Armenian text to speach

Ինչո՞ւ են պատգամավորները թոշակ ստանալու կռիվ տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Ազգային ժողովը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Միայն թե, չնայած նախագիծն ընդունվեց իշխող կուսակցության ջանքերով, ՀՀԿ-ական պատգամավորներից շատերի մոտ այն մեծ զայրույթ էր առաջացրել:

Նշենք, որ հարցի քննարկման հարակից զեկուցողը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էր` Թունելի Հակոբը: Նա հայտարարեց, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, ովքեր կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: Միաժամանակ նկատելով, որ առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ծերակույտ չդարձնել պետական ապարատը։ Հակոբյանի` ծերակույտ բառը խիստ զայրացրեց «Ծառուկյան» խմբակցության 69-ամյա պատգամավոր Վարդան Բոստանջյանին, ով վրդովված նետեց. «Իրավունք չունեք պետական բյուջեում փողի քիչ լինելը հիմք ընդունելով` թոշակառու պաշտոնյաներին փող չտալ»: Ապա ՀՀԿ-ական գործընկերոջը հորդորեց զերծ մնալ ծերակույտ եւ նման ձեւակերպումներից: Նաեւ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էր դժգոհել, թե այս քայլով սահմանափակվում է պետական պաշտոնյայի` կենսաթոշակ ստանալու իրավունքը: Արդեն ավելի ուշ նրանց մեջ բանավեճ էր տեղի ունեցել խորհրդարանի միջանցքում:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ երկու ՀՀԿ-ականների պատգամավորների բանավեճը շարունակվեց դահլիճից դուրս: Նրանք դահլիճից միասին դուրս եկան եւ մինչեւ աշխատասենյակ բարձր ձայներով քննարկեցին օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկու պատգամավորների այս խոսակցությունը մի քանի օր տեւել է: Ի վերջո, Հակոբ Հակոբյանը գործընկերոջը խոստացել է առաջինից երկրորդ ընթերցում օրինագծում փոփոխություններ անել: Արդյո՞ք այդ խոստացված փոփոխությունները Խոսրով Հարությունյանի սրտով կլինեն, ցույց կտա ժամանակը:

Բայց մինչ այդ նշենք, որ 70-ամյա Խոսրով Հարությունյանը, ով արդեն թոշակառու է եւ ստանում է բավական բարձր կենսաթոշակ, չի բացառվում, որ հանրային ծառայող դառնալու թաքուն հույսեր է փայփայում: Հավանաբար սա է պատճառը, որ նա այդպես բուռն ընդունեց օրինագիծը:

Ինքը` Խոսրով Հարությունյանը, օրինագծին իր դեմ լինելը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Կենսաթոշակի իրավունքը սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում` այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպեսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետեւաբար որեւէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել: Ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որ չպետք է սահմանափակել»:

Ստացվում է, որ եթե որեւէ նախկին նախարար վարչապետի կամ նախագահի մոտ որպես խորհրդական աշխատի, ապա դա համարվում է հանրային ծառայություն, այսինքն` պետական մարմիններում գործունեություն: Եւ եթե այս օրինագիծը կյանքի կոչվի, ապա այդ նույն նախկին նախարարը, հանրային ծառայություն իրականացնելու հետ մեկտեղ, պարզապես կենսաթոշակ չի ստանա: Բայց եթե այդ նույն նախկին նախարարը բանկում աշխատի, ապա նա ե՛ւ բանկից կստանա աշխատավարձ, ե՛ւ պետական բյուջեից կենսաթոշակ:

Իսկ մեր օրերում նման պաշտոնյաները բազմաթիվ են: Չէ՞ որ նախկինում այդ տենդենցը կար Սերժ Սարգսյանի մոտ, երբ որեւէ առանցքային պաշտոնյա պաշտոնանկ էր արվում, նա անմիջապես նշանակվում էր նախագահի կամ վարչապետի խորհրդական: Այսպես` նախագահի խորհրդականներ Վարդան Խաչատրյանը, ով ֆինանսների նախկին նախարար է եղել, պաշտպանության նախկին նախարար Միիքայել Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ով վերջերս նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական: Նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, ով այժմ զբաղեցնում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի խորհրդականի պաշտոնը: Բացի այս` նման պաշտոնյաների թվում է նաեւ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Ղուլարյանը, ով նախկինում զբաղեցնում էր Տավուշի մարզպետի պաշտոնը: Վարչապետի խորհրդականների թվում են նաեւ ՀՀ նախկին պետնախարար, Էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը եւ այլք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս