Էկզոտիկ թռչուններով բլուզներից մինչև ճամպրուկ հիշեցնող պայուսակներ. ի՞նչ միտումներ է թելադրում գարնանային նորաձևությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն գարուն է, իսկ շատերը նույնիսկ չեն էլ հասցրել իրենց զգեստապահարանները համալրել սեզոնին համահունչ զգեստներով եւ աքսեսուարներով: Հաճախ դրա պատճառներից մեկն այն է, որ ընտրություն կատարելն ու ճիշտ կողմնորոշվելը բարդ է: Նորաձեւության սիրահարները, իհարկե, կարող են հետեւել, թե ինչ միտումներ են թելադրում համաշխարհային դիզայներները, սակայն չէր խանագրի նաեւ կոնկրետ խորհուրդներ լսել անմիջապես մասնագետից: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

-Արայի՛կ, այս գարնանը ո՞ր գույներն են մոդայիկ:

-Այս գարնանն ակտուալ են կանաչի, մոշագույնի եւ դեղինի երանգները:

-Ի՞նչ տաբատներ եւ բլուզներ խորհուրդ կտաք կրել: Ո՞ր մատերիալներն են մոդայիկ լինելու:

-Այս գարնանը դիզայներները նախապատվությունը տվել են ավելի մատչելի մատերիալներին, որոնք նաեւ քիչ խնամք են պահանջում, թեկուզ հենց արդուկի առումով: Նորաձեւության բազմաթիվ տներ վերադարձել են մի քանի տարի առաջվա տենդենցներին եւ փորձել են մի քանի կարով բլուզներ ստանալ: Բլուզների մեջ աչքի են ընկնում տրիկոտաժի եւ մուլինե թելերի նուրբ համադրությամբ մոդելները, ինչպես նաեւ այն բլուզները, որոնք զարդանախշված են էկզոտիկ թռչունների պատկերներով: Դրանք բավական մեծ տարածում ունեն հավաքածուներում: Ինչ վերաբերում է տաբատներին, ապա մոդայիկ են կարճ, կիպ եւ բնական հումքից կարված մոդելները:

-Գարնանային վերարկուների մասով ի՞նչ միտումներ են տարածված:

-Ավելի շատ տարածված են ժակետները, ինչպես նաեւ նուրբ վիլյուրից եւ խոշոր գործվածքներով oversize մոդելները: Այս գարնանը նաեւ ջինսե վերարկուներն են նորաձեւ, որոնք կրում են ե՛ւ որպես զգեստ, ե՛ւ տաբատի ու բլուզի հետ համադրելով: Ի դեպ, վերնահագուստների դեպքում դիզայներները մի փոքր սահմանափակել են շղթաների կիրառումը:

-Իսկ ինչպիսի՞ կոշիկներ, կիսակոշիկներ կրել այս գարնանը, ի՞նչ ոճի եւ ի՞նչ ձեւի:

-Դեռ նախորդ տարվա նորաձեւությունից մնացել են կաշվին փոխարինող մատերիալով մոդելները, եւ եւս մեկ հետաքրքիր տենդենց, որն արդեն սպասվում է ամռանը՝ դասական կոշիկների եւ կեդերի միքս: Մի քանի տարի առաջ նորաձեւության որոշ տների կողմից բացասական արձագանք եղավ այս մոդելների առնչությամբ, սակայն արդեն այս տարի դիզայներներն ավելի շատ են անդրադարձել տվյալ միքսին, քանի որ տեսել են, թե այն երիտասարդության կողմից որքան պահանջված է: Իսկ կիսակոշիկներից ակտուալ են լայն վերնամասով մոդելները, որոնք չեն գրկում ոտքերը եւ որոնք երկու կողմից պատված են շղթաներով:

-Իսկ պայուսակների մասով ի՞նչ կասեք:

-Պայուսակներից աչքի են ընկնում շատ մեծ մոդելները, որոնք կարծես ճամպրուկներ լինեն: Դրանք պատված են գոբելենով եւ հիշեցնում են բազմոցի ծածկոցի:

 

-Ակնոցի տեսականին եւս բազմազան է: Ի՞նչ խորհուրդ կտաք՝ ո՞ր գույնի եւ ձեւի մոդելների վրա կանգ առնել:

-Ակնոցներից ակտուալ են վերեւի հատվածում լայն, իսկ ներքեւի հատվածում արդեն նեղացող տեսակները՝ իրենց բազմաթիվ երանգներով: Նույն ֆորման կարող է ունենալ մի քանի երանգներ: Այդպիսի ակնոցները շատ ակտուալ են` ե՛ւ դասական, ե՛ւ սպորտային ոճերում հանդես գալու համար:

Մի փոքր էլ անդրադառնանք զարդերի տեսականուն: Այստեղ մեզ ի՞նչ է առաջարկվում:

-Զարդերից ակտուալ են մատանիները, որոնք մնացել են դեռեւս նախորդ սեզոնից ու դեռ ավելի են շատացել: Սակայն, ի տարբերություն նախորդ սեզոնի, այս սեզոնում դրանք ավելի պարզ բնույթ են կրում եւ ավելի նուրբ են՝ պատված էթնոզարդանախշերով:

-Չոկերները կրկին մոդայի՞կ են:

-Պահպանվել են որոշ հավաքածուներում, սակայն մասսայական տարածում չունեն:
Հավելենք նաեւ, որ այս տարի նորաձեւության տները մեծ տեղ են հատկացնում ռետրո ոճի պտավոր նախշերին, ընդ որում, դրանք կիրառվում են ոչ միայն հագուստի, այլեւ աքսեսուարների պարագայում: Հավաքածուներում ուրույն տեղ են գրավում նաեւ փետուրները: Թրենդային են դրանցով զարդարված պայուսակները, կոշիկները, վերարկուները, զգեստներն ու կիսաշրջազգեստները:

Անի Անտոնյան




Լրահոս