Նիկոլ Փաշինյանը միայնա՞կ է պայքարելու. համաձայնություն չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը մի քանի կուսակիցների հետ միասին Ազատության հրապարակում հանդիպում ունեցավ քաղաքացիների հետ՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելուն ուղղված հարցերին: Երեկ Ազատության հրապարակում ներկա չէին դաշինքի մաս կազմող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները: «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Արարատ Միրզոյանն այստեղ տարօրինակ ոչինչ չի տեսնում՝ նշելով, թե սա անհատապես Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է:

-Պարո՛ն Միրզոյան, ինչո՞ւ «Ելք» դաշինքի անդամներն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ Ազատության հրապարակում չեն:

-Բայց դա ինչ կապ ունի: Այսօր իր հանդիպումն էր քաղաքացիական ակտիվիստների հետ, որ առաջարկել են իրեն հանդիպել: Զուտ զանգվածային միջոցառում չէր հայտարարված, որ իր կողքին շատ մարդ լիներ:

-Իսկ ի՞նչ քննարկումներ են ընթանում դաշինքում, դրանք ի՞նչ փուլում են գտնվում:

-Գիտեք՝ երեկվանից այսօր բան չի փոխվել, մենք ունենք մեր համար սահմանած ժամկետ, դա մոտավորապես հաջորդ շաբաթն է: Եվ կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին կիմանաք պատասխանը, եւ, բնականաբար, կհրապարակվի:

-Հայտնի է, որ «Ելք» դաշինքում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարելու հարցում տարակարծություններ են առկա: Դուք ինչպիսի՞ պայքարի կողմնակից եք:

-Տեսեք, ընդհանրապես բազմակարծությունը «Ելք» դաշինքում եւ այդ դաշինքի անդամ առանձին վերցրած կուսակցություններում միշտ կա՝ ամենատարբեր հարցերում: Շատ քիչ դեպքեր կարող եմ հիշել, երբ որ միանգամից բոլորը միակարծիք են: Միշտ լինում են փաստարկներ, հակափաստարկներ, գնահատվում են ռիսկերը, մանավանդ այսպիսի լուրջ հարցերի դեպքում, ինչպիսին փողոցային շարժում սկսելն է: Հիմա իմ մասով կարող եմ ասել, որ ես չեմ կարող ինքս ինձ հետ ներդաշնակ լինել, եթե նաեւ փողոցային պայքարի ճանապարհով չփորձենք ձեւավորել ժողովրդի կամարտահայտություն, որը կկանխի Սերժ Սարգսյանի վարչապետ լինելը:՛

-Հնարավո՞ր համարում եք, որ այդ տարակարծություններն ավելի լուրջ հետեւանքի հանդիպեն, ընդհուպ դաշինքի փլուզման:

-Մենք բազմիցս ֆիքսել ու հայտարարել ենք, որ «Ելք»-ում կա կոնսենսուս այն մասին, որ երրորդ ժամկետն անընդունելի է: Հիմա այստեղ դա կանխելուն ուղղված քայլերի մեթոդական քայլերի շուրջ կան որոշակի տարակարծություններ, որոնք քննարկում ենք: Շատ հնարավոր է, որ հասնենք կոնսենսուսի, կամ եթե չհասնենք նույնիսկ կոնսենսուսի, այդ ժամանակ կերեւա: Ես այս պահին հիմք չեմ տեսնում «Ելք» դաշինքի փլուզման համար:

-Այս դեպքում փողոցային պայքարին դեմ է «Լուսավոր Հայաստանը»՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի: Հնարավո՞ր համարում եք մյուս երկու ուժով այդպիսի պայքար սկսելը:

-Հնարավոր տարբերակ եմ համարում: Ինքս, ճիշտն ասած, չեմ ուզում մտածել այդ մասին: Ես կարող եմ ասել, որ դեպքերի հարյուր տոկոսը եղել է կոնսենսուս, ինչքան էլ որ շատ այլ հակառակ կարծիքներ են եղել: Կարծում եմ՝ այս անգամ էլ կհաջողվի կոնսենսուսի հասնել: Բայց նաեւ սարսափելի բան չեմ տեսնում, եթե դաշինքի անդամ կուսակցություններից ինչ-որ մեկը կամ երկուսը որոշեն ինչ-որ գործողություն անել, որը չլինի երրորդի սրտով:

-Այսինքն՝ միայնակ պայքար կլինի՞:

-Թեկուզ: Ես դրանից չեմ բխեցնում «Ելք»-ի փլուզման ինչ-որ հավանականություն: Որովհետեւ արժեքների, գաղափարների, նպատակների առումով էական հարցերի շուրջ մենք ունենք կոնսենսուս, ինչպես ունեցել ենք նախկինում:

-Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկության շուրջ աղմուկը կարծես մարել է: Դիմելո՞ւ եք իրավապահ մարմիններին:

-Դեռ չէ, բայց դիմելու ենք: Պետք է լինի հետաքննություն, ուզում ենք հետամուտ լինել:

-ՀՀԿ-ականները մեկնաբանում են, թե գտել եք ձեր խմբակցության «դավաճաններին» եւ այդ պատճառով էլ լռում եք:

-Ես կասեի, որ շատ-շատ շտապել են ՀՀԿ-ականները եզրակացնել: Ես ուզում եմ ընդգծել, որ իսկապես մենք մեր ներսում չունենք որեւէ քննարկում եւ կասկած մեկս մյուսի նկատմամբ: Բոլորը դեմ են քվեարկել եւ բոլորը բոլորին վստահում են:

Հ.Գ. Քաղաքացիների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը եւս չբացառեց, որ համաձայնության չգալու դեպքում ՔՊ-ն կարող է միայնակ պայքար սկսել: ««Ելք» դաշինքը երեք քաղաքական ուժերից է կազմված, ես հույս ունեմ, որ կգանք համատեղ որոշման, եթե չգանք, ուժերից յուրաքանչյուրն իր համար որոշում կկայացնի», – նշել է նա:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս