Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արտագաղթը վատ հետեւանքներ է ունեցել: Պատկերն առավել քան մռայլ է Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղում: Բարեկամավանի վարելահողերը եւ արոտավայրերը գտնվում են սահմանամերձ գոտում, ադրբեջանական զինուժի նշանառության տակ, այդ պատճառով չեն օգտագործվում: Գյուղը ոռոգման ջուր չունի, խմելու ջրի պակաս է զգացվում: Բարեկամավանում մնացել են միայն դպրոցահասակ երեխաների ծնողները եւ նրանք, ովքեր հիմնական աշխատանք ունեն: Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 19 աշակերտ:
Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ այս տարի դպրոցը չունի 1-ին, 2-րդ եւ 5-րդ դասարաններ, 4-րդ, 8-րդ եւ 10-րդ դասարաններն ունեն մեկական աշակերտ: 1970-ական թվականների կեսին Բարեկամավանի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ, բարեկամավանցի 9-10-րդ դասարանների աշակերտները հաճախում էին հարեւան Կոթիի եւ Նոյեմբերյանի միջնակարգ դպրոցներ: Բարեկամավանում փողոցների գիշերային լուսավորություն չկա, գիշերները գյուղը թաղվում է խավարի մեջ: Երեկոները, երբ գյուղի բարձունքից հայացք ես գցում ներքեւում գտնվող Բարեկամավանին, շատ քիչ տներում է լույս վառվում: Բարեկամավանը գազաֆիկացվել է, սակայն բնական գազ չի ստանում:
Ադրբեջանական գնդակոծությունների հետեւանքով գազատար, դեղին ներկված խողովակները ծակծկվել, շարքից դուրս են եկել: Գյուղի Վերին ղաշ թաղամասում միայնակ ապրող 88 տարեկան կնոջ առանձնատունը գազաֆիկացնելու համար մոտ 800 մետր երկարությամբ, մեծ տրամաչափի գազատար խողովակ է անցկացվել: Այդ կինը վերջերս մահացել է: Նշված թաղում` մոտ մեկուկես կիլոմետր երկարությամբ հատվածում, այժմ ընդամենը 3 ընտանիք է բնակվում, որոնց անդամները մեծամասամբ ծերեր են: