Սերժ Սարգսյանը Հայաստանը կվերածի Չինաստանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում` կապված պետության մայր օրենքի փոփոխության հետ: Իշխող ուժը որոշել է վերանայել Չինաստանի Սահմանադրությունը` գործող նախագահ Սի Ծինպինի համար իր պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորություն ստեղծելով: Երկու ժամկետի սահմանադրական արգելքի վերացման պարագայում Ծինպինը թերեւս կդառնա Չինաստանի ցմահ առաջնորդը` իր համար տեղ ապահովելով «չինական հրաշքի հայրերի» շարքում:

Չինաստանի կոմկուսն իր վերջին համագումարում որոշում էր կայացրել պետության Սահմանադրության մեջ ամրագրել Սի Ծինպինի ուսմունքը` վերջինս դասելով մարքսիզմ-լենինիզմի ու Մաո Ցզեդունի ուսմունքների կողքին, որոնք չինական պետության ու հասարակության անկյունաքարն են: Եվ ահա այսօր Ծինպինը հավասարեցվում է Մաո Ցզեդունին, Դեն Սյաոպինին ու Չինաստանի մյուս երեւելիներին` պարզորոշ ցուցադրելով, որ Չինաստանի նախագահը պատրաստվում է պահպանել իր դիրքերը: Սակայն եթե նախկինում հիմնավոր կասկած կար, որ Ծինպինը կնախընտրի կուսակցության ղեկավարի պաշտոնը` առանց պետության իրավական հիմքերին դիպչելու, ապա այսօր արդեն հստակ է, որ նա Սահմանադրությունը պատրաստվում է կարկատել սեփական ճաշակով:

Այս ամիս նախատեսվում է, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությունը Չինաստանի Ազգային ժողովում կվավերացվի` թույլատրելով Չինաստանի նախագահին ու վարչապետին առաջադրվել նույն պաշտոնի համար անսահմանափակ քանակությամբ: 5-ամյա երկու ժամկետի արգելքը, ըստ այդմ, վերացվելու է` կանաչ ճանապարհ հարթելով գործող նախագահի համար: Վերջինս, փաստորեն, պատրաստվում է խախտել նախորդ 20 տարիների ձեւավորված ավանդույթը, երբ նույն անձը երկու անգամից ավելի չի առաջադրվել նախագահի պաշտոնում: Նման զարգացման առաջին նախանշանն այն էր, որ Ծինպինը երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելիս չներկայացրեց իր հավանական ժառանգորդին: Սա լրջագույն հիմք էր տվել արեւմտյան վերլուծաբաններին եզրակացնելու, որ Ծինպինը հեշտությամբ հեռացողը չէ եւ ամեն ինչ անելու է` իշխանության ղեկին մնալու համար:

Սակայն Ծինպինը թերեւս կարող էր մնալ կուսակցության գլխավոր քարտուղար` արարողակարգային նախագահությունը թողնելով մեկ այլ գործչի: Ի վերջո, չինական կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ կրկնում է Խորհրդային Միության մոդելը, որտեղ կուսակցության առաջին քարտուղարը կենտրոնացրել է ամբողջ իշխանությունն իր ձեռքում եւ ամենեւին էլ պարտադիր չէ, որ կրի Սահմանադրությամբ վերապահված գործադիր իշխանության պարտականությունները: Այսժամ կրկին հիշատակվում էր Դեն Սյաոպինի ստեղծած համակարգը, որը հեռացել էր կառավարման բարձրագույն պաշտոններից, մինչդեռ մինչեւ 1997թ. իր մահը հանդիսանում էր պետության իրական առաջնորդը կուսակցության ղեկավարումն իրականացնելու միջոցով:
Սի Ծինպինը հետեւողականորեն հեռացրել է իր քաղաքական հակառակորդներին` ասպարեզում մնալով իբրեւ «անփոխարինելի»:

Իր նախորդին` Հու Ջինթաուին, նա հաջողությամբ մեկուսացրեց քաղաքական կյանքից: Վերջինս իր պաշտոնաթողությունից հետո գրեթե հանրային միջոցառումներում չի երեւացել, իսկ նրա կողմնակիցները քանիցս մեղադրվել են կոռուպցիոն գործերով: Հակակոռուպցիոն պայքարի անվան տակ դաշտը մաքրելով քաղաքական մրցակիցներին` այժմ Ծինպինը հանդես է գալիս իբրեւ Չինաստանի առաջնորդ, առանց որի պետությունն ապագա չունի, արեւը այլեւս չի երեւա երկնակամարում, իսկ Չինաստանի զարգացումը հօդս կցնդի: Ահա նման քարոզ է տարվում է այդ երկրում` ստեղծելու Ծինպինի լեգենդը: Սակայն Չինաստանի նախագահը ցուցաբերում է դասական բռնապետական հակումներ` թելադրված Երկրորդ աշխարհամարտից հետո չինական հասարակության ձեւավորման առանձնահատկություններից: Հիմք ընդունելով նախորդ որոշ առաջնորդների ցմահ կառավարման ավանդույթները` Ծինպինը այսօր նույնպիսի պատմություն է փորձում կերտել անձամբ իր համար:

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Թրամփը մեծապես ոգեւորվել էր Ծինպինի այս քաղաքականությամբ` իր թվիթերյան էջում գովեստներ շռայլելով նախագահական ժամկետը վերացնելու առթիվ: Սակայն Թրամփը ուժեղ հակահարված ստացավ ամերիկյան մտավորականության կողմից` թերեւս հասկանալով, որ մտքի ծայրով իսկ չանցկացնի ԱՄՆ-ի գլխին նույնպիսի պատուհաս բերելու մասին: Ի տարբերություն արեւմտյան ժողովրդավարությունների` Հայաստանը կարծես բռնել է արեւելյան բռնատիրությունների ուղին, ինչի վերջնական հաստատումը կլինի Սերժ Սարգսյանի վարչապետությունը:

ՀՀԿ-ականների շուրթերից չիջնող «անփոխարինելի», «արեգակ», «ճաճանչափայլ» եւ բարոյական մարդու արժանապատվությունը ոտնահարող նմանատիպ այլ քծնախառը մակդիրների ուղեկցությամբ նախագահությունից վարչապետության անցնելով` Սերժ Սարգսյանը անխուսափելիորեն կհարվածի Հայաստանի միջազգային հեղինակությանը եւ ուղղակիորեն հավասարության նշան կդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Իսկ չէ՞ որ 2014թ. նա համոզված էր, որ մեկ անձը երկու անգամից ավելի չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին: Բայց ինքը, այնուամենայնիվ, շարունակելու է պաշտոնավարել` դե, իհարկե, կուսակցության որոշմանը անսալով:

Ն. Հովսեփյան




Լրահոս