«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում մամուլում հնարավոր ցրտահարության և վտանգների մասին է խոսվում: «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը Past.am–ի հետ զրույցում անդրադարձավ ցրտահարության հնարավորությանն ու մասնավորապես նշեց նաև այն առաջնահերթ աշխատանքները, որոնք կօգնեն գյուղացիներին հնարավորինս քիչ վնասներ կրել:
Հրաչ Բերբերյանը նախ շեշտեց, որ տարին, համեմատած նախորդ տարիների հետ, ցրտահարության վտանգի առումով ռիսկային է:
«Երկու վտանգ ունենք՝ առաջինը մարտյան ցրտերն են, որոնք շեշտակի վնաս կարող են հասցնել: Երկրորդն, իհարկե, ապրիլյան հնարավոր ցրտերն են: Եթե նշված երկու հանգամանքներից խուսափեցինք, ուրեմն՝ նորմալ բերք կունենանք: Եթե չխուսափեցինք, այդ պարագայում լուրջ վնասներ կունենանք: Համենայն դեպս, գյուղացին պետք է աչալուրջ լինի: Ծխակույտերը պետք է պատրաստ պահի, և այդ ծխի միջոցով փորձի մեղմել իրավիճակը: Սա է միակ պայքարի ձևը: Տարբեր բաներ են ասում, բայց ժողովուրդը հիմնականում գիտի ինչ անել: Ուղղակի տարին հավասարաչափ չի մտնում իր եղանակային պայմանների մեջ: Հարցը այն է, որ եղանակային տատանումներ ունենք, որոնք միշտ վտանգավոր են»,–մեզ հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը:
Ինչ վերաբերում է պետականորեն տարվող իրազեկման աշխատանքներին, մեր զրուցակիցը նկատեց. «Գյուղացին արդեն հոգնել է այդ ծառայություններից, որովհետև այդ խորհրդատվական ծառայություններն արդեն քանի տարի է գործում են, բայց գյուղացին այդպես էլ այդ ծառայությունների տեղը չգիտի: Ցանկացած գյուղում որ հարցնեք, կհասկանաք, որ տեղն էլ չգիտեն: Եթե գյուղացին գնա ու հասնի իրենց դուռը, միգուցե խորհուրդներ տան: Ինչ–որ մի բան փորձում են անել, բայց դրանք շատ ցածր էֆեկտիվություն ունեն: Ամենալավ խորհրդատվական ծառայությունը Հանրային հեռուստաընկերությամբ «Գյուղական ժամ» հաղորդման վերականգնումը կլինի: Չգիտեմ՝ ո՞ւմ է ծառայում Հ1–ը` «սպիտակցի հայկոների՞ն»: Վերջիվերջո հանրայինը պետք է գյուղատնտեսությանը վերաբերող նման հաղորդում ունենա: Նշված հաղորդումը վերականգնելն ու շաբաթական երկու–երեք օր այդ խորհրդատվական տեղեկատվությունը Հ1–ով ազգաբնակչությանը հասցնելը կարևոր փորձ կլիներ»:
Նա ընդգծեց, որ հատուկ գյուղատնտեսության համար այսօր նման ծառայություն չունենք:
«Շատ կարևոր է, որ, օրինակ, այս փուլում տեղեկացնեն, թե ինչպես պետք է այգեբացն իրականացնեն կամ հետագայում պարարտանյութն ինչպես օգտագործեն: Այս ամենը չկա: Ամենահամեստ ծախսերով կարելի էր այս խորհրդատվությունը նշված ձևով կազմակերպել: Այս նպատակի համար գումար կարելի է հատկացնել, թեև Հ1–ը՝ որպես բյուջեից ֆինանսավորվող կազմակերպություն, պարտավոր է դա կազմակերպել: Ոչ թե «սպիտակցի հայկոներին» ու պատահական և կասկածելի վարքով կանանց պետք է ցույց տա, այլ պետք է նման հաղորդում ցուցադրի, ինչը շատ կարևոր է գյուղացու համար»,–ասաց նա:
Հարցին, թե կա՞ն արդյոք բերքի առանձին տեսակներ, որոնք ռիսկային խմբում են, Հրաչ Բերբերյանը պատասխանեց. «Իհարկե: Առաջին հերթին ռիսկային է ծիրանը: Երկրորդը խաղողն է: Իհարկե, ծիրանի նման արագ չի վնասվի, բայց խաղողը ևս կարող է վնասվել, որի հետևանքով բերքի պակաս կունենանք: Առհասարակ վաղահաս պտուղները ռիսկային են»:
ՀԿ նախագահը նկատում է՝ ամեն դեպքում, գյուղատնտեսությունը Աստծո և բնության հետ առնչվող բնագավառ է:
«Ամռանը խոշոր եղջերավոր կենդանիների 60 հազար գլխի անկում ունեցանք: Փաստացի նաև 30 հազար կովի անկում ունենք, որը ազդել է նաև կաթնարտադրության վրա: Կաթնարտադրությունը 10 տոկոսով նվազել է: Ներկայացված թվերը ստույգ են՝ այս տարվա հունվարի 1–ի դրությամբ գրանցված ցուցանիշներն են: Ստեղծված իրավիճակի հիմնական դրդապատճառն էլ անասնակերի պակասն է եղել: Այս առումով իրավիճակը կկարգավորվի, բայց դրա համար երկուսից երեք տարի ժամանակ է պետք»,–եզրափակեց ՀԿ նախագահը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: