«Ես ինքս իմ գնահատականը գիտեմ». ինչ են անելու Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ին դատական համակարգը ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: ԲԴԽ անդամ են ընտրվել Վճռաբեկ դատարանից դատավոր Ռուզաննա Հակոբյան` 3 տարով, Վերաքննիչ քրեական դատարանից` դատավոր Սերգեյ Չիչոյանը` 5 տարով, առաջին ատյանի դատարանից` Շիրակի մարզ` Արմեն Խաչատրյանը` 3 տարով, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից` դատավորներ Արմեն Բեկթաշյանը եւ Անի Մխիթարյանը` 5-ական տարով: «Ժողովուրդ» օրաթերթը ԲԴԽ անդամներից հետաքրքրվեց, թե նրանք ինչ են անելու, որ դատական համակարգը անկախ լինի, եւ, առհասարակ, որ արժանիքի համար նրանք ընտրվեցին կարեւոր այդ կառույցի անդամ:

-Պարո՛ն Չիչոյան, ի՞նչ եք անելու` որպես ԲԴԽ անդամ, որ դատական համակարգը անկախ լինի, ի վերջո, գաղտնիք չէ, որ հրահանգի դեպքում ինչպես ասեն, այդպես էլ լինելու է:

-Բոլորը սխալ են մտածում. նման հրահանգ չկա, դատական համակարգը ոչ մի հրահանգ չունի որեւէ տեղից:

-Այսինքն` եթե հիմա Սերժ Սարգսյանը հրահանգ տա, Բարձրագույն դատական խորհուրդը չի կատարելո՞ւ:

-Ես չեմ կարծում, որ վարչապետը կամ նախագահը նման հրահանգ հնչեցնեն դատական համակարգին:

-Ի վերջո, հասարակությունը վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, ի՞նչ հրաշք է գործելու բարձրագույն դատական խորհուրդը, որ մինչ այդ չունեինք:

-Հրաշք չի լինում, այդ հրաշքը աշխատանքով են ցույց տալիս, աշխատանքի ընթացքը ցույց կտա:

-19 դատավորի մեջ 5 տեղի համար կռիվ էր գնում, Ըստ Ձեզ` ո՞ր արժանիքի համար դատավորները Ձեզ ձայն տվեցին:

-Այդ հարցը ճիշտ կլինի իրենց տաք:

-Իսկ Դուք Ձեր արժանիքները չգիտե՞ք, որ ուրիշները պետք է տան:

-Ես ինքս իմ գնահատականը գիտեմ, դա իմ մեջ կմնա:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյան

-Պարո՛ն Խաչատրյան, ո՞ր արժանիքի համար Ձեզ ընտրեցին:

-Կներեք, ես շատ զբաղված եմ:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյան

-Տիկի՛ն Հակաբյան, ի՞նչ եք անելու, որ դատական համակարգը անկախ լինի, ի վերջո, հասարակությանը հայտնի է, որ միեւնույն է` հրահանգ կլինի, եւ դատավորները անկախ չեն որոշում կայացնելուց առաջ:

-Հասարակության մեջ կարծիքները, բնականաբար, կլինեն, ամեն մեկը կարող է իր կածիքը ունենալ, բայց համոզված եմ, որ կա այն կարծիքը, որ մեր դատավորները շատ անկախ են եւ իրականացնում են արդարացի դատական ակտեր: Բայց որպես ԲԴԽ անդամ` շատ բան ունենք անելու, եւ ես իմ լիազորությունները, որոնք սահմանված են օրենքով, ջանք ու եռադ չեմ խնայի, որ այն պատշաճ իրականացնեմ, որպեսզի հասարակության այն խավը, որը դատական համակարգի մասին այլ պատկերացում ունի, ի սպառ վերանա:

-Վճռաբեկ դատարանից 4 դատավոր էր պայքարում, Ձեր ո՞ր արժանիքի համար ընտրեցին:

-Այդ հարցը պետք է ուղղեք ընտրողներին, քանի որ չգիտեմ` ընտրելիս ով ինչ չափորոշիչներով է առաջնորդվել, բայց անձամբ կարող եմ ասել` իմ անցած ուղին, իմ անցած տարիները, իմ մասնագիտական որակները ավելի քան բավարար են, որ ես կարողանամ դատական իշխանությանը պատշաճ ներկայացնեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս