ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՎՈՒՄ Է ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանն այսօր կընտրի ՀՀ 4-րդ նախագահին: Չնայած այն հանգամանքին, որ նոր Սահմանադրության համաձայն` նոր նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, իրադարձությունը որպես այդպիսին խոշորագույն ընդհանրություն ունի 1998 եւ 2008թթ նախագահական ընտրությունների հետ` հանձին իրավական լրջագույն կոլիզիայի:

Առաջին սահմանադրա-իրավական բնույթի հակասությունն առաջացել է 1998թ.: Ըստ 1995թ. ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի` ՀՀ նախագահ կարող էր ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ ՀՀ-ում մշտապես բնակված գործիչը, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ քաղաքացի էր եւ ՀՀ էր տեղափոխվել միայն 1997թ. մարտին: Քոչարյանը 1998թ. փետրվարի 4-ին խոստվանել էր, որ իրավաբանորեն չի համապատասխանում նախագահ առաջադրվելու սահմանադրական պահանջին, այն է` չուներ ՀՀ-ում տասը տարվա քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում: Միայն հաջորդող օրերին Գագիկ Հարությունյանին Սահմանադրական դատարանում «արգելափակելուց» եւ այդպես Վազգեն Սարգսյանին անակնկալի բերելուց ու համոզելուց հետո Քոչարյանը «հայտնաբերեց», որ ինքը ՀՀ քաղաքացի է 1989թ. Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորման որոշման հիման վրա: Սա այն նույն որոշումն էր, որը գործնական կիրառություն չգտավ, քանի որ նախ` Արցախը հռչակվեց անկախ պետություն` իր պետական ինստիտուտներով, Սահմանադրությամբ եւ այլն, ապա` Արցախի բնակչությունը որեւիցե անգամ չմասնակցեց ՀՀ ընտրություններին: Իրավական առումով լիովին կաղացող ու սպեկուլյատիվ մակարդակի հիմնավորումով խախտվեց ՀՀ Սահմանադրությունը` թույլ տալով Քոչարյանին առաջադրվել: 1998թ. ընտրություններն էլ անցան լրջագույն կեղծիքներով` սահմանադրա-իրավական խախտմանը ավելացնելով նախագահի լեգիտիմության` հանրային ընդունելիության դեֆիցիտը: Ռոբերտ Քոչարյանը 1998թ. իրավունք չուներ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում, եւ այդ խարանը ուղեկցեց թե՛ նրան, թե՛ Հայաստանի Հանրապետությանը շուրջ 10 տարի:
2008թ. ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Նրա առաջադրումը նույնպես ուղեկցվեց ՀՀ Սահմանադրության խախտմամբ: Ըստ 2005թ. փոփոխություններով ընդունված Սահմանադրության 78-րդ հոդվածի` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից: Միակ բացառությունն այս դեպքում կատարված էր ՀՀ նախագահի կամ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող ԱԺ նախագահի ու վարչապետի համար` շեշտելով, որ այդ պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում էր կատարել իր պաշտոնական լիազորությունները: 2008թ. նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանը, որն առաջադրված չէր եւ իրականացնում էր նախագահի պարտականությունները: Այսինքն` Սերժ Սարգսյանը գտնվում էր պետական ծառայության մեջ, բայց չէր հանդիսանում ՀՀ նախագահի պաշտոնակատար: Ուստի նա պարտավոր էր ենթարկվել ՀՀ Սահմանադրության պահանջին. կա՛մ հրաժարական տալ, կա՛մ արձակուրդ գնալ` ազատվելով վարչապետի պաշտոնական լիազորությունների կատարումից: Սակայն այնժամ Սերժ Սարգսյանը ո՛չ հրաժարական տվեց, ո՛չ էլ արձակուրդ գնաց` չարաշահելով իր պաշտոնեական դիրքը: Ընդ որում, այս հարցը ՍԴ-ում բարձրացրել էր ընդդիմադիր թեկնածուն` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց ՍԴ-ն այդպես էլ չկարողացավ մեկնաբանել` անտեսելով նշված դրույթը, այդպես ականապատելով Ս. Սարգսյանի լեգիտիմությունը: Փաստորեն, 2008թ. Սերժ Սարգսյանի առաջադրումն ու գրանցումը որպես ՀՀ նախագահի թեկնածու, առանց պաշտոնեական լիազորությունների դադարեցման, ուղիղ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Ավելին` փետրվարի 19-ի ընտրություններում արձանագրված կեղծիքների, ապա եւ մարտի 1-ի ոճրագործության հետեւանքով համընդհանուր կասկածի տակ դրվեց նաեւ նրա լեգիտիմությունը: Այսպիսով` փաստացի ՀՀ երրորդ նախագահ դարձած Սերժ Սարգսյանը կիսեց իր նախորդի սահմանադրա-իրավական խոցելիության ու լեգտիմության դեֆիցիտի ճակատագիրը:
2015թ. սահմանադրական փոփոխություններով ՀՀ նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Սակայն ԱԺ-ի` նման գործառույթի կիրարկումը կասեցված է նույն այդ սահմանադրության անցումային դրույթներով` ուժի մեջ մտնելով չորրորդ նախագահի լիազորությունների ստանձնման օրը: Այդ հիմքով ՀՀ չորրորդ նախագահը պետք է ընտրվեր` 2005թ. ՀՀ սահմանադրական փոփոխությունների դրույթների համաձայն, եւ միայն նրա երդմնակալությունից հետո ուժի մեջ մտներ ԱԺ-ի միջոցով նոր նախագահ ընտրելու կարգը: Իշխանության ներկայացուցիչների իրավաբանական ճամարտակություններն անհամոզիչ էին` փորձելով մեկնաբանել մեկնաբանության չենթարկվող Սահմանադրությունը: Այսպիսով` այժմ ՀՀ չորրորդ նախագահը նույնպես ընտրվում է սահմանադրա-իրավական լրջագույն խոցելիությամբ: Քանի որ Հայաստանում չկան վստահելի սոցհարցումներ, որպեսզի պարզորոշ ցույց տան հանրային վստահության աստիճանը նոր նախագահի նկատմամբ, ինչպես նաեւ չկա նրա թեկնածությունը ողջունող հասարակական տեսանելի շարժում, ուստի լեգիտիմության մասին ավելորդ է խոսել: Դրա փոխարեն նոր նախագահի գլխին դամոկլյան սրի պես կրկին կախվում է սահմանադրա-իրավական խոցելիությունը: Որքան էլ խորհրդարանական մեծամասնությունը դակի Սերժ Սարգսյանի որոշումը, այս կասկածը չի վերանալու: Հայաստանում պետության գլուխը կրկին, արդեն երրորդ անգամ անընդմեջ, մեղադրվելու է Սահմանադրությունը խախտած լինելու մեջ: ՀՀ չորրորդ նախագահը նույնպես կանգնած չի լինելու ամուր հողի վրա, զրկված է լինելու Սահմանադրության ու օրենքի, ինչպես նաեւ հանրության աջակցության վրա հենվելու փայլուն շնորհից, որ վայելում են լեգալ ու լեգիտիմ ճանապարհով այդ պաշտոնին բազմած նախագահները: Կարիք չկա բացատրելու, թե պետության գլխի սահմանադրա-իրավական խոցելիությունն ու լեգիտիմության կասկածը ինչպիսի խաթարիչ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման համար նախորդ 20 տարիներին: Սա ական է Հայոց պետականության ու սահմանադրականության հիմքում` թույլ իշխանություն ձեւավորելու, հասարակությանը պետությունից օտարելու ու լուսանցքայնացնելու, աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը մանրադրամ դարձնելու մղումով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԴԵՌ ՈՒՇՔԻ ՉԻ ԵԿԵԼ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը դեռեւս կատարում է իր ղեկավարների հրամանը եւ չի պատասխանում լրագրողների հարցերին: Ընդ որում, ՀՀԿ-ական պատգամավորն անգամ չի ցանկանում լսել հարցի էությունը եւ առանց այն լսելու` մերժում է կամ առանց որեւէ բառ ասելու՝ հեռանում: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում աղքատներին վերաբերող աղմկահարույց հայտարարությունից հետո նրան բոլոր կողմերից քննադատում էին, անգամ իր հարազատ կուսակցության անդամները: Եվ դա առիթ էր հանդիսացել ՀՀԿ-ի ղեկավարության կողմից հստակ հրահանգի, որպեսզի բացառվեն նման սայթաքումները: Այդ օրվանից նա որեւէ լրագրողի հարցազրույց չի տվել:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր. «…Աղքատը քիչ է ծախսում, ու նրա մոտ սովորություն կա ինքնաբուխ խուսափել թանկացած ապրանքներից՝ ինքնապաշտպանության ինստինկտով»:

 

 

ԸՆՏՐՎԵՑԻՆ
Դատական համակարգը երեկ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ անդամ են ընտրվել Վճռաբեկ դատարանից դատավոր Ռուզաննա Հակոբյան` 3 տարով, Վերաքննիչ քրեական դատարանից` դատավոր Սերգեյ Չիչոյան` 5 տարով, առաջին ատյանի դատարանից` Շիրակի մարզ` Արմեն Խաչատրյանը` 3 տարով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից դատավորներ Արմեն Բեկթաշյանը եւ Անի Մխիթարյանը` 5-ական տարով: Նշենք, որ Արմեն Բեկշաթյանը քննում էր մի շարք աղմակահարույց գործեր, մասնավորապես 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբավորման գործը», որով քննությունը դեռեւս շարունակվում է: Իսկ ահա Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ քննվել է ակտիվիստ Հայկ Կուրեղյանի գործը: Ավելին` Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվանից հետո վերջինիս իրավահաջորդները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել գլխավոր դատախազին: Նրանք պահանջում էին Հաց բերողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննություն իրականացնել վերջինիս կալանավորման միջնորդությունները բավարարած դատավորների գործունեության առնչությամբ, եւ այդ դատավորների թվում էր նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը:

 

 

ՉԵՆ ՈՐՈՇԵԼ
ԱԺ «Ելք» խմբակցությունը դեռեւս չի որոշել՝ խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության ժամանակ տեղի ունեցածի մասով կդիմե՞ն իրավապահ մարմիններին, թե՞ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, թե իրենք այդ մասով որեւէ քննարկում դեռեւս չեն ունեցել: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությունից հետո հայտարարվեց, թե Գագիկ Հարությունյանը ստացել է ընդամենը երկու դեմ ձայն, մինչդեռ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ իրենց 7 պատգամավորները դեմ են քվեարկել Հարությունյանին, եւ որ իրենց քվեաթերթիկները փոխարինվել են «կողմ»-ով: Ասել է, թե տեղի է ունեցել հանցագործություն:

 

 

ԼՍՈՒՄՆԵՐԸ` ՇՈՈՒ
«Մարտի 1» ՀԿ-ի համակարգող Առաքել Սեմիրջյանը կարծում է, որ եթե որեւէ հարց չի բացահայտվում այսօր, ուրեմն 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների թեմայով ԱԺ-ի այդ լսումները շոուի մաս էին: «Եթե նույնիսկ շոու է, ես պատրաստ եմ շոուի մաս դառնալ այն բանի համար, որ մարդիկ չմոռանան «Մարտի 1-ը»: Շատ վատ բան եմ ասում` գիտակցելով, որ այս ամեն ինչն արված է` սլաքներ ցրելու համար, ես գիտակցված գնացել եմ դրան, մասնակցել այդ լսումներին, քանի որ ուրիշ բան գոյություն չունի, քաղաքական պրոցես գոյություն չունի, եւ միակ տարբերակն այդ շոուին ավելի ողջամիտ տեսք տալն էր, քո մասնակցությամբ այդ շոուն լրջացնելն էր»,-ասել է նա: Անդրադառնալով հայտարարությանը` Առաքել Սեմիրջյանն ասել է, որ այն նիստերի օրակարգ ընդգրկելն ուղղակի ծիծաղելի է: «Ուզում եք` 677 հատ հայտարարություն անեմ ու նիստի օրակարգ ընդունեմ, ի՞նչ է, որեւէ քաղաքական կամ իրավական բան փոխվո՞ւմ է»,-նշել է նա:

 

 

ՀԱՆԳԻՍՏ ԵՂԵՔ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցին, թե բոլոր հանրապետականները հիմա գովեստի խոսքեր են շռայլում Արմեն Սարգսյանի հասցեին, հնարավո՞ր է, որ նախագահ դառնալով` Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ից հեռացնի այն մարդկանց, ովքեր պատասխանատու են սոցիալական լարվածության համար, պատասխանել է. «Դուք անիրականանալի հեռանկարների մասին եք խոսում: Նախ` Արմեն Սարգսյանը անկուսակցական է եւ նա բոլորիս նախագահն է, եւ ինքը չէ զտողը ՀՀԿ-ն: Նա իր սահմանադրական ֆունկցիաները պետք է կատարի»: Իսկ այն հարցին, թե վտանգավոր շրջան համարո՞ւմ է այն ժամանակահատվածը, երբ նախագահն իր լիազորությունները վայր է դնելու մինչեւ վարչապետի ընտրությունները, այդ բացը վտանգավո՞ր չէ. Վ. Բաղդասարյանն ասել է` ո՛չ: Իսկ դիտարկմանը` թե չե՞ն վախենում այդ 8 օրում կորցնել իշխանությունը, Բաղդասարյանը նշել է. «Այդքան վախկոտի տպավորությո՞ւն եմ թողնում, որեւէ նման մտահոգություն եւ անհանգստություն չկա, Դուք էլ հանգիստ եղեք»:




Լրահոս