«Շանթ» հեռուստաընկերության «X Factor 1» եւ «Պրեմիերա» նախագծերից հայտնի դարձած եւ ժյուրիի հատուկ ուշադրությանն արժանացած երգիչ, երգահան Արթուր Ալեքը վերջին շրջանում չի երեւում շոու-բիզնեսում։
Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, ինչի համար շատ ուրախ է. «Ամեն դեպքում, զբաղված եմ երգեցողությամբ։ Ինչ վերաբերում է նրան, որ սոլո երգեր չեմ թողարկում, ապա ասեմ, որ դրա պատճառները շատ են եւ հիմնականում կապված են իմ ներկայիս հոգեվիճակի հետ։ Բացի այդ՝ հիմա իմ ամբողջ օրը լցնում է երգչախումբը, որը նոր աշխարհ է ինձ համար։ Գիտեք՝ կա մի մակարդակ, որում ստեղծագործելն ինձ համար արդեն այնքան էլ հետաքրքիր չէ, դա ինձ ձանձրացրել է։ Եթե ես կարողանամ, օրինակ, խումբ պահել, գուցե այլ մակարդակում վերսկսեմ իմ գործունեությունը»։
Արթուրը խոստովանում է, որ շատերն են իրեն հարցնում, թե ինչու չօգտագործեց շանսն ու չհաստատվեց, դիրքերը չամրապնդեց հայկական շոու-բիզնեսում։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ իրեն ուղղում են այդ հարցը. «Ճիշտն ասած՝ այդ հնարավորությունն ավելի ռեալ ունեի 2010-2012 թվականներին, բայց ինձ շատ երեւույթներ չէին գոհացնում։ Ռեալ հասկանում էի, որ քչերին, ես կասեի՝ եզակիներին է հաջողվում բարձր արվեստով ներկայանալ ու մնալ դաշտում։ Այդ մարդիկ, սովորաբար, ժամանակի ընթացքում մաղվում են։ Չեմ կարող մեր շոու-բիզնեսից տալ մի լավ երաժիշտի անուն, որը նախկինում գործել է եւ հիմա էլ նույնքան հայտնի է։ Ես խոսում եմ լուրջ երաժշտության մասին, մարդկանց մասին, որոնք ունեն իրենց յուրահատուկ ձայնն ու ձեռագիրը, այդպիսի երաժիշտի օրինակ է Գոռ Սուջյանը, որն ունի գանձի նման ձայն, բայց այսօր իր մասին չենք լսում»,-մեկնաբանեց Արթուրը։
Այնուամենայնիվ, Արթուրը ստեղծագործելու կարիք ունի, կարոտում է այդ գործընթացը. «Հիմա ես չեմ ուզում ցածր ու միջին մակարդակի երաժշտությամբ զբաղվել։ Եթե ինձ որպես լավ երաժիշտ ռեալիզացնելու համար համապատասխան միջոցներ ունենամ, անպայման կանեմ դա ոչ միայն չորս պատերի մեջ, այլեւ մասսայաբար»,-եզրափակեց երգիչը։
Աննա Բաբաջանյան