ՍԴ-ում բարձրացրել էր ընդդիմադիր թեկնածուն` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց ՍԴ-ն այդպես էլ չկարողացավ մեկնաբանել` անտեսելով նշված դրույթը, այդպես ականապատելով Ս. Սարգսյանի լեգիտիմությունը: Փաստորեն, 2008թ. Սերժ Սարգսյանի առաջադրումն ու գրանցումը որպես ՀՀ նախագահի թեկնածու, առանց պաշտոնեական լիազորությունների դադարեցման, ուղիղ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Ավելին` փետրվարի 19-ի ընտրություններում արձանագրված կեղծիքների, ապա եւ մարտի 1-ի ոճրագործության հետեւանքով համընդհանուր կասկածի տակ դրվեց նաեւ նրա լեգիտիմությունը: Այսպիսով` փաստացի ՀՀ երրորդ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը կիսեց իր նախորդի սահմանադրա-իրավական խոցելիության ու լեգտիմության դեֆիցիտի ճակատագիրը:
2015թ. սահմանադրական փոփոխություններով ՀՀ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Սակայն ԱԺ-ի` նման գործառույթի կիրարկումը կասեցված է նույն այդ սահմանադրության անցումային դրույթներով` ուժի մեջ մտնելով չորրորդ նախագահի լիազորությունների ստանձնման օրը: Այդ հիմքով ՀՀ չորրորդ նախագահը պետք է ընտրվեր` 2005թ. ՀՀ սահմանադրական փոփոխությունների դրույթների համաձայն, եւ միայն նրա երդմնակալությունից հետո ուժի մեջ մտներ ԱԺ-ի միջոցով նոր նախագահ ընտրելու կարգը: Իշխանության ներկայացուցիչների իրավաբանական ճամարտակություններն անհամոզիչ էին` փորձելով մեկնաբանել մեկնաբանության չենթարկվող Սահմանադրությունը: Այսպիսով` այժմ ՀՀ չորրորդ նախագահը նույնպես ընտրվում է սահմանադրա-իրավական լրջագույն խոցելիությամբ:
Քանի որ Հայաստանում չկան վստահելի սոցհարցումներ, որպեսզի պարզորոշ ցույց տան հանրային վստահության աստիճանը նոր նախագահի նկատմամբ, ինչպես նաեւ չկա նրա թեկնածությունը ողջունող հասարակական տեսանելի շարժում, ուստի լեգիտիմության մասին ավելորդ է խոսել: Դրա փոխարեն նոր նախագահի գլխին դամոկլյան սրի պես կրկին կախվում է սահմանադրա-իրավական խոցելիությունը: Որքան էլ խորհրդարանական մեծամասնությունը դակի Սերժ Սարգսյանի որոշումը, այս կասկածը չի վերանալու: Հայաստանում պետության գլուխը կրկին, արդեն երրորդ անգամ անընդմեջ, մեղադրվելու է Սահմանադրությունը խախտած լինելու մեջ: ՀՀ չորրորդ նախագահը նույնպես կանգնած չի լինելու ամուր հողի վրա, զրկված է լինելու Սահմանադրության ու օրենքի, ինչպես նաեւ հանրության աջակցության վրա հենվելու փայլուն շնորհից, որ վայելում են լեգալ ու լեգիտիմ ճանապարհով այդ պաշտոնին բազմած նախագահները: Կարիք չկա բացատրելու, թե պետության գլխի սահմանադրա-իրավական խոցելիությունն ու լեգիտիմության կասկածը ինչպիսի խաթարիչ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման համար նախորդ 20 տարիներին: Սա ական է Հայոց պետականության ու սահմանադրականության հիմքում` թույլ իշխանություն ձեւավորելու, հասարակությանը պետությունից օտարելու ու լուսանցքայնացնելու, աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը մանրադրամ դարձնելու մղումով:
Ն.Հովսեփյան