Ազգային ժողովը երեկ ՀՀ չորրորդ նախագահին ընտրելուց հետո ձեռնամուխ եղավ նաեւ Սահմանադրական դատարանի անդամի ընտրության գործին: Այս անգամ եւս միայն մեկ թեկնածու էր առաջադրվել՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը: Ազգային ժողովի շենքից մեկ րոպե առաջ դուրս գալու ձգտումն այնքան շատ էր պատգամավորների մոտ, որ քվեարկության մասին հայտարարելուց հետո քվեարկության սենյակի մոտ պատգամավորների հերթ գոյացավ, եւ դա այն դեպքում, երբ հաշվիչ հանձնաժողովի անդամները դեռ չէին եկել: ՀՀԿ-ական կոճակ սեղմող պատգամավորներն էլ արագ-արագ քվեարկեցին եւ շտապեցին շենքից հեռանալ:
Քվեարկության պատկերը որքանով էր հետաքրքիր Թովմասյանի համար, դժվար է ասել, սակայն այն սպասելի էր. 93 պատգամավորներից նա ստացել էր 64 կողմ, 27 դեմ ձայն եւ երկու քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել: Գաղտնիք չէ, որ Թովմասյանին չսիրողները շատ են, այդ թվում նաեւ իր կուսակիցների շրջանում: Եվ փորձելով կատակի տալ` Թովմասյանը մինչ ՍԴ անդամի երդման տեքստն ընթերցելը, որոշեց հումոր անել իրեն դեմ քվեարկածների մասով։ «27 դեմ ձայները ես դիտարկում եմ որպես ձայներ, որ մարդիկ չէին ուզում, որ ես ԱԺ-ից գնամ»,-ասաց Թովմասյանը, ու դահլիճում սկսեցին ծիծաղել։
Սակայն Թովմասյանի ասածից ստացվում է, թե 64 պատգամավորն էլ շատ էր ուզում, որ ինքը գնար խորհրդարանից, եւ այդ պատճառով էլ դա արտահայտել են իրենց քվեարկությամբ: Որքան էլ ընդհանուր որոշումից ելնելով ՀՀԿ-ականները կողմ են քվեարկել նրան, սակայն հենց այդ խմբակցության կազմում մեծ թիվ են կազմում այն պատգամավորները, ովքեր իսկապես սրտանց ցանկանում էին, որ նա հեռանա խորհրդարանից: Իրենց հակակրանքը ՀՀԿ-ականները չեն էլ փորձում թաքցնել: Նրանք դա հաճախ բացահայտ ցուցադրել են թե՛ մասնավոր զրույցներում, թե՛ խորհրդարանում ելույթների ժամանակ, թե՛ անգամ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում՝ շատ ժամանակ բացահայտ, շատ ժամանակ էլ ենթատեքստերով:
Չի բացառվում` Թովմասյանի՝ այդքան շատ դեմ ձայներ ստանալու հարցում դերակատարություն է ունեցել նրա «նախընտրական» ելույթը, որտեղ ակամայից վիրավորել է պատգամավորներին: Թովմասյանը խոստովանել է, թե որպես ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ինքն անհամբեր սպասել է հանձնաժողովի նիստերին, որպեսզի երբեմն «էքսպերիմենտներ» եւ «փորձարկումներ» անցկացնի: Այլ կերպ ասած` Թովմասյանն իր հանձնաժողովի անդամներին վերաբերվել է որպես փորձանմուշների, ճագարների նման եւ հիմա խոստովանում է այդ ամենի մասին: Ու 27 դեմ ձայնը միգուցե հենց այդ «փորձանմուշի» պատասխանն էր:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր տարիներ առաջ տեղի ունեցած Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան միջադեպին: Խոսքը տարիներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին էր, երբ այդ ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ռուստամյանն էլ ասել էր. «Եթե բառարաններով է, ուրեմն մենք էլ ենք տիրապետում բառարանների, եւ եթե մենք նրան ասենք` ղալաթ ես անում, չաթլա՛խ, թող չնեղանա»: Ի պատասխան` այդ ժամանակ Հրայր Թովմասյանը նշել էր. «Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում, պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»:
Սակայն վստահաբար դրանից հետո շատ քչերն իմացան, թե ինչ է եղել, Հրայր Թովմասյանն ինչպես էր արձագանքել դաշնակցական պատգամավորին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հրայր Թովմասյանը խուսափել էր պատասխանել՝ ինքը պատասխանել է Արմեն Ռուստամյանին, թե ոչ՝ ասելով, թե ամեն ինչ հարթված է, եւ այդ մասին դաշնակցական պատգամավորը համապատասխան հայտարարություն է արել: Եվ որքան էլ հարաբերությունները հարթված են, ամեն դեպքում ստացվում է, որ Հրայր Թովմասյանն իր խոստմանը հավատարիմ չի մնացել եւ չի պատասխանել Ռուստամյանին:
Այս ամենից զատ երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Ա. Ռուստամյանն իր ելույթում գովեստի խոսքեր էր շռայլել նույն ՀՀԿ-ական պատգամավորի հասցեին, որին հայտնի խոսքով էր որակավորել. բայց այդ ելույթով Ռուստամյանն իրեն անհարմար դրության մեջ դրեց:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց Ա. Ռուստամյանից հասկանալ՝ ինչ հանգուցալուծում ստացավ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը, եւ ինչ հարաբերություններ ունեն այժմ կոալիցիայի անդամ քաղաքական գործիչները: «Դա անձնական տարաձայնություն չի եղել, եղել է քաղաքական գործընթաց: Հարցերը փակված են, այդտեղ որեւէ խնդիր չեմ տեսնում», – նշեց Ռուստամյանը: Դիտարկմանը՝ Հրայր Թովմասյանը պատասխանե՞լ է Ձեզ՝ ինչպես խոստացել էր, Ռուստամյանը նշեց. «Ամեն ինչ նորմալ է, մենք խոսել ենք, հարցը փակված է: Իզուր տեղը մի՛ բզբզեք»:
Նաիրա Հովհաննիսյան