Օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցան Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրությունները, եւ քվեարկության արդյունքներով 5 թեկնածուները ընտրվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը դատական քաշքշուկների մեջ հայտնված ԱԺ պատգամավորներից հետաքրքրվեց, թե ինչու կողմ քվեարկեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամների, արդյո՞ք այս քայլով ցանկանում էին հետագայում ապահովագրել իրենց:
Նշենք, որ Գագիկ Հարությունյանին ընտրել էին 96 պատգամավոր, 2 պատգամավորներ են միայն դեմ եղել նրա թեկնածությանը: Երկրորդ տեղի համար թեկնածու Գեւորգ Դանիելյանին կողմ էր քվեարկել 90 պատգամավոր, դեմ` 7, Լիպարիտ Մելիքջանյանին կողմ քվեարկել է 82 պատգամավոր, դեմ են եղել 15-ը, մյուս թեկնածու Հայկ Հովհաննիսյանին կողմ քվեարկել էին 86 պատգամավոր, դեմ էին եղել 11, Սերգեյ Մեղրյանին կողմ քվեարկել է 87, դեմ` 10:
Եվ այսպես` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը տեւական ժամանակ է, ինչ դատական քաշքշուկների մեջ է: Մասնավորապես պատգամավորին պատկանող ընկերությունն իրեն հասանելիք գումարները ստանալու համար ընկել է դատարանի դռները եւ տարբեր ընկերություններից գումար է պահանջում:
Աժ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանի կնոջ ազգականը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կրկնակի քվեարկության համար հայտնվել էր դատապարտյալի աթոռին, սակայն ավելի ուշ նա արդարացվեց:
-Պարո՛ն Գեւորգյան, կո՞ղմ եք քվեարկել բոլոր թեկնածուներին:
-Ձեզ ինչ, թե ինչ եմ արել, դա իմ իրավունք է` ինչ եմ արել, ես գիտեմ` ինչ եմ արել:
-Ասում են, որ նրանք, ովքեր կողմ են քվեարկել, այս քայլին գնացել են մեկ բանի համար, որ հետո, եթե դատարանի դռները ընկնեն, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին դիմեն եւ դատարանում իրենց տեղը ապահովագրեն կամ, օրինակ, դատավորի որոշման համար ասեն ԲԴԽ-ին, որ դատավորին կարգապահական պատասխանատվության կանչեն կամ լիազորություները դադարեցնեն:
-Ես նման խնդիր չունեմ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան