Արթուր Օսիկյանի անգործությունն ու 308 միլիոնը. ուշագրավ մանրամասներ «Նուբարաշենի» կոյուղագծերի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ՀՀԿ-ական ավագանու անդամները` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, կին չէին ծեծի, եթե ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը ՀՀ կառավարությանը չհաճոյանար: «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել վարչության անգործության եւ ներքին խմորումների մասին:

Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից

Տարիներ շարունակ էրեբունի վարչական շրջանի բնակիչները բողոքում էին «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի կոյուղաջրերի անսարքությունից, ինչի հետեւանքով իրենք գարշահոտություն էին շնչում: Երբ դանակը հասավ ոսկորին, բնակիչները փակեցին քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Սակայն, հիշում եք, այսքանով ամեն ինչ չավարտվեց:

Փետրվարի 13-ին ավագանու «Երկիր Ծիրան»-ի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը գարշահոտությամբ լցված տարան փոձեց մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ինչից էլ սկսվեց մարտեր առանց կանոններ հիշեցնող ծեծկռտուքը: Արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչությունում քննություն է ընթանում` ծեծի եւ խուլիգանության հատկանիշներով: Այս միջադեպից հետո հասկանալի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը, մեղմ ասած, կապ չունի կոյուղաջրերի կարգավորման հետ եւ խնդրի լուծման հիմնական պատասխանատուն ՀՀ արդարադատության նախարարությունն է` ի դեմս քրեակատարողական վարչության:

Վարչության նախկին պետն ու միլիոնները

Իսկ ինչով էր զբաղված քրեակատարողական վարչությունը այս տարիներին, որ չէր լուծում կոյուղաջրերի խնդիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2017 թվականին ՀՀ կառավարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար 40 միլիոն դրամ գումար է հատկացրել: Փոխարենը ՔԿ վարչությունը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կոյուղաջրերի կարգավորմանը ուղղված որեւէ քայլ չի կատարել եւ այդ տրամադրած գումարը հետ է փոխանցել ՀՀ կառավարությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ վարչության նորանշանակ պետ Ռաֆայել Հովհաննիսյանից պարզել, թե 2017 թվականին ՀՀ կառավարությունը ԱՆ ՔԿ վարչությանը գումար հատկացրե՞լ է` «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար, եթե այո, ապա որքա՞ն գումար է հատկացվել, եւ վարչությունը ի՞նչ հաշվետվություն է ներկայացրել կատարած աշխատանքի մասով:

Ավելին` մեր գրավոր հարցման մեջ Ռաֆայել Հովհաննիսյանին խնդրել էինք մեկնաբանել` արդյո՞ք 2017 թվականին ՀՀ կառավարությունը «Նուբարաշեն» ՔԿՀ կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար 40 միլիոն դրամ գումար է հատկացրել, որը սակայն ծախսվելու փոխարեն ետ է ուղարկվել:

Ի պատասխան մեր հարցման` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ֆինանսական բաժնի պետ Ա. Հարությունյանը հայտնել էր. «2017 թվականին ՀՀ պետական բյուջեից «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար գումար չի հատկացվել: Եվ վերջ»:

Անգործությունն ու 308 միլիոնը

Նկատենք, որ չնայած վարչությունը հերքում է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին քրեակատարողական վարչությունում ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարների շուրջ խմորումներից լուրջ մանրամասներ են հայտնի դարձել:

Բանն այն է, որ 2017 թվականին քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը խնայողությունների անվան տակ 308 միլիոն դրամ գումար է հետ վերադարձրել պետբյուջե: Վարչության աշխատակիցները Արթուր Օսիկյանի հետ լեզվակռիվ են ունեցել, թե որքանով է ճիշտ, որ վարչության ենթակայության տակ գտնվող հիմնարկներում կան բազաթիվ խնդիրներ, սակայն խնդիրներին լուծում չի տրվում, իրենք անգործության են մատնված, եւ վարչության պետը հատկացված գումարը հետ է վերադարձնում պետբյուջե:

Բարձրացված հարցը մնացել է օդից կախված, եւ վարչության աշխատակիցներին չի հաջողվել որեւէ բան փոխել:

Օսիկյանը պարզաբանում է

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ԱՆ ՔԿՎ նախկին պետ Արթուր Օսիկյանին: «Ո՞վ է Ձեզ նման բան ասել: Դուք կարող եք դիմել վարչություն, իրենք էլ կարող են պատասխանել, բայց Ձեզ կարճ ասեմ, որ խնդիրը երկու մասից է բաղկացած եղել: Նախորդ տարի պարզ դարձավ, որ բացի Նուբարաշեն տարածքից դուրս` ներսում նույնպես անելիքներ կան, արդյունքում նման խնդիրները կարգավորելու համար աշխատանքը բաժանվեց երկու մասի, նախ` սկզբում նախահաշվային աշխատանքների գծով փաստաթղթեր են մշակվում, ինչի հետ կապված, եթե չեմ սխալվում, անցած տարի` սեպտեմբերին, հայտարարվեց մրցույթ, որ աշխատանքներ կատարվեն, պարզվեց, որ այդտեղ նման աշխատանքներ հնարավոր է կատարել, եւ, ի վերջո, ինչքան գումար պետք է ծախսվի:

Այդ աշխատանքները արվել են, ամփոփվել է եւ ներկայացվել է վարչություն, եւ երկրորդ քայլը` կոնկրետ ինչ պետք է արվի, եւ ինչքան գումար է պետք ծախսվի այս տարվա ընթացքում, պետք է արվեր: Կրկնում եմ` Նուբարաշենի մասով նախորդ տարի մի փուլը ավարտվել էր, իսկ երկրորդ փուլը` թե ինչքան գումար պետք է նախատեսվեր, կարող եք դիմել վարչություն, Ձեզ կպատասխանեն, այսքանը»,- ասել է նա: Մեր հարցին, թե ՔԿԲ-ում Ձեզ հետ արդյո՞ք վիճել են` 308 միլիոն դրամը որպես խնայողություն ետ ուղարկելու համար, նա նշել է. «Դրանք խնայողություններ են, որոնք մշտապես նախորդ տարիներին եղել են, իսկ ցանկացած խնդրի լուծման համար դա ինքնանպատակ գումար չի ծախսվում, դրա համար համապատասխան հիմնավորումներ են ներկայացվում, զեկուցագրեր են գրվում, ինչը որ անհրաժեշտ է գտվել այդ պահին, արվել է»:

Խնդրի կարգավորման արժեքը

Ի վերջո, ինչպե՞ս է լուծվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղաջրերի խնդիրը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՔԿ վարչությունը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղաջրերի կարգավորման համար մրցույթ է հայտարարել, դեռեւս հայտնի չէ, թե որ ընկերությունը կհաղթի հայտարարված մրցույթի արդյունքում, սակայն մինչ այդ վարչությունը կոյուղաջրերի կարգավորման նախահաշիվ է կազմել, թե որքան գումար է անհրաժեշտ, որ ՀՀ կառավարությունը հատկացնի վարչությանը, եւ, ահա, անհրաժեշտ գումարի չափը կազմում է 40 միլիոն դրամ: Ստացվում է` ՔԿ վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանը հնարավորություն է ունեցել 308 միլիոն դրամը պետբյուջե չվերադարձնել եւ դրա փոխարեն խնդիրը լուծել, սակայն ոչինչ չի արել: Դե, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին չի փորձել խնդրի լուծմանը միջամտել եւ ավագանու հայտնի նիստում «Երկիր Ծիրանիի» անդամների ձեռքին կոյուղաջրերով լի տարաները տեսնելով` ըստ էության, վախից սադրեց ու հրահրեց ողջ ծեծկռտուքը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս