Շուտով կլրանա քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով քննության մեկ տարին, սակայն գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրենց պահվածքը նրանք պատճառաբանել են, թե ժամանակը ցույց կտա, որ առնչություն չունեն այս դեպքի հետ: Բայց սա ասում են բանավոր:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ազգային անվտանգության ծառայությունը ցանկացել է հարցաքննել գործով կալանավորված Արտակ Զաքարյանին, սակայն վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց: Նշենք, որ Արատակ Զաքարյանը միակ կալանավորվածը չէ, որ հրաժարվում է ցուցմունք տալուց:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 8-ին Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է երեք անձ` Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց, խմբին օժանդակելու համար, կալանավորվել է նաեւ Զոհրաբ Ղումաշյանը:
Ինչեւէ: Շուրջ երկու ամսից կլրանա այս աղմկահարույց գործով քննության մեկ տարին, եւ ազգային անվտանգության ծառայությանը այլ տարբերակ չի մնում, քան գործով նախաքննությունը ավարտել եւ այն ուղարկել դատարան: Ինչեւէ, սպասենք զարգացումներին, թե այս գործով նախաքննություն իրականացնող մարմինը ինչ բացահայտումներ է իրականացրել, եւ անկախ այն հանագամանքից` գործով կալանավորվածները ցուցմունք չեն տալիս, նրանց գործողությունների մասով ինչ հիմնավորումներ է ձեռք բերել:
Ի դեպ, դեռեւս 2017 թվականի հունիսի 2-ին գրել էինք, որ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի նկատմամբ: Իսկ որպես կասկածյալ հիշատակվել է Արտյոմ Հարությունյանի` Կանեւսկոյի անունը:
Սակայն ավելի ուշ հրապարակումներ եղան, թե Արամ Վարդանյանը թիրախավորված չի եղել, սակայն օրերս մամուլը գրեց, որ այս քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործների թիրախում ոչ միայն Դոն Պիպոն է եղել, այլեւ քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը` Վստրեչի Ապերը: Այդպիսով, կալանավորվածներին եւս նոր մեղադրանք կառաջադրվի` Վստրեչի Ապերի սպանությունը նախապատրաստելու համար` ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով:
Քնար Մանուկյան