Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: Նման անելանելի իրավիճակում հայտնվածների մեծ մասը գյուղացիներն են, ովքեր մտածում են, որ բանկերը իրենց վարկ են տալիս ոչ թե օգնելու, այլ այդ ճահճի մեջ ավելի թաղելու համար:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում հունվար ամսին անշարժ գույքի նկատմամբ իրականցվել է գրավադրման 1242 գործարք, որից միայն 687-ը Երեւանում է եղել, 306-ը` մարզային քաղաքներում, իսկ 249-ը` գյուղերում: Ուշագրավ փաստ եւս` հունվարին գյուղերում ավելի շատ թվով տուն է վաճառվել, քան Երեւանում:
Ըստ ԱՎԾ-ի` գյուղերում հունվարին առուվաճառքի գործարքները կազմել են 1036, իսկ Երեւանում` 988:
Գյուղերում վիճակը խիստ սարսափելի է. մարդիկ, բառի բուն իմաստով, թաղվել են վարկային պարտքերի մեջ: Այսօր հանրապետությունում դժվար է գտնել մի գյուղացու, որ բանկերին ու վարկային կազմակերպություններին պարտքեր չունենա. մարդիկ միլիոնավոր դրամների վարկեր են կուտակել, ընդ որում, հաճախ մեծ մասը տույժեր ու տուգանքներ են կազմում: Մարդիկ այլ ելք չունենալով` անխտիր գրավադրել են իրենց միակ ունեցվածքը` տները, բնակարանները, բանկերում, վարկային կազմակերպություններում: Նրանց մեծ մասը չի կարողանում վարկային պարտավորությունները կատարել` մնալով փողոցում, անտուն: Արդյունքում տները, բնակարանները մնում են բանկերին, որոնք էլ կարճ ժամանակ անց դրանք հանում են վաճառքի: Բնականաբար, առիթից օգտվելով` գրավի առարկա հանդիսացող տները բանկերը փորձում են վաճառել իրենց համար ձեռնտու գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ հայաստանյան առեւտրային բանկերից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակարաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են եւ պարտքի դիմաց մնացել են բանկին:
Այդ բանկերի թվում է նաեւ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որը վաճառքի հանած մեծ թվով անշարժ գույք ունի: Բնականաբար վաճառքի հանված գույքը գրավի առարկա է: Օրինակ` «ՎՏԲ Հայաստան» բանկը վաճառքի է հանել գրավի առարկա հանդիսացող 57.6 քմ ընդհանուր մակերեսով բնակարան, որի արժեքը նշված է 14 մլն 944 հազար 500 դրամ: Այն գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում: Այսինքն` բանկը այս բնակարանի մեկ քմ-ն առաջարկում է 259 հազար դրամ: Մինչդեռ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Շենգավիթում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի շուկայական արժեքը այս տարվա հունվարին կազմել է 248 հազար 700 դրամ: Փաստորեն բանկը բնակարանի մեկ քմ-ն վաճառքի է հանել շուկայական գնից ավելի քան 10 հազար դրամով բարձր: Կան նաեւ բնակարաններ, որոնք շուկայական գնից փոքր-ինչ ցածր են: Հավանաբար, այս կերպ բանկի տնօրինությունը փորձում է արագ ազատվել անշարժ գույքից:
Այս պահին «ՎՏԲ Հայաստան» բանկը Երեւանում 24 հատ բնակարան է հանել վաճառքի, որոնք գրավադրված են: Բնականաբար, այս թիվը պարբերաբար փոփոխվում է: Ի դեպ, փոքր թիվ չեն կազմում նաեւ գրավադրված բնակարանները, բնակելի տները, արտադրամասերը, հողատարածքները նաեւ ՀՀ մարզերում: Մյուս բանկը, որը եւս վաճառքի է հանել գրավի առարկա հանդիսացող բնակարաններ, տներ, «Հայբիզնեսբանկ»-ն է: Բանկի պաշտոնական կայքէջում նշված է, որ 33 հատ անշարժ գույք կա վաճառքի հանված, որոնք հանդիսանում են գրավի առարկա: Դրանք ե՛ւ բնակարաններ են, ե՛ւ բնակելի տներ, ե՛ւ արտադրամասեր, ե՛ւ խաղողի այգիներ, հողամասներ: Իսկ ահա «Արդշինբանկ»-ը վաճառքի է հանել 24 հատ բնակարան Երեւանում, 15 հատ ավտոկայանատեղի:
Արմավիրի մարզում կան գյուղեր, որոնց բնակիչների գերակշիռ մասը իրենց տները գրավադրել են բանկերում եւ հիմա պայքարում են ԴԱՀԿ աշխատակիցների դեմ` փորձելով թույլ չտալ դուրս հանել տանից: Բայց վերջին երկու տարիներին իրավիճակ է փոխվել. հայաստանյան բանկերի մեծ մասը այժմ հրաժարվում է գյուղացիներին վարկ տրամադրել տան, հողամասի գրավադրման դիմաց: Բանն այն է, որ բանկերը գյուղացուց պահանջում են ցույց տալ գործող բիզնես կամ կայուն եկամուտ: Ինչը անհիմն է: Քանի որ հողագործությունը ռիսկային է, հետեւաբար գյուղացին չի կարող բանկին կայուն եկամտի երաշխիք ներկայացնել: Հակառակ դեպքում վարկի կարիք, առավելեւս տուն գրավադրելու կարիք չէր զգա:
Մարդու վերջին ունեցվածքը ձեռքից չխլելու առաջարկը, օրենսդրական նախաձեռնությունը անգամ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն էր ներկայացրել ԱԺ: «Ես ժամանակին բարձրաձայնում էի, որ պետք չէ մարդու ձեռքից վերջին ունեցվածքը խլել` մի հատ տունը, մի հատ հավը, մեկ հատ բադը եւ այլն: Չէ որ պետք է ապրի այդ մարդը, հետո ինչ` չի կարողացել պարտքերը մարել: Բայց ափսոս չընդունվեց: Բանկերը բացարձակ վնաս չեն կրում, անգամ ռիսկի չեն դիմում: Բանկերը հարստացան մարդկանց թալանելու հաշվին: Երբ ԿԲ անդամները ելույթ են ունենում ու հայտարարում, որ վարկերի վերադարձելիությունը 98 տոկոս է, դա նշանակում է, որ բացարձակ ռիսկ գոյություն չունի: Բանկերի տերերը երկրի իշխանություններն են, նրանք չեն կարող կորուստ ունենալ, դա բացարձակ սուտ է»,- վրդովվեց նախկին պատգամավորը:
Սյունէ Համբարձումյան