Կառավարության ներդրումային միֆը. Կարեն Կարապետյանն ինքն իրեն «հույս է տալիս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է ամեն կերպ դուրս գալ Հայաստան 850 մլն դոլար ներդրում բերելու խոստման տակից: Միայն թե, որքան շատ է նա ճգնում համոզել մարդկանց, որ կատարել է խոստումը, այնքան ավելի ծիծաղելի դրության մեջ է հայտնվում:

Եւ այսպես` կառավարությունը հրապարակել է 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ ըստ ոլորտների եւ ֆինանսական աղբյուրների: Փաստաթղթից պարզվում է, որ նրանք ոչ թե կատարել, այլ գերակատարել են խոստումը. պետական, վարկային եւ դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված ներդրումները, ըստ կառավարության տեղեկանքի, կազմում են 856.5 մլն դոլար. այսինքն՝ մոտ 6.5 մլն դոլար ավելի, քան խոստացել էր Կարապետյանը: Փաստաթղթում նաեւ ընդգծված է, որ առանձին ներկայացված են 170.9 մլն դոլար ծավալով ներդրումներ, որոնք 856 մլն-ի մեջ ներառված չեն: Էլ ուրիշ ի՞նչ է հարկավոր` երջանիկ լինելու համար. Կարեն Կարապետյանի խոստացած «դմփոց ռեֆորմներն» ընթացքի մեջ են, եւ մի որոշ ժամանակ անց՝ «շուռ կտանք աշխարհը»:

Ըստ հաշվետվության` այդ ներդրումների 68 տոկոսը մասնավոր հատվածից է եկել, 6 տոկոսը դրամաշնորհային ծրագրերն են, 19 տոկոսը` վարկային ծրագրեր, 4 տոկոսը` պետական բյուջեից, 3 տոկոսն էլ՝ համայնքային բյուջեից: Անգամ այս տվյալներն են վկայում, որ կառավարության ներկայացրած թվերից միայն 68 տոկոսը կարող ենք ուղղակի ներդրում համարել, այն էլ որոշակի վերապահումներով, իսկ մյուսները վարկեր են, դրամաշնորհներ կամ վարկային ծրագրեր:

Հետաքրիրն այն է, որ կառավարության ներկայացված տեղեկանքում ներդրումներ են համարվել անգամ պետական բյուջեից, համայնքային բյուջեից տրված գումարները: Մինչդեռ, սովորաբար, միջազգային պրակտիկայում ընդունված չէ այդպես վարվել. միջազգային ընդունված ստանդարտներով հաշվարկներն իրականացնում է ԱՎԾ-ն: Իսկ կառավարությունը հաշվարկի իր մեթոդաբանությունն է հորինել, տարբեր ծախսեր փորձել ներդրումների անվան տակ սղացնել, որպեսզի մի կերպ փրկի իրավիճակը, փրկի վարչապետի դեմքը:

Միայն թե, նկատենք, այս տրամաբանությամբ կարելի է նաեւ ներդրումներ համարել պետական գնումները, քանի որ այդպես պետությունը նպաստել է մասնավոր բիզնեսի զարգացմանը` գումար ներդնելով այնտեղ: Կարելի է ներդրում համարել նաեւ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի եւ հեռահաղորդակցության համար վճարումները. չէ՞ որ սա էլ գումար է մասնավոր բիզնեսին՝ որոշակի ծառայությունների դիմաց, ներդրումների նման մի բան է: Այս տրամաբանությամբ կարելի է ներդրում համարել նաեւ տարբեր ձեռնարկությունների կառավարության տված արտոնությունները, եւ այսպես շարունակ: Համենայն դեպս, եթե կարելի է ներդում համարել վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը, ապա ինչո՞ւ ներդրում չհամարել նաեւ սրանք:

Իհարկե, կառավարության ներկայացրած փաստաթղթում այս անգամ շատ նրբորեն շրջանցված է ներդրումների աշխարհագրությունը: Սա այն պարզ պատճառով, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները սպասվածից քիչ են եղել: Դեռեւս հրապարակված են հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՎԾ-ի տվյալները՝ օտարերկրյա ներդրումների մասին: Ըստ այդմ, ուղղակի ներդրումները կազմել էին 58 մլրդ 807.7 մլն դրամ: Սա 12.1 մլրդ դրամով ավելի էր նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, բայց ամեն դեպքում ոչ մի կերպ մոտ չէր կառավարության ղեկավարի խոստացած ցուցանիշներին:

Ընդ որում, ներդրումների մեծ մասն ուղղված է եղել հանքարդյունաբերության ոլորտ: Իսկ ահա տնտեսության մյուս ոլորտներում օտարերկյա պետություններին ներդրումներն անեւրեւակայելի քիչ են եղել այդ ժամանակ եւ չեն գերազանցել 5 մլրդ դրամը: Հանքարդյունաբերության ոլորտում էլ հիմնական գումարը հոսել է օֆշորային երկրներից: Բայց որպեսզի կառավարությունը ցույց տա, թե ապահովել է խոստացված ցուցանիշը եւ անգամ գերակատարել, հաշվարկներն անում է իր հնարած մեթոդաբանությամբ՝ ներառելով նաեւ այդ ընթացքում վերցված վարկային միջոցները, պետության կողմից ներդրված գումարները: Համաձայնեք, սա այն դեպքն է, երբ մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ օրերս Սերժ Սարգսյանի մոտ սոցիալ-տնտեսական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ այդպես էլ խոսք չի գնացել ներդրումների մասին. հավանաբար, չեն ցանկացել Սերժ Սարգսյանին էլ մոլորեցնել թվային այս մանիպուլյացիաներով, փոխարենը սա անում են` հասարակության աչքը մտնելու եւ տպավորություն թողնելու համար:

Նաիրա Հովհաննիսյան
Արման Գալոյան




Լրահոս