Արշալույսները «Ելք» -ում խաղաղ չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ «Ելք» դաշինքի անդամները հերքեն իրենց ներսում առկա տարաձայնությունների փաստը, ակնհայտ է, որ գոնե Սերժ Սարգսյանի դեմ պայքարի հարցում նրանց դիրքորոշումները տարբերվում են: Նախ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, համացանցում Ազատության հրապարակի լուսանկարը հրապարակելով, գրել էր, թե ընտանիքի անդամների հետ խորհրդակցելուց հետո կրկին որոշել է վերադառնալ Ազատության հրապարակ:
Բանն այն է, որ Ազատության հրապարակ վերադառնալու հարցում խմբակցության անդամներն այնքան էլ միակարծիք չեն: Չնայած դաշինքում ընդգրկված երեք կուսակցությունների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը համակարծիք են, որ պետք է պայքարել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ, սակայն համակարծիք չեն պայքարի ձեւերի հարցում:

«Միայն Նիկոլ Փաշինյանը չէ, ես էլ եմ այդ մասին բարձրաձայնել, Էդմոն Մարուքյանն էլ, որ Սերժ Սարգսյանի` երրորդ անգամ պաշտոնավարելն անընդունելի է: Ինչ վերաբերում է մյուս բոլոր գործընթացներին, մենք բոլորս այն կարծիքին ենք, որ Հայաստանի հանրությունը չի ուզում, որ Սերժ Սարգսյանը կրկին երրորդ ժամկետ պաշտոնավարի, պետք է հնարավորություն ունենա դա բարձրաձայնել: Եթե նա այդպիսի ցանկություն ունենա, մենք մեր պատվի հարցը կհամարենք առաջնորդելու նման շարժումը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Ընդ որում, Արամ Սարգսյանը ընդգծեց, թե պայքարի տակտիկան քննարկման փուլում է` չբացառելով Ազատության հրապարակ վերադառնալը:
Մինչ Արամ Սարգսյանը փորձում է հերքել դաշինքում առկա տարաձայնությունների փաստը, նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ դաշինքում բանավեճեր առկա են: «Բնականաբար տարբեր կարծիքներ կան նշված հարցի շուրջ, եւ հիմնական մտահոգություն, քննարկումն այն մասին է, թե ինչ անել, որ դաշինքն ունենա արդյունավետ պայքարի միջոց», – նշեց նա: Մարուքյանը ընդգծեց, թե Սերժ Սարգսյանի` երրորդ ժամկետի անընդունելիության հարցում կա կոնսենսուս, պայքարի ձեւերի հարցում կա տարաձայնություն:

Ընդգծենք, որ իշխանության ներկայացուցիչները «Ելք» դաշինքի հնարավոր պայքարը կեղծ օրակարգ է համարում: Մասնավորապես ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, թե ապրիլի 2-ի ընտրությունները Նիկոլ Փաշինյանի «Ելք»-ը չի վիճարկել, հետեւաբար պայքար սկսելը կեղծ օրակարգ է: Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այս մեղադրանքներին` Էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ես չեմ պատրաստվում Էդուարդ Շարմազանովի հարցազրույցները մեկնաբանել, «Ելք»-ը ցանկացած հարցի դեմ կարող է պայքարել: Հետեւաբար Շարմազանովը պետք է իշխանության դիրքերից խոսի եւ ասի այնպիսի բաներ, որ մենք սկսենք արդարանալ: Շարմազանովը փողով ձեւավորված իշխանության ներկայացուցիչ է»:
Այն, որ «Ելք» դաշինքում տարաձայնություններ են առկա, խոսվում էր խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, չնայած ուժերը փորձում են մշտապես հերքել դրանք: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պայքարի ավելի կոշտ մեթոդների կողմնակից է, ինչը չի ողջունվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամների կողմից:

Հոդվածը տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 28-ի համարում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս