Գյուղացին տարեցտարի կարտոֆիլ ու ցորեն քիչ է մշակում. հող մշակելը դարձել է թանկ հաճույք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղացիները գնալով ավելի քիչ են կարտոֆիլ ու ցորեն մշակում: Ավելին` պաշտոնական վիճակագրության տվյալներով, գնալով նվազում են նաեւ ցանքատարածությունները. միայն անցած տարի 2016 թվականի համեմատ ցանքատարածությունները զգալի նվազել են` 58 հազար 900 հեկտարով: Ընդ որում, նվազել են ոչ միայն կարտոֆիլի, այլեւ գարու ու ցորենի ցանքատարածությունները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016թ. հացահատիկային եւ հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 198 հազար 100 հա, իսկ անցած տարում` 155 հազար 200: Այսինքն` մեկ տարվա ընթացքում ցանքատարածությունները նվազել են 42 հազար 900 հա-ով:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հիմնականում նվազել են ցորենի ցանքատարածությունները: Օրինակ` անցած տարում ցորենի ցանքատարածությունները կազմել են 82 հազար 400, մինչդեռ 2016թ. հանրապետությունում եղել է ցորենի 108 հազար 700 հա ցանքատարածություն: Միաժամանակ կրկնակի նվազել է ցորենի բերքատվության չափը: Անցած տարում հավաքվել է 176 հազար 400 տոննա ցորեն, իսկ 2016թ.` 350 400 տոննա: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում 174 հազար տոննա ցորեն քիչ է հավաքվել:

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ ցորեն հիմնականում ներկրվում է ՌԴ-ից: Ասել է, թե սպառվող ցորենի հիմնական պաշարները ներկրվում են, ոչ թե արտադրվում: Մինչդեռ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները եթե ոչ ինքնաբավ երկիր դառնալու, ապա ցորենի պահանջարկի զգալի մասն ապահովելու համար: Չէ որ ե՛ւ հողատարածքներն են բավարար, ե՛ւ գյուղացիների ցանկությունը: Ինչպես հայտնի է` ներկրված ցորենի գինն ավելի ցածր է, քան տեղականինը: Սա է պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են ցորեն ներկրել, ոչ թե ցանել ու հավաքել: Իսկ էժան գնով ցորեն ներկրելու արդյունքում տեղականը դառնում է ոչ մրցունակ: Այս ամենի արդյունքում գյուղացին հող չի մշակում, ցորեն չի ցանում, որովհետեւ այն այլեւս ձեռնտու չէ:

Ի դեպ, անցած տարի Հայաստան մեծ քանակությամբ ցորեն ներկրվեց, քանի որ գյուղացիների մեծ մասը հողատարածքների անջրդի լինելու եւ իրացման բացակայության պատճառով դադարել էին այն մշակելուց: Բայց մյուս կողմից մասնագետները պնդում են, որ ցորենի բերքատվության փափի նվազման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել: Չէ՞ որ անցած տարի երաշտ ունեցանք, 2016թ. աշնանը ցրտահարված ցորեն, երկարատեւ ցրտաշունչ ձմեռ, ինչի արդյունքում էլ միջին բերքը պակաս է եղել:

Բացի ցորենից, գյուղացին անցած տարի կարտոֆիլ եւս քիչ է մշակել ու հավաքել: Նշենք, որ անցած տարում ունեցել ենք 25 հազար 300 հա կարտոֆիլի ցանքատարածություն: Մինչդեռ 2016թ. այն կազմել է 28 հազար 900 հա: Անցած տարի գյուղացին 3600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակվել: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մարդիկ սկսել են կարտոֆիլ քիչ մշակել 2013, 2014 թվականներից: Ավելին` հենց այդ ժամանակահատվածից էլ սկսել են նվազել կարտոֆիլի ցանքատարածությունները, հետեւաբար եւ բերքատվության չափը: Օրինակ` եթե անցած տարի մեր երկում կարտոֆիլի բերքատվությունը կազմել է 547 հազար 400 տոննա, ապա 2016թ. հավաքվել է 606 հազար 300 տոննա կարտոֆիլ: Մինչդեռ 2014թ. Հայաստանում հավաքվել է 696 հազար 100 տոննա կարտոֆիլ, 2013թ.` 660 հազար 500 տոննա կարտոֆիլ, ինչը խիստ մտահոգիչ է: Եթե այս տեմպերով գնա, ապա ոչ միայն այս, այլեւ հաջորդ տարիներին գյուղացիները կսկսեն կարտոֆիլի մշակությամբ շատ քիչ զբաղվել: Դժվար չէ կռահել, որ այս ամենի արդյունքում Հայաստանը կսկսի մեծ քանակությամբ կարտոֆիլ ներկրել:

Բոլորիս է հայտնի` Գեղարքունիքի մարզի բնակիչները հիմնականում զբաղվում են եւ ցորենի եւ կարտոֆիլի մշակությամբ: Բայց արի ու տես, որ այս մարզում ցանքատարածությունները մեկ տարվա ընթացքում նվազել են 4962 հեկտարով: Անցած տարում կարտոֆիլ քիչ են մշակել ՀՀ բոլոր մարզերում, բացի Արմավիրից: Օրինակ` Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները նվազել են 841 հա-ով, Գեղարքունիքում` 808 հա-ով: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի բերքատվության չափը անցած տարում 2016թ. համեմատ 1500 տոննայով նվազել է: Տեղեկացնենք, որ 2015թ. հավաքվել է 206 հազար 800 տոննա կարտոֆիլ, իսկ 2014-ին` 325 հազար 700 տոննա: Իսկ Շիրակի մարզում անցած տարում հավաքվել է 93 հազար 300 տոննա կարտոֆիլ 2016թ. 118 հազար տոննայի դիմաց, այսինքն` 24 հազար 700 տոննա պակաս: Նշենք, որ հիմնականում այս մարզերում են կարտոֆիլ ցանում:

Իսկ կարտոֆիլի իրացնելու խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Փորձը ցույց է տվել, որ մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը: Բացի այս, գյուղացին հասկացել է, որ հող մշակելով ոչ մի օգուտ չի ստանում, այլ միայն վնաս է կրում: Այն, որ այսօր հող մշակելը դարձել է թանկ հաճույք, սա վաղուց հայտնի փաստ է: Բայց չմշակվող հողերի հիմնական պատճառներից մեկն էլ գյուղատնտեսական մթերքների ցածր գներն են դեռեւս մնում: Իսկ այն գյուղացիների մեծ մասը, որ հրաժարվել է կարտոֆիլ կամ ցորեն մշակել, այլ ելք չգտնելով, ստիպված մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս