ԳԱՐՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ԱՌԱՆՑ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ժամանակ կայացվեց վերջին շրջանի թերեւս ամենակայացված որոշումներից մեկը՝ չեղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Սերժ Սարգսյանը մասնավորապես ներկայացրել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ Հայաստանի ջանքերն ու մատնանշել Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության մասին: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը տարբեր առիթներով հայտարարել է, որ այս հարցում Թուրքիայի կողմից հիշյալ քաղաքականությունը չփոխվելու դեպքում Հայաստանը ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ եւ 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:

«Արձանագրությունների ստորագրումից հետո անցած ինը տարիների ընթացքում Անկարան, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չարեց` արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտնելու համար, այլեւ որեւէ կասկած չթողեց, որ նա չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել: «2017 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից ես հայտարարեցի, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը ըստ պատշաճի չիրականացնելու պարագայում մենք գարուն ենք մտնելու այդ արձանագրություններն առ ոչինչ հայտարարված, այսինքն՝ առանց այդ արձանագրությունների: Հիմա եկել է որոշումը կայացնելու ժամանակը, եւ այսօրվա մեր քննարկման թեման հենց դա է: Այս հարցով խոսքը տրամադրում եմ արտաքին գործերի նախարարին, որ նա հանգամանորեն մեկ անգամ եւս անդրադառնա հարցին», – ասել է Սարգսյանը:
Քննարկման արդյունքում, ի վերջո, անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաuտանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը: «Եթե վաղը, մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչեւ հիմա էինք զարգանում` առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,-ընդգծել է Սարգսյանը։
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե լուրջ հետեւանքներ, ի դեմս ցնցումների, չեն լինի: «Իհարկե, Թուրքիայից կլինեն համապատասխան արձագանքներ, որ փորձ կարվի մեղադրելու ՀՀ-ին գործընթացը տապալելու մեջ: Բայց ինձ թվում է, որ միջազգային հանրության համար վաղուց արդեն պարզ էր, որ գործընթացը տապալվել է, եւ տապալման մեղքը Թուրքիայինն է: Բոլորը դա գիտակցում են, որովհետեւ, ըստ էության, Հայաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այդ արձանագրությունները կյանքի կոչվեն: Հայաստանը քայլեր ձեռնարկեց, Թուրքիայի համար դա ուղղակի տակտիկական, փիառական խնդիրներ լուծելու, օգուտներ քաղելու հարց էր: Ես ինչ-որ բան չեմ սպասում», – նշեց նա:
Թուրքագետի խոսքով` միեւնույն ժամանակ արձանագրությունների չեղարկումը չի կարող ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա, քանի որ դրանք ըստ էության չկան: «Թուրքիայի հասարակության համար ցնցում չի լինի, ոչ էլ պետական իշխանությունների: Իհարկե, ինչ-որ բան կմեկնաբանեն: Սա վաղուց ուշացած եւ լճացած պրոցես է», – եզրափակեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ- թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց. «Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:
Հ.Գ. Մինչ այդ արձանագրենք մեկ կարեւոր իրողություն. ի սկզբանե ակնհայտ էր, որ առանց ԼՂ խնդիրը կարգավորելու, հայ-թուրքական հարաբերությունները անհնար է բարելավել. որքան էլ խոսվի առանց նախապայմանների հայ-թուրքական երկխոսության մասին, միեւնույն է` այս երկու հարցերը կապված են իրար հետ: Այդ ամենը գիտակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն 2008-ի կեղծված ընտրություններից, մարտի 1-ից հետո միջազգային հանրությունից ինդուլգենցիա ստանալու եւ իր իշխանությունը լեգիտիմացնելու համար գնաց այդ քայլերին: Պարզվեց՝ բացարձակ անիմաստ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՏՆՕՐԵՆ ԿԸՆՏՐԵՆ
Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի ընտրության հարցը գյուղում մեծ լարվածություն է առաջացրել, կրքեր բորբոքել: Այդ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին` 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ. մի քանի ամիս եղել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2017թ. դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար` 4-ական ձայն: Օրենսդրության համաձայն` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն, եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: ՀՀ միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը 2018թ. հունվարի 8-ին մարզպետ Հ. Աբովյանին ուղարկված գրությամբ առաջարկել է Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն նշանակել այդ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանին, սակայն մարզպետը վերջինիս դպրոցի տնօրեն չի նշանակել: Մարզպետը փետրվարի 8-ին որոշել է մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը Անահիտ Ջուլհակյանին 2018թ. փետրվարի 9-ից նշանակել «ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ կնքել աշխատանքային պայմանագիր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանը հայտնեց, որ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը նշանակված է ապրիլի 6-ին:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՈՔՐԱՆՈՒՄ Է
Հայաստանի եւ Վրաստանի տարածքների սահմանազատումը չի ավարտվել: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը, որի հունը գարնանային վարարումներից հետո փոխվում է: Վրացիները ամեն տարի միջոցներ են ձեռնարկում` գետի վրացական ափը ամրացնելու համար: Վերջին տարիներին գետի հայկական ափում այդպիսի աշխատանքներ չեն իրականացվել: Վարարած Դեբեդը հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացված վրացական ափին` իր ողջ զորությունը «թափում» է, քանդում է գետի աջակողմյան, հայկական ափը, որի հետեւանքով ամեն տարի Հայաստանի տարածքը որոշակի չափով փոքրանում է: 2010թ. գարնանը վարարած Դեբեդը Դեբեդավան գյուղում քշել-տարել է 2.8 հեկտար տարածք, որից 7000 քառակուսի մետրը գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր: «Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ վերջին 3 տարում Դեբեդի ափերի ամրացում, ափապաշտպան կառույցների շինարարություն կամ նորոգում չի կատարվել: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները նույնիսկ ամենալուրջ հարցերի վերաբերյալ անգործության են մատնված:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԲՈՒԼԿԻ ԱՐԱՄԻ` ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳՐՊԱՆԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը ինչպես նախորդ տարիներին, ընթացիկ տարվա համար եւս տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել «Հանարդնախագիծ» ԲԲ ընկերության հետ: Արդեն մի քանի տարի է` ինչ այդ ընկերությունից կառավարությանն առընթեր մարմիններն իրենց գործունեության նպատակով տարածքներ են վարձակալում, ինչի համար պետբյուջեից հսկայական գումարներ են ծախսվում:

Տեղեկացնենք, որ նույն հասցեում գտնվող շենքում գրասենյակային տարածք վարձակալվել է ինչպես ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Երեւանի գործակալության, այնպես էլ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության համար: Այդ շենքում է գործում նաեւ ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պետական գույքի կառավարման վարչությունը այլ գերատեսչությունների համար ընկերությունից տարածքներ է վարձակալել, որի մեկ քմ-ն արժի 4934 դրամ: Մասնավորապես ընթացիկ տարվա համար ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի ղեկավարած կառույցը երեք պայմանագիր է կնքել վերոնշյալ ընկերության հետ: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 148 մլն 20 հազար դրամ: Դրանցից մեկ պայմանագրի արժեքը կազմել է 103 մլն 614 հազար դրամ. մեկ քմ-ն` 4934 դրամով, իսկ ամսական` 8 մլն 634 հազար 500 դրամ: Երկրորդ պայմանագրի արժեքը կազմում է 23 մլն 683 հազար 300 դրամ, իսկ երրորդը` 20 մլն 722 հազար 800 դրամ:
Երեւանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքը, որը գտնվում է կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության անմիջական հարեւանությամբ, հետաքրքիր պատմություն ունի. այն հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 1-ին: Դեռ այդ տարիներին ընկերության բաժնեմասի 48,67 տոկոսը տնօրինել է ՀՀ կառավարությունը` ի դեմս քաղաքաշինության նախարարության, իսկ 51,33 տոկոսը` «Հանարդնախագիծ ինստիտուտը»: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը պատկանում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին` Բուլկի Արամին: Հիշեցնենք, որ 2004 թվականին, երբ հիմնադրվեց «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, ապա երբ կառուցվեց վերը նշված 6-րդ հարկը, Արամ Հարությունյանը քաղաքաշինության նախարարն էր: Ի դեպ, ուսումնասիրելով կնքված պայմանագրերը` պարզ է դառնում, որ «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի տնօրենը Արայիկ Հարությունյանն է, ով ծնվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նշենք, որ Արամ Հարությունյանը նույնպես Եղվարդից է: Ահա Արամ Հարությունյանի` պետական գումարները գրպանելու տարբերակը. պետական շինությունները «սեփականաշնորհելը» ու դրանք տարբեր գերատեսչություններին վարձով տալը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս