Ինչքան «աննորմալ» բան կա, կարող եք ինձնից սպասել. Գևորգ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել նոր երգ՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հայ զոհերի հիշատակին։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Գեւորգը՝ հավելելով, որ իր համար բավական պարտավորեցնող է այդ թեմային մոտենալը։ Ստեղծագործության հեղինակը Րաֆֆի Ալթունյանն է։ Բացի այդ՝ Գեւորգն ինքը, ով մի շարք հիթերի հեղինակ է, գրել է նոր երգ, որը եւս կներկայացնի հանդիսատեսին։

Մենք հետաքրքրվեցինք՝ առաջիկայում երկրպագուները Գեւորգից սպասե՞ն ոճային եւ ժանրային կտրուկ փոփոխություններ. «Այո՛, միանշանակ։ Ես կողմ եմ նման փոփոխություններին եւ կարծում եմ` ինձ մոտ վատ չի ստացվում։ Բազմիցս ներկայացրել եմ ե՛ւ աշխույժ, պարային երգեր, ե՛ւ մեղեդային ստեղծագործություններ։ Առհասարակ, ինչքան «աննորմալ» բան կա, երկրպագուներս կարող են ինձնից սպասել»,-ծիծաղելով պատասխանեց երգիչը։

Երգի պետական թատրոնի նախկին մեներգիչը գործի բերումով ստիպված է լինում հաճախակի բացակայել հանրապետությունից, պարբերաբար մասնակցել համերգների, զբաղվել երգերի ձայնագրությամբ եւ տեսահոլովակներում նկարահանվելով։ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ընտանիքի անդամները համակերպվել են արդյո՞ք Գեւորգի խիտ գրաֆիկին, եւ արդյո՞ք այս առումով չեն առաջանում որոշակի դժվարություններ. «Իհարկե, դժվար է, բայց կինս խելացի անձնավորություն է եւ քաջ գիտակցում է, որ իմ գործի բնույթն է այդպիսին, եւ կարող է այնպես ստացվել, որ ուշ գնամ տուն, քիչ ազատ ժամանակ ունենամ եւ այլն։ Բացի այդ՝ ուրախ եմ, որ կինս նաեւ իմ լավագույն քննադատն է եւ խորհրդատուն։ Նա առաջինն է լսում իմ երգերը եւ իր կարծիքը հայտնում։ Ի դեպ, ասեմ, որ նրա կարծիքները համապատասխանում են ժամանակակից միտումներին»,-պատասխանեց Գեւորգը։

Ի դեպ, երգիչը երկու երեխա ունի։ Մենք հարցրինք՝ ինչպես են զավակները վերաբերվում իր գոծունեությանը. «Նրանց համար այնքան միեւնույն է, թե ես ինչ եմ անում, ամեն մեկն ապրում է իր աշխարհում»,- ծիծաղելով եզրափակեց մեր զրուցակիցը։

Անի Անտոնյան




Լրահոս