Այս տարի ամուսնության մի սպասեք. Գագիկ Մադոյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, որ իր կողքին կին կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, ռեժիսոր Գագիկ Մադոյանը նկարահանում է իր՝ թվով երկրորդ կարճամետրաժ ֆիլմը. ե՛ւ ռեժիսորը, ե՛ւ սցենարիստը ինքն է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ինքը՝ Գագիկը: Հիշեցնենք, որ նրա «Ճանապարհ» կարճամետրաժ ֆիլմը 2015-ին արժանացել է «One short» եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոների ժյուրիի հատուկ եւ Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակներին:

Հարցին՝ հնարավո՞ր եղել է, արդյոք, հովանավորներ գտնել, թե՞ ֆիլմը նկարահանվում է պետության հովանավորչությամբ, Գագիկը պատասխանեց. «Ցավոք, հայ հանրությունն այնքան հետաքրքրված չէ կարճամետրաժ ֆիլմերով, որ ներդրողները շահագրգռված լինեն դրանք հովանավորել, այնինչ` ամբողջ աշխարհում կարճամետրաժ ֆիլմերն ավելի մեծ հետաքրքրութուն են առաջացնում, քան լիամետրաժները: Դրանց յուրահատկությունն այն է, որ սեղմ ժամանակահատվածում պետք է կարողանաս տեղ հասցնել ֆիլմի գաղափարն ու ասելիքը: Այնպես որ, այս ֆիլմը միայն պետության հովանավորչությամբ կարող է նկարահանվել: Երեւի մայիսին այդ հարցը լուծված կլինի»:

Գագիկը նպատակ ունի ֆիլմը ներկայացնել փառատոներում, ապա հանձնել հանդիսատեսի` ավելի լայն լսարանի դատին: Նա նաեւ պատրաստվում է առաջիկայում նկարահանել լիամետրաժ ֆիլմ: Մենք հարցրինք՝ որպես դերասան` առաջիկայում նրան նոր նախագծերում կտեսնե՞նք. «Այո՛, նոր ֆիլմերում նկարահանվելու առաջարակներ ունեմ, պարզապես դեռ բանակցությունների մեջ ենք, այդ պատճառով էլ մանրամասներ չեմ հայտնի»,-ասաց դերասանը:

Գագիկը նաեւ տեղեկացրեց, որ բուռն գործունեության մեջ է Երեւանի պետական համազգային թատրոնում: Գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը բեմադրում է շվեյցարացի թատերագիր Մաքս Ֆրիշի «Սանտա Կրուսը», որտեղ ընդգրկված է նաեւ Գագիկը, ընդ որում՝ նա մարմնավորելու է միանգամից մի քանի կերպար: Շուտով կլինի ներկայացման պրեմիերան:

Մենք դերասանի հետ մի փոքր զրուցեցինք նաեւ նրա անձնական կյանքից: Հիշեցնենք, որ Գագիկը նախկինում ամուսնացած էր դերասանուհի Անի Ղազարյանի հետ: Նրանք, սակայն, վաղուց են ամուսնալուծվել: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ Գագիկն իր անձնական կյանքը կրկին դասավորելու ծրագրեր ունի՞, ե՞րբ դերասանը նորից կամուսնանա. «Այս տարի ամուսնություն մի՛ սպասեք, շատ գործեր կան անելու: Ամեն դեպքում, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եմ, որ իմ կողքին կին ունեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Անի Անտոնյան




Լրահոս